ՊՆ նոր նախագիծը խաթարում է Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը․ «Հանուն Հանրապետության»
09:57 - 26 օգոստոսի, 2022

ՊՆ նոր նախագիծը խաթարում է Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը․ «Հանուն Հանրապետության»

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՊՆ նոր նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։

«ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է նախաձեռնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի համաձայն նախատեսվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով։
Այս նախագիծը խաթարում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետության էությունը, այն հակասում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականության սահմանադրական փիլիսոփայությանը։
 
Օրենքի նման փոփոխությունները, ըստ էության, երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտականությունից ազատվելու պսևդոօրինական հնարավորություն է, ինչն էլ լեգալացնում է զինվորական ծառայությունից խուսափելու կոռուպցիոն դսևորումները։
 
Նախագիծն ինքնին, քաղաքացիների սոցիալապես աղքատ խավի նկատմամբ խտրականության վառ արտահայտություն է։ Այն չի պատասխանում այն բազմաթիվ հարցերին, որոնք առկա են զինված ուժերում։
 
Կառավարության պաշտոնական հիմնավորումներն էլ իրենց հերթին չեն բխում երկրի առաջ ծառացած անվտանգային խնդիրներից։
 
Նախագիծը որևէ ռազմավարական խնդիր չի լուծելու, այն առաջացնելու է նոր խնդիրներ, որոնք խորացնելու են առանց այդ էլ երկրում գոյություն ունեցող սոցիալական անարդարությունը և սոցիալական շերտերի միջև բեևռացվածությունը։
 
Այսպիսի նախագծի շրջանառումն ինքնին խորը կասկածներ է առաջացնում ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների և համաշխարհային արդյունավետ բանակային կառուցվածքների վերաբերյալ պատասխանատու այրերի ամբողջական կոմպետենտության և կարողությունների վերաբերյալ։
 
Քառասունչորսօրյա պատերազմը և դեռևս ընթացող գլոբալ մակընթացությունները լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցրել մեր երկիրը, պետական և պաշտպանական կառույցները։
Շրջանառության մեջ դրված սույն նախագիծը, մեր գնահատմամբ, քաղաքական, հասարակական և սոցիալական օբյեկտիվ լարվածություն կարող է առաջացնել։
 
Հայաստանի և հայկական ժողովրդավարության հիմնարար կարիքները, տարածաշրջանում խաղաղության հռչակված օրակարգի բացարձակ առաջնահերթությունը, իշխանության կողմից հրատապ քաղաքական որոշումներ ընդունելու կարիք են զգում, իսկ Հայաստանում բանակի զարգացման խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ:
 
Ստանդարտ պատկերացումները պետք է մերժել ի բնե։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ է դիտարկել համատեքստը՝ աշխարհաքաղաքական ընթացող իրողությունները և փոփոխությունները, որոնք գալու են փլուզումից հետո և որտեղ կարևոր և ծանրակշիռ դեր պետք է ունենան Հայաստանի զինված ուժերը։
 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում Կառավարությանը հրաժարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից և զերծ մնալ այս խիստ վտանգավոր և հանրային բարքերն այլասերող նախաձեռնությունից»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել