ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է ՊՆ նոր նախագծին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեմ է ՊՆ նոր նախագծին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ նոր նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։ «Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք պատասխանատվություն չեն կրել։ Մեր համոզմամբ՝ այս փոփոխությունների նպատակն իրականում բանակի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է, որի արդյունքում բանակը չի կարողանալու լինել քաղաքականապես չեզոք և հանրային վերահսկողության տակ գտնվող մարմնի կարգավիճակում։ Եվ ըստ այդմ, դրա արդյունավետությունը երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ է դրված։ Իսկ այժմ ներկայացվել է մի նոր նախագիծ, որով փողի դիմաց ժամկետային զինծառայողները կարող են ազատվել ծառայությունից։ Սա սահմանադրական իրավունքի, կյանքի իրավունքի և սոցիալական արդարության ոտնահարում է, և այն խորացնելու է երկրում սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը։ Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացումը։ Սա հանգեցնելու է նրան, որ մեր երկրում կյանքի արժեքը և իրավունքը բոլորի համար չէ, և դրա իրավունք ունի միայն հարուստը, իսկ աղքատը պետք է մեռնի հարուստի համար։Սա հանգեցնելու է արտագաղթի, քանի որ մարդիկ երկրից հեռանում են ոչ միայն սոցիալական վատ վիճակից, այլ նաև անարդարության մթնոլորտից։ Երկարաժամկետ կտրվածքում առաջանալու է, որոշակի պրոֆեսիոնալ զինվորական մաս, որը կտրված լինելով ժողովրդական վերահսկողությունից, հիմք է դնելու ռազմական հեղաշրջումների և տարատեսակ, կասկածելի քաղաքական վերահսկումների։ Քաղաքացու Որոշում կուսակցությունը դեմ է արտահայտվում այս նախագծին։ Մենք գտնում ենք, որ Քաղաքացու Որոշում կուսակցության կողմից մինչ այդ առաջարկված ժողովրդական բանակի ձևավորման սկզբունքները, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի ու բնակավայր պետք է պատրաստ լինի և կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը, լավագույնս են արտահայտում մեր երկրի անվտանգության շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
10:04 - 26 օգոստոսի, 2022
ՊՆ նոր նախագիծը խաթարում է Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը․ «Հանուն Հանրապետության»

ՊՆ նոր նախագիծը խաթարում է Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը․ «Հանուն Հանրապետության»

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ նոր նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։ «ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է նախաձեռնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի համաձայն նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։ Այս նախագիծը խաթարում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը, այն հակասում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականության սահմանադրական փիլիսոփայությանը։   Օրենքի նման փոփոխությունները, ըստ էության, երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտականությունից ազատվելու պսևդոօրինական հնարավորություն է, ինչն էլ լեգալացնում է զինվորական ծառայությունից խուսափելու կոռուպցիոն դսևորումները։   Նախագիծն ինքնին, քաղաքացիների սոցիալապես աղքատ խավի նկատմամբ խտրականության վառ արտահայտություն է։ Այն չի պատասխանում այն բազմաթիվ հարցերին, որոնք առկա են զինված ուժերում։   Կառավարության պաշտոնական հիմնավորումներն էլ իրենց հերթին չեն բխում երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրներից։   Նախագիծը որևէ ռազմավարական խնդիր չի լուծելու, այն առաջացնելու է նոր խնդիրներ, որոնք խորացնելու են առանց այդ էլ երկրում գոյություն ունեցող սոցիալական անարդարությունը և սոցիալական շերտերի միջև բեևռացվածությունը։   Այսպիսի նախագծի շրջանառումն ինքնին խորը կասկածներ է առաջացնում ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների և համաշխարհային արդյունավետ բանակային կառուցվածքների վերաբերյալ պատասխանատու այրերի ամբողջական կոմպետենտության և կարողությունների վերաբերյալ։   Քառասունչորսօրյա պատերազմը և դեռևս ընթացող գլոբալ մակընթացությունները լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցրել մեր երկիրը, պետական և պաշտպանական կառույցները։ Շրջանառության մեջ դրված սույն նախագիծը, մեր գնահատմամբ, քաղաքական, հասարակական և սոցիալական օբյեկտիվ լարվածություն կարող է առաջացնել։   Հայաստանի և հայկական ժողովրդավարության հիմնարար կարիքները, տարածաշրջանում խաղաղության հռչակված օրակարգի բացարձակ առաջնահերթությունը, իշխանության կողմից հրատապ քաղաքական որոշումներ ընդունելու կարիք են զգում, իսկ Հայաստանում բանակի զարգացման խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ:   Ստանդարտ պատկերացումները պետք է մերժել ի բնե։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ է դիտարկել համատեքստը՝ աշխարհաքաղաքական ընթացող իրողությունները և փոփոխությունները, որոնք գալու են փլուզումից հետո և որտեղ կարևոր և ծանրակշիռ դեր պետք է ունենան Հայաստանի զինված ուժերը։   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում Կառավարությանը հրաժարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից և զերծ մնալ այս խիստ վտանգավոր և հանրային բարքերն այլասերող նախաձեռնությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
09:57 - 26 օգոստոսի, 2022
Կառավարությունը ցայսօր չի փոխհատուցել պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված բեռնատարների համար 
 |azatutyun.am|

Կառավարությունը ցայսօր չի փոխհատուցել պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված բեռնատարների համար |azatutyun.am|

azatutyun.am: Վարուժան Սարգսյանը արդեն երկու տարի է՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղից Երևան է գալիս՝ Պաշտպանության նախարարություն ու ձեռնունայն հեռանում։ Նախարարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ վերցրել էր գյուղացու Урал-ը, որով նա ընտանիքի ապրուստն էր վաստակում։ «Երկու ամիս անցավ, մի հատ էլ գրել տվին, էլի նույն բանը, էլի հանձնաժողով պիտի ստեղծենք, մինչև հիմա հանձնաժողով են ստեղծում: Մեզ կոնկրետ բան չեն ասում, խաբում են ամեն անգամ: Գնացինք Պաշտպանության նախարարություն, դիմում գրեցինք, ասին` դիմում գրեք, տվեք, մենք ձեր դիմումի պատասխանը կտանք: Դիմումը գրեցինք, տվեցինք, էնդտեղից փոշտն էլ գցել ենք, էն դիմումը գնաց ու գնաց, չերևաց», - Ազատությանը» պատմեց նա` շարունակելով. «Մեքենան վայենկոմատից կանչել են, տարել են, ես էլ հետներն եմ գնացել, ես էլ եմ մասնակից եղել էնդեղ»: Պաշտպանության նախարարությունը միայն մեքենան էր պահանջել, բայց 61-ամյա Սարգսյանը որոշել է ինքն էլ գնալ պատերազմ։ Առաջնագծում՝ ռազմական գործողությունների ժամանակ, անձամբ է տեսել՝ ինչպես է սեփական մեքենան խոցվում ադրբեջանական կրակից. «Մենք սնարյադ էինք կրում, մատակարարում էինք սնարյադ, վերջում սնարյադները մնացին վերջ, որ պիտի նորից տեղափոխեինք, էդ վախտ արդեն խփեցին սնարյադը մեջը»: Թեև պաշտպանության ու ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքներով կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ռազմական դրության ժամանակ քաղաքացիներից ներգրավված տրանսպորտային միջոցների կորուստը, սակայն Վարուժան Սարգսյանի դիմումները այդպես էլ չեն բավարարվել։ Բոլոր փաստաթղթերը հավաքել է, պատճեններն ուղարկել կառավարություն: «Թղթերը, որ էնդտեղից ուղարկել են մեզ ավտոյի մոմենտով, որ մենք ներկայացնենք, որ ավտոն տրաքել է, որ մենք հանձնենք այնտեղ` Պաշտպանության նախարարություն, սաղ թղթերը կան էստեղ», - ցույց տալով թղթերն ասաց նա: Ինչո՞ւ են Սարգսյանի դիմումները մինչ օրս անպատասխան՝ «Ազատությունը» այս հարցով դեռ անցած շաբաթ դիմել է Պաշտպանության նախարարություն։ Մինչ այժմ չեն պատասխանել։ Անցած շաբաթ «Ազատության» եթերում տարածքային կառավարման նախարարն ասել էր, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջիկայում պետք է գույքագրի ու գնահատի պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված մեքենաները՝ փոխհատուցում տրամադրելու համար։ Թե կոնկրետ երբ, և ինչու դա չի արվել անցած երկու տարիներին, նախարարը չէր հստակեցրել։ «Իսկապես բավականին երկար տևեց, որը օբյեկտիվ դժգոհություն է բերել մեր օգտատիրոջ և այլ հայրենակիցների մոտ, բայց պետք է ասել, որ վերջապես գործընթացն ընթացքի մեջ է` մենք արդեն մեկ կառավարության որոշում ունեցել ենք, եթե թիվը ճիշտ եմ հիշում` 27 կամ 29 մեքենա արդեն ընդգրկվել է այդ ցանկի մեջ, և փոխհատուցման գործընթացը կլինի, որից հետո մյուսները», - տեղեկացրել էր նախարար Սանոսյանը: Առաջին խմբով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, փոխհատուցում է ստացել 17 հոգի։ Ինչպե՞ս են ընտրվել հենց այս անձինք՝ հստակ չէ։ Փաստ է, սակայն, որ կառավարությունը որոշել է առաջին հերթին փոխհատուցում տրամադրել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Ավանի աղի կոմբինատին ու մի քանի այլ ընկերությունների։ Ընդհանուր առմամբ, 17 մեքենաների համար կառավարությունը հատկացրել է 31.1 միլիոն դրամ։ Վարուժան Սարգսյանի բազմաթիվ դիմումները, սակայն, մնացել են անարձագանք։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում    
17:10 - 25 օգոստոսի, 2022
Կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով. ՊՆ-ն նոր նախագիծ է շրջանառել

 |armenpress.am|

Կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով. ՊՆ-ն նոր նախագիծ է շրջանառել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: Նշվում է, որ գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ ՊՆ-ի  հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (5 մլն դրամ չափով): «Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:
12:50 - 24 օգոստոսի, 2022
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև  Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:  Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և  քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ:
18:02 - 16 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հանդիպմանը Շոյգուն նշել է․ «Մենք ունենք քննարկելու հարցեր, դրանց շարքում կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ։ Իհարկե, կան նաև հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջև դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք նախկինի պես համոզված ենք, ինչպես և դուք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է»,- ասել է նա։ Շոյգուն շնորհակալություն է հայտնել «Բանակ 2022» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի բացմանը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար։ Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ օգոստոսի 16-ի  հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական գործընկերային երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակը։ «Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերակատարումը»,- ասել է Պապիկյանը։
14:07 - 16 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը

Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:59 - 15 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և համոզմունք հայտնել, որ ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման: Հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը: Պաշտպանության նախարարը կարևորել է  թեման և առաջարկել, որ մասնագիտական նման քննարկումները պարբերական դառնան:      
19:07 - 10 օգոստոսի, 2022