Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Այս տարվա հունվարից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։ Infocom-ն այս փոփոխությունից հետո պարզել էր, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ընդամենը 19%-ում կան բանկոմատներ։ Ստացվում է, որ բնակավայրերի 81%-ում թոշակառուներն իրենց կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն չունեն։   Փոփոխություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը կատարվեց ոչ միանգամից․ 2021-ին համակարգը ներդրվեց քաղաքներում, այս տարի՝ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024-ից կներդրվի ողջ Հանրապետությունում։ Համակարգը փուլ առ փուլ ներդնելու պատճառներից մեկը բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրն էր։ Հաշվի առնելով այս ամենը՝ համակարգի ներդրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր են առաջանում․ Կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու որոշումը կայացնելիս  ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ), իրականացրե՞լ է որևէ հետազոտություն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության առումով։ 2023-ի հունվարից առաջ, երբ համակարգը պիտի ներդրվեր 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում, նմանատիպ հետազոտություն իրականացվե՞լ է հենց այդ բնակավայրերի համար։ Ի՞նչ քայլեր է իրականացրել/իրականացնում ԱՍՀՆ-ն, որ ՀՀ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերն ապահովված լինեն բանկային ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ բանկոմատներով։ Ի՞նչ քայլեր է իրականացնում ԱՍՀՆ-ն 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը բանկոմատներով ապահովելու ուղղությամբ (2024-ից կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը ներդրվելու է նաև այդ բնակավայրերում, և դրանցից ընդամենը 1-2-ում բանկոմատ կա)։ ԱՍՀՆ-ն ունի՞ տվյալներ, թե ինչպես են իրենց կենսաթոշակները կանխիկացնում այն բնակավայրերի բնակիչները, որտեղ կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ, իսկ բանկոմատներ չկան։ Մենք հարցում էինք ուղարկել ԱՍՀՆ՝ այնտեղ ներառելով այս բոլոր հարցերը, սակայն հարցերից ոչ մեկին ըստ էության պատասխան չէինք ստացել։ «ՀՀ բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության, բանկոմատներով ու POS տերմինալներով ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, ուստի առաջարկում ենք դիմել Կենտրոնական բանկ»,- ասվում էր նախարարության պատասխանում։   Անկանխիկ գործարքներ․ լուծո՞ւմ Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկոմատներ, թոշակառուների համար լուծում կարող է լինել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորությունը։ 2022-ի հուլիսից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով տնտեսվարողները պարտավորվում են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն ապահովել։ Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ Infocom-ին փոխանցած տվյալների՝ 2022թ. դեկտեմբերի 29-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղական բնակավայրերում* առկա է առնվազն մեկ POS տերմինալ, որի միջոցով հնարավոր է անկանխիկ գործարքներ իրականացնել: Սակայն մի բան է բնակավայրերում POS տերմինալների առկայությունը, մեկ այլ բան է հետևելը, որ դրանք իսկապես գործեն։ Այստեղ հատկապես կարևոր են այն բնակավայրերը, որտեղ կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն չկա, և թոշակառուները մնում են միայն անկանխիկ գործարքներ իրականացնելու հույսին։ Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չկա, նրանք պիտի հասնեն այլ բնակավայրեր՝ բանկոմատներից ու POS տերմինալներից օգտվելու համար։ ԱՍՀՆ ուղարկած հարցմամբ մենք նաև խնդրել էինք հայտնել՝ կա՞ որևէ ուսումնասիրություն, կամ ինչ-որ գերատեսչությունից (օրինակ՝ ՊԵԿ-ից) ստացվե՞լ են տվյալներ, թե ադրյո՞ք գյուղերում փաստացի հնարավոր է անկանխիկ գործարքներ կատարել։ Այս հարցին ևս սպառիչ պատասխան չէինք ստացել։ «Նախարարությունը սերտ համագործակցում է ԿԲ հետ՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներդնելու ուղղությամբ: Իր հերթին, վերջինս, համագործակցելով պետական մարմինների հետ, միջոցներ է ձեռնարկում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջներն համապատասխան, տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունումն ապահովելու՝ POS տերմինալներ տրամադրելու, տեխնիկական խնդիրները կարգավորելու համար»:   Պատասխանատու գերատեսչությունն ասում է՝ ես պատասխանատու չեմ Այս պատասխանից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ՝ արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ բանկոմատներ չկան, բնակիչներն ապահովված են գոնե անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորությամբ։ Ուստի մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելուց առաջ իրավիճակի վերլուծություն իրականացրել է, Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Նախարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, քանի որ այս համակարգը պետք չէ դիտարկել առանձին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումներից։ Ճիշտ է, մենք կենսաթոշակների անկանխիկ վճարումների համակարգը ներդրել ենք 2021 թ․ հուլիսի 1-ից, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը  2022-ին կիրառության մեջ մտավ, այնուհանդերձ կարծես թե անուղղակիորեն երկուսը հետապնդում են մեկ նպատակ՝ հնարավորինս մեծացնել անկանխիկ գործառնությունների ծավալը ՀՀ-ում։ Նաև տնտեսական էֆեկտները թե՛ բնակչության, և՛ ընդհանուր տնտեսության վրա կարելի է քննարկել մասնագետների հետ միջազգային փորձի առումով, հաշվի առնել, որ դա տնտեսությունների համար լավագույն տարբերակն է, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ևս»։  Անահիտ Գալստյանը հիշեցնում է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Նրա խոսքով կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին անցնելու շուրջ մտահոգությունների մի մասը զուտ հոգեբանական և սովորութային է․ «Կենսաթոշակառուները թերևս գուցե ավելի սովոր են կանխիկ գործողություններ կատարել, քան անկանխիկ։ Չնայած արդեն իսկ նոր նշանակվող կենսաթոշակառուներն ունեն թե՛ քարտով աշխատավարձ ստանալու ավանդույթը, թե՛ ավելի ակտիվ են բանկային համակարգի հետ համագործակցում՝ վարկեր, ավանդներ և այլն։ Այնպես որ, այստեղ սովորութային գործոնի ազդեցությունը քիչ կլինի։ Մի քիչ տարիքով մեծ կենսաթոշակառուների մոտ կարող է այդ խնդիրը լինել, բայց նույն սովորույթն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ունակությունները հաշվի առնելով՝ օրենքով սահմանափակում ենք դրել, որ 75-ից բարձր տարիքի թոշակառուները կարող են կանխիկ և անկանխիկ եղանակով ստանալ կենսաթոշակը․ այսինքն՝ թող կենսաթոշակառուն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կանխիկ, թե՞ չի ուզում»։  Հավելենք, որ կենսաթոշակն իրենց ընտրությամբ կանխիկ եղանակով կարող են ստանալ նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Անահիտ Գալստյանը, սակայն, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է վերահսկվում POS տերմինալների աշխատանքը, և արդյո՞ք կարող ենք պնդել, որ եթե որևէ բնակավայրում առկա է POS տերմինալ, նշանակում է՝ այնտեղ կենսաթոշակառուները կարող են անկանխիկ գործարքներ իրականացնել։  Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով նման վերահսկողություն իրականացնելն ԱՍՀՆ իրավասությունը չէ։ Մի կողմից, տնտեսվարողների այս կամ այն գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելն, իսկապես,  ԱՍՀՆ-ի պարտականությունը չէ, բայց մյուս կողմից էլ նախարարության իրավասության տիրույթում են կենսաթոշակառուների խնդիրները։ Այս դիտարկմանը Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Ամբողջ հարցն այն է, որ, այո՛, այս պահին մենք խոսում ենք կենսաթոշակառուների մասին, բայց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կիրառելի է ոչ միայն կենսաթոշակառուների, այլև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների և գործարքներ կատարող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Հարցի շրջանակը մի քիչ ավելի լայն է։ ․․․․ Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ԿԲ-ն պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում, ոչ թե «Պետական կենսաթոշակների»։ Եվ այս պարագայում մենք, կարծես թե, դառնում ենք իրենց այդ գործողություններից օգտվողները»։    ՊԵԿ-ը նույնպես պատասխանատու չէ Հաշվի առնելով, որ ԱՍՀՆ-ն ո՛չ վերահսկում է, ո՛չ էլ տեղեկություններ ունի այն մասին, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են առկա POS տերմինալները գործում, մենք հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․  ՊԵԿ-ն ունի՞ մեխանիզմներ՝ ստուգելու կամ վերահսկելու, թե արդյո՞ք 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում տնտեսվարողների մոտ առկա են POS տերմինալներ, և արդյո՞ք դրանք փաստացի գործում են։ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի քանի՞ տոկոսում POS տերմինալներ կան, բայց դրանք չեն աշխատում։ ՊԵԿ-ից, ի պատասխան, նշել են հետևյալը․ «Հարկային մարմնի կողմից հարկային հսկողությունը նախաձեռնվում և իրականացվում է նպատակաուղղված՝ դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են՝ անկախ բնակավայրից և այդ բնակավայրի բնակիչների քանակից»: Ստացվում է, որ ՊԵԿ-ն էլ որևէ կերպ չի ստուգում, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են բնակիչներն ապահովված անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։ Մեկ այլ խնդիր են 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրարը։ Անահիտ Գալստյանը նշում է՝ համաձայն ԿԲ փոխանցած տվյալների՝ 2022-ի վերջի դրությամբ 1000-ից պակաս բնակիչ ունեցող որոշ բնակավայրերում կան տնտեսվարողներ, որոնք չունեն POS տերմինալներ։  «Առջևում դեռ ունենք 10-11 ամիս, ԿԲ-ն և պետական մարմինները, որոնք իրավասու են POS տերմինալներ տրամադրելու գործընթացն իրականացնել, այդ ուղղությամբ աշխատում են, և հուսանք, որ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- ասում է Անահիտ Գալստյանը։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Դատելով պատասխանատու գերատեսչությունների պատասխաններից՝ կարող ենք եզրակացնել հետևյալը ԱՍՀՆ-ն չի տիրապետում բնակավայրերի՝ բանկոմատներով ապահովված լինելու մասին տվյալների, մինչդեռ կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելը փուլերով իրականացվեց նաև բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդրի պատճառով։ Բանկոմատների բացակայության խնդիրը կարող է լուծել POS տերմինալների առկայությունը, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ մի գերատեսչություն կոնկրետ POS տերմինալների մասով վերահսկողություն չի իրականացնում։ Մի կողմից, ԱՍՀՆ-ն տվյալներ չունի, թե արդյո՞ք գյուղական բոլոր բնակավայրերում առկա POS տերմինալներն են գործում, և նշում է, որ դա ստուգելն իր պարտականությունը չէ։ Մյուս կողմից, ԱՍՀՆ-ն խոսում է անկանխիկ գործարքները խթանելու մասին, որը ևս իր պարտականությունը չէ։ ՊԵԿ-ն էլ նշում է, որ ստուգումներ է իրականացնում առավել ռիսկային տեղերում՝ անկախ բնակավայրից ու բնակչության թվից։ Այսպիսով, ոչ մի գերատեսչություն չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պիտի անի թոշակառուն, որի բնակավայրում ո՛չ բանկոմատ կա, ո՛չ աշխատող POS տերմինալ։ Եվ վերջում․ անգամ եթե գյուղում չկա բանկոմատ, բայց կա գործող POS տերմինալ, հարց է առաջանում, թե ինչ պիտի անի թոշակառուն, եթե իրեն անհրաժեշտ է իրականացնել որևէ կանխիկ գործարք։ *Նախորդ նյութում ներառել ենք ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերը, այդ պատճառով այնտեղ կտեսնեք ոչ թե 406, այլ 456 թիվը։ Մանրամասները՝ նյութում։   Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի Աննա Սահակյան
17:08 - 23 մարտի, 2023
ԱՍՀՆ-ն 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

ԱՍՀՆ-ն 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ լսողական և ձայնաստեղծ սարքերի, ստորին և վերին վերջույթների, կրծքագեղձի պրոթեզների, ձեռնափայտերի, քայլակների, հենակների, անվասայլակների և աջակցող այլ միջոցների տրամադրման գործընթացը շարունակվում է։   Պետական հավաստագրի հիման վրա ԱՍՀ նախարարությունը 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրվել է 3770 աջակցող միջոց։   Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։     Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։     Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):
19:02 - 11 մարտի, 2023
Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։   Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։   Ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։ Վերջինս հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։
10:48 - 10 մարտի, 2023
ՀՀ ԱՍՀ նախարարն ու չեխ գործընկերը պայմանավորվել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցել

ՀՀ ԱՍՀ նախարարն ու չեխ գործընկերը պայմանավորվել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցել

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեցկայի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության, ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետների ներուժի օգտագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման, անկանխիկ գործարքների խրախուսման և այլնի մասին: Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում շուրջ մեկ տարի գործող անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագիրը։ Փոխվարչապետ Մարիան Յուրեցկան հետաքրքրվել է ծրագրի մանրամասներով և պատրաստակամություն հայտնել կազմակերպել այց Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ ծրագրին և փոխանակվել փորձառությամբ։ Մարիան Յուրեցկան իր հերթին ներկայացրել է Չեխիայում սոցիալապես խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված և համայնքային սոցիալական ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների տեսակները, մանրամասնել խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցել՝ փորձի փոխանակման, մասնագետների այցերի, փոխըմբռնման հուշագրի ստորագրման ձևաչափով։
17:46 - 07 մարտի, 2023
Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄԷ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունից, բարեգործական արշավի վերջին կանգառն Արագածոտնի մարզում էր, որտեղ փետրվարի 27-ին մարդասիրական օժանդակություն է տրամադրվել Աշտարակ համայնքի շուրջ 200 ընտանիքի։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում շուրջ 1350 անապահով ընտանիքների տրամադրվել են ձմեռային վերմակներ ու էլեկտրական տաքացուցիչ սարքեր։ Նախագիծը կրում է ամենամյա բնույթ և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
16:31 - 27 փետրվարի, 2023
Քննարկվել է Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Քննարկվել է Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։   Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է գործընկերոջը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների դերը։ Վստահ ենք, որ մեր նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կշարունակենք համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ելնելով մեր երկրների և ժողովուրդների լավագույն շահերից»։     Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի խոսքով՝ երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն․ «Անչափ ուրախ ենք, որ հարևան և բարեկամ երկիր այցելելու առիթ ընձեռվեց։ ԻԻՀ կառավարության քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է հարևան պետությունների, մասնավորապես՝ ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը։ Ուստի, անչափ կարևորում ենք երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունն ունի մեծ ռեսուրսներ և պատրաստակամ է լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։ Միաժամանակ, պատրաստակամ ենք նաև մեր երկրի ներուժն ու հնարավորությունները ներդնել, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն լինի»։   Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։     Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի 13.000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։   Հանդիպման ընթացքում նախարար Մորթազավին հետաքրքրվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։   Նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։   Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը․ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։   Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։  
13:28 - 27 փետրվարի, 2023
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։   Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։   Միաժամանակ տեղեկացնում են, որ նյարդահոգեբանական տուն–ինտերնատը, որտեղ այս պահին խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը․ խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։   Աշխատակցիները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ աշխատակիցներ մասնակցում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի և գործընկերների ձերբակալման դեմ բողոքի ակցիաներին՝ ոչ իրենց հերթապահության օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին․ այսինքն այն ընթացքում, երբ ազատ են տնօրինել իրենց ժամանակը։   Նախարարությունը կշարունակի համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ հաղորդում էր ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ըստ քննչական կոմիտեի՝ տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց: Ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և 3 աշխատակիցներ։
18:32 - 19 փետրվարի, 2023
ԱՍՀ նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ

ԱՍՀ նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգությունների առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։  Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։ Այսպիսով, հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։
16:43 - 16 փետրվարի, 2023
Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները: Առաջարկներ են ներկայացվել բյուջետային միջոցների առավել արդյունավետ ծախսման և շահառուների համար մրցակցային գներով աջակցող միջոց ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները: Նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը: Բարձրացված խնդիրներ Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը: Հանձնաժողովի մշակած առաջարկներ Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ: Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը: Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար:
17:51 - 13 փետրվարի, 2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծը փետրվարի 9-ին արժանացել է Կառավարության հավանությանը։   Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։   
13:30 - 09 փետրվարի, 2023
Լայնածավալ փոփոխություններ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ 266 հոդվածից նախատեսվում է փոփոխել 122-ը

Լայնածավալ փոփոխություններ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ 266 հոդվածից նախատեսվում է փոփոխել 122-ը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։ աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ: աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք: առաջարկվում է վերանայել նաև աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում աշխատողը խախտել է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին կանոնները, որի հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև, երբ աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը: հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ  նվազեցնելու իր աշխատաժամանակը, վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը։ Մասնավորապես, հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը և նախատեսվել, որ բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տևողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ այդ ընդմիջումների տևողությունը պայմանավորելով միայն երեխայի տարիքով, այլ ոչ թե նաև երեխային կերակրելու հանգամանքով։ Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաև երեխայի տարիքային շեմը մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան։ նախատեսվում են կարգավորումներ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերի, աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի, աշխատանքային հարաբերություններում բռնության կամ ոտնձգության հասկացության սահմանման, ինչպես նաև  իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների վերաբերյալ։
13:19 - 30 հունվարի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։ Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նրանք առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։ Նախագծի ներկայացուցիչներին նախարարությունում հունվարի 24-ին ընդունել է նախարար Մկրտչյանը։ Ներկայացնելով խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը Հայաստանում ֆիլմի հեռարձակումը խնամատարության ինստիտուտի վրա քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու ևս մեկ հնարավորություն է համարել։     «Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, խնամատար ծնողների կարողությունների հզորացման ուղղությամբ։ Ուրախ կլինենք ուսումնասիրել նաև Չինաստանի լավագույն փորձը կամ մեթոդները, որոնք առավել կհեշտացնեն խնամատար ընտանիքներում երեխաներին խնամք և դաստիարակություն տրամադրելու գործընթացը»,- նշել է նախարարը։ «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը, որի հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների՝ խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է։ Վերջիններս նաև մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել իրենց փորձով։ Նախագծի ներկայացուցիչները այցելել են նաև Երևանի մանկան տուն, ծանոթացել երեխաներին մատուցվող խնամքի ծառայություններին, շփվել երեխաների հետ։
17:58 - 24 հունվարի, 2023
Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Այս տարվա հունվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով․ բնակիչներն այսուհետ կենսաթոշակները ստանալու են ոչ թե «Հայփոստի» բաժանմունքներից, այլ իրենց բանկային քարտերով։ Բացառություն են այդ բնակավայրերի 75 տարեկանը լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում 1000 և ավելի բնակիչ ունի 456 բնակավայր, սակայն այդ բնակավայրերից բանկոմատ կա ընդամենը 88-ում։ Սա նշանակում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի միայն 19%-ում բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն ունեն։ Իսկ բնակավայրերի մոտ 81%-ում բանկոմատ չկա, և բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու համար պետք է հասնեն այլ բնակավայրեր։   Ինչպե՞ս է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է 12 բանկերի հետ, որոնք տրամադրում են կենսաթոշակային քարտեր։ Այս բանկերից 1-ը՝ «Արցախբանկը», բանկոմատներ ունի միայն մայրաքաղաք Երևանում։ Մնացած բանկերը բանկոմատներ ունեն նաև մարզերում, սակայն մեծամասամբ՝ քաղաքներում։  Եթե բնակիչները չեն ընտրում, թե որ բանկն է իրենց կենսաթոշակային քարտ  տրամադրելու, այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ համակարգի միջոցով, իսկ անհամաձայնություն ունենալու դեպքում բնակիչները կարող են փոխել իրենց բանկը։ Եթե նրանք կենսաթոշակը կանխիկացնեն ոչ թե իրենց քարտ տրամադրած բանկից, այլ նախարարության հետ համագործկցող որևէ այլ բանկի բանկոմատից, ապա նրանցից կգանձվի կենսաթոշակի 0,5-2%-ի չափով սպասարկման վճար (վճարի չափը կախված է յուրաքանչյուր բանկի սահմանած սակագնից)։   Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը Դեռ 2019-ին գործադիրը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունների արդյունքում «կապահովվի վճարումների հասցեականությունը, և էապես կնվազեն առկա ռիսկերը»։ Փոփոխությունը, սակայն, չիրականացվեց միանգամից՝ «հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը»։ 2021-ից համակարգը ներդրվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2022-ին՝ այլ քաղաքներում, իսկ այս տարվանից համակարգը գործում է 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ 2024-ից կենսաթոշակներն անկանխիկ կվճարվեն արդեն Հայաստանի բոլոր բնակավայրերում։ 2022-ի հուլիսից էլ կառավարությունն իրականացնում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Դրան զուգահեռ՝ 2022-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարում իրականացնելու հնարավորություն։ Կարգավորումը չի տարածվում միայն կրպակների վրա։ Եթե այս փոփոխությունը կարելի է անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորության հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ քայլ համարել, քանի որ գյուղերի բնակիչները տեսականորեն կարող են անկանխիկ առևտուր անել, ապա բանկային ենթակառուցվածքների հարցը մնում է չլուծված։   Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Մենք փորձեցինք հասկանալ, թե 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից քանիսում գոնե 1 բանկոմատ կա, որով բնակիչները կարող են կենսաթոշակը կանխիկացնել։ Հայաստանի բնակավայրերի ցանկն՝ ըստ բնակիչների թվի, 2020-ի որոշմամբ հաստատել է կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցնելիս առջնորդվել է հենց այդ ցանկով։ Սակայն ցանկը 2020-ից հետո չի թարմացվել, և այժմ պատկերը մի փոքր այլ է։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի 2022-ի տվյալների՝ այս ցանկում կան բնակավայրեր, որոնք նախկինում 1000 և ավելի բնակիչ ունեին, իսկ հիմա չունեն, և հակառակը։ Հաշվի առնելով այսպիսի փոփոխությունները՝ մենք, կառավարության հաստատած ցանկում ներառված բնակավայրերից բացի, դիտարկել ենք ևս 8 բնակավայր, որոնք, ըստ Վիճկոմի, ունեն 1000 և ավելի բնակիչ։ Այս 8 բնակավայրերում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգն այս տարի չի ներդրվի, սակայն 2024-ից այնտեղ էլ կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ, քանի որ 2024-ից համակարգը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Բանկոմատների մասին տվյալները վերցվել են առանձին բանկերի կայքերում հրապարակված ցանկերից։ Դիտարկվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բոլոր այն բանկերը, որոնք ունեն մասնաճյուղեր և տրամադրում են բանկային քարտեր. ընդհանուր առմամբ՝ 15 բանկ։ Այդ բանկերից 12-ը տրամադրում են կենսաթոշակային քարտեր, 3-ը՝ ոչ։ Կենսաթոշակային քարտեր չտրամադրող բանկերը դիտարկվել են, քանի որ այլ բանկերի բանկոմատների բացակայության դեպքում դրանք կարող են կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն լինել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող 456 բնակավայրից միայն 88-ում կա բանկոմատ։ Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն բնակավայրերը, որտեղ գոնե 1 բանկոմատ է առկա, կարմիրով՝ այն բնակավայրերը, որտեղ բանկոմատ չկա, մոխրագույնով` այն բնակավայրերը, որտեղ բանկոմատներ կան, սակայն բնակիչներին ոչ հասանելի վայրերում, կամ որտեղ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը դեռ չի ներդրվել։ Յուրաքանչյուր բնակավայրի նկարագրության մեջ կարող եք գտնել մանրամասներ առկա բանկոմատների թվի և այլնի մասին։ Այն դեպքերում, երբ որևէ բնակավայրում չկա բանկոմատ, բնակիչները կարող են կենսաթոշակը ստանալ մոտակա բնակավայրերի բանկոմատներից։ Սակայն դա լրացուցիչ դժվարություն և ֆինանսական ծախս է առաջացնում կենսաթոշակառուների համար։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, օրինակ, բանկոմատ չկա։ Մոտակա բանկոմատն Արարատ քաղաքում է, որը հեռու է մոտ 42 կմ։ Իսկ, օրինակ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մինչև մոտակա բանոկմատ՝ Մեծամոր, 20 կմ է։ Այսպիսով, չնայած կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու մասին նախագծում նշվում էր բանկային ենթակառուցվածքների բացակայության խնդիրը, և փոփոխությունը նաև այդ պատճառով իրականացվեց փուլերով, տվյալները ցույց են տալիս, որ բանկային ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն բնակավայրերի մոտ 81%-ում, որտեղ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։   Աննա Սահակյան, Կատյա Մամյան    
16:16 - 18 հունվարի, 2023
Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան

Քաղաքացին 2022թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ ինքը մանկատան նախկին սան է և չունի որևէ սեփականություն: Անձի տեղեկացմամբ ինքը եղել է մանկատան սան, որից հետո իր կամքին հակառակ, տեղափոխվել է հատուկ դաստիարակչական դպրոց: Կրթություն ստանալուց հետո աշխատելիս անձն ապրել է վարձակալությամբ։ Նրա պնդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժել է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ իր դիմումներն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում Կառավարության 2019թ.-ի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված մանկատան շրջանավարտ: Քաղաքացին դիմել է Պաշտպանին իր իրավունքների պաշտպանության ապահովման և իրեն բնակարան տրամադրելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել նախարարությունից, որին ի պատասխան մի քանի անգամ տրվել են տարբեր պատասխաններ։ Նշվել է, որ տվյալ անձը չի հանդիսանում հայաստանյան մանկատան շրջանավարտ կամ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն չի ստացել, հետևաբար վերը նշված ծրագրով սահմանված կարգով բնակարանի գնման վկայագիր ստանալ չի կարող։ Բողոքի ուսումնասիրության ընթացքում նախարարության կողմից բարձրացվել է հարցը, որ անձի՝ մանկատանը մնալու ընթացքում դեռևս ՀՀ-ն որպես պետություն չի եղել, եղել է ՀԽՍՀՄ: Բողոքի քննարկման ընթացքում՝ աշխատանքային կարգով պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանի ներկայացուցչի և նախարարության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում անձին տրամադրվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք։ Անձը որոշ ժամանակ անց կարողացել է գնել բնակարան։
17:54 - 13 հունվարի, 2023