Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի

 |factor.am|

«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի |factor.am|

factor.am: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։ Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ «Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», – ասաց Լեո Դոքերթին։ Պետնախարարն ասաց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։ «Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», – նշեց Լեո Դոքերթին։
17:27 - 22 մայիսի, 2023
Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վաշինգտոնում որոշակի որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության»,- նշեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` ամենաբարդ և խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են։ Նախարարը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է պետական սահմանի սահմանազատման հարցում որոշակիությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
17:21 - 22 մայիսի, 2023
Տարածքային պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում․ զորակոչային և գործառնական համեմատական տարբերությունները. Նարեկ Ներսիսյան

Տարածքային պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում․ զորակոչային և գործառնական համեմատական տարբերությունները. Նարեկ Ներսիսյան

ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հանդիսանալով կոլեկտիվ պաշտպանության մաս, առանձին-առանձին սկսել են ավելի ուշադրություն դարձնել զորակոչային համակարգին՝ այն վստահելով հանրության լայն շերտերին և դրանց արտապատվիրման հաշվին թեթևացնելով անվտանգային ոլորտում պետության բեռը։ Սակայն դա չի նշանակում, որ անվտանգային խնդիրները որակական առումով տուժում են, հակառակը՝ հանրության լայն ներգրավվածությունը ավելի արդյունավետ է դարձնում զինված ուժերի համալրումը և անվտանգային այլ բաղադրիչներ։ Այս համատեքստում մենք կդիտարկենք Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Լեհաստանի զորակոչային համակարգերը և վերջին տարիններին մեծ քայլերով զարգացող տարածքային պաշտպանությունը, ստորաբաժանումները և գործառույթները համեմատության մեջ։ Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը ենթադրում է պահեստազորի երեք տեսակներ՝ զինվորական, տարածքային և ընդհանուր: Զինվորական պահեստազորը նախատեսված է կանոնավոր բանակի ստորաբաժանումները արհեստավարժ պահեստազորայիններով համալրելու համար: Ընդհանուր պահեստազորը ներառում է ռազմական մասնագիտություններ ունեցող բոլոր զինապարտներին: Գերմանիայի տարածքային պաշտպանության և աջակցության ուժերը ստեղծվել են 2012-2013 թվականներին: Դրանք նախատեսված են Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերը) զորամասերին լրացուցիչ առաջադրանքներով փոխարինելու համար։ Տարածքային պաշտպանության ուժերը ենթարկվում են դաշնային հողերին և «Հայրենիքի պաշտպանության» գումարտակների իրավահաջորդներն են:  Տարածքային պաշտպանության ուժերի ստորաբաժանումների առաջադրանքները հետևյալն են.  ռազմական օբյեկտների ենթակառուցվածքների պահպանություն,  հասարակական կարգի պահպանում և ներքին անվտանգություն, Գերմանիայի ներսում ահաբեկչության դեմ պայքար, որոնողական և փրկարարական աշխատանքներ, աղետների հետևանքների վերացման գործողություններ, ճգնաժամային կառավարման գործողություններ, պետական սահմանի պահպանությանը մասնակցություն և պաշտպանությանը տարածքի օպերատիվ նախապատրաստման ինժեներատեխնիկական աշխատանքներին աջակցություն: Խաղաղ ժամանակ պահեստազորը կազմված է տարածքային հրամանատարության վարչական Հողերում գտնվող տարածքային պաշտպանության 30  վաշտերից: Յուրաքանչյուր դաշնային Հողում այդ վաշտերի քանակը տարբեր է և տատանվում է 1-ից մինչև 7-ը (Բավարիա): Տարածքային պաշտպանության և պահպանության վաշտերը կարող են կազմված լինել 3-4 պարեկային ջոկատներց և կազմում են մինչև 100-130 զինծառայող: Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմնական գործառույթները  պահպանվում են և չեն ենթադրում ռազմական գործողություններին մասնակցություն։ Բրիտանական պահեստազորային համակարգը Բրիտանական պահեստազորային համակարգը «Պահեստային ուժերի մասին» 1996 թ.-ի օրենքի համաձայն կազմված է հետևյալ տեսակներից՝ կամավորական, կանոնավոր և պայմանագրային։ Մեզ հետաքրքրում է տարածքային պաշտպանությունը, որը կամավորական պահեստազորն է և կազմված է ցամաքային զորքերի՝ ինչպես մարտական, այնպես էլ օժանդակ զորամասերից: Խաղաղ ժամանակ դրանք ունեն մշտական անձնակազմ՝ ուսումնական վարժանքների և վարչական գործառույթների կազմակերպումն ապահովելու համար, ինչպես նաև պահեստազորից բաղկացած ոչ մշտական կազմ: Յուրաքանչյուր ուսումնական կենտրոն ունի 1-2 տարածքային զորամաս՝ դասակից մինչև գումարտակի չափով: Խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության բանակը համալրված է 5-10%-ով։ Կամավորների գործառույթներն են.  բրիտանական բանակում զորահավաքային տեղակայման համար անձնակազմի վարժանք և ուսումնական հավաքներ, վերապատրաստված կադրերով կանոնավոր զորամասերի համալրում, մարտական գործողությունների ընթացքում կրած կորուստների լրացում, արտակարգ իրավիճակներում քաղաքացիական կազմակերպությունների աջակցություն, բրիտանական զինված ուժերում ծառայության խթանում:  Բրիտանական տարածքային պաշտպանությունը բաղկացած է նաև արձագանքման ցածր պատրաստվածության լրացուցիչ պահեսատզորից՝ կոմսություններում տեղաբնակների տեղակայման սկզբունքով։ Յուրաքանչյուր կոմսությունում առկա է 500 մարդուց կազմված կամավորական խումբ: Լեհաստանի պաշտպանության ուժերը Ի տարբերություն Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերը գործառույթների առումով առաջադրանքների ավելի լայն շրջանակ ունեն: Լեհական տարածքային պաշտպանության հիմնական զորամասը կազմված է բրիգադից և գումարտակից, որը իր հերթին բաղկացած է թեթև հետևակային վաշտերից, հատուկ նշանակության վաշտից և առանձին դասակներից: Եթե լեհական թեթև հետևակային վաշտերը համեմատելու լինենք գերմանական տարածքային պաշտպանության վաշտի հետ, ապա կտեսնենք, որ Լեհաստանն ունի չորս ջոկից բաղկացած 4-րդ օժանդակ դասակը (2 հակատանկային, 1 ականանետային և 1 գնդացրային): Հետևաբար, լեհական տարածքային պաշտպանության յուրաքանչյուր հրաձգային դասակ ունի օժանդակ ջոկ: Նաև այս է պատճառը, որ լեհական վաշտերի կարողություններն ավելի մեծ են և բազմաֆունկցիոնալ, քան գերմանականինը: Դա հատկապես երևում է գումարտակի և բրիգադի մակարդակում: Բացի անձնական մարտական հրաձգային զենքից՝ լեհական գումարտակները պետք է զինված լինեն կառավարվող հակատանկային և նռնականետային համակարգերով, ականանետներով և գնդացիրներով։ Խաղաղ ժամանակ  տարածքային պաշտպանությունը բաղկացած է 19 հրաձգային առանձին բրիգադներից՝ յուրաքանչյուր  վարչական տարածքում կենտրոնական բրիգադներից՝ յուրաքանչյուրում 700 զինծառայող: Պատերազմի ժամանակ տարածքային պաշտպանության բրիգադը 3,5 հազար զինծառայողի է հասնում: Հետևակային ստորաբաժանումներից բացի՝ դրանց պետք է միանան նաև հակաօդային պաշտպանության, հրետանային և այլ ստորաբաժանումները: Այսպիսով՝ տարածքային պաշտպանության համակարգի ստեղծման ժամանակ Լեհաստանը նախատեսում է այնպիսի ուժեր, որոնք պետք է կարողանան օժանդակ խնդիրներ լուծել ոչ միայն թիկունքում, այլ նաև ճակատում և նույնիսկ հակառակորդի թիկունքում:  Լեհական տարածքային պաշտպանության ուժերին պատվիրակված առաջադրանքների շրջանակը հետևյալն է.  մասնակցել պահեստազորի զորահավաքներին և կանոնավոր բանակի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ,  ապահովել մարդկանց և գույքի տարհանումը, կազմակերպել ամրացված տարածքի նախապատրաստում, իրականացնել տեղանքի պաշտպանություն, ապահովել կանոնավոր զորամասերի լոգիստիկան,  պաշտպանել կարևոր օբյեկտները, պայքարել դիվերսիոն-հետախուզական խմբերի, դեսանտային և օդային հարձակումների դեմ, պահպանել կանոնավոր ստորաբաժանումների կողային ճակատները, պարտիզանական գործողություններ իրականացնել և այլն:  Պահեստազորի ուսումնական վարժանքները Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմքը կամավորությունն է, անձնակազմը բաղկացած է հիմնականում Բունդեսվերի նախկին զինծառայողներից և քաղաքացիական մասնագետներից: Պահեստազորի ստորաբաժանումները ստեղծվել են կանոնավոր բանակի առկա զորամասերի հիման վրա, որոնց կառուցվածքի հիման վրա էլ կազմակերպվում են նրանց զինպատրաստությունը և նյութատեխնիկական ապահովումը: Կամավորների զինպատրաստության և կրթության համար ֆինանսավորումը կատարվում է տարածաշրջանային բյուջեից, իսկ պահեստազորի սարքավորումների և հատուկ զինամթերքի ծախսերի կեսը հոգում են ՏԻՄ-երը: Առաջին և հատուկ զինպատրաստությունն իրականացվում է բանակային այն զորամասի հիման վրա, որտեղ գրանցված է տվյալ էսկադրոնը: Կանոնավոր զորամասերն այդ նպատակի համար զենք են տրամադրում: Տարածքային պաշտպանության զորամասերի սարքավորումները և զենքը, ի տարբերություն Շվեյցարիայի և Ավստրիայի, պահվում են  զորամասերում, իսկ համազգեստը և հանդերձանքը՝ տանը:  Տարածքային պաշտպանության վաշտերի ամենամյա ուսումնական վարժանքը տևում է 12 օր և իրականացվում է  կանոնավոր զորամասում, որտեղ նրանք գրանցված են: Նշված ուսումնական վարժանքն ավարտելուց հետո թեկնածուն պահեստազորայինի կարգավիճակ է ձեռք բերում: Ուսումնական ծրագրի մեջ մտնում են կրակային, մարտավարական, ֆիզիկական և բժշկական պատրաստությունը, քաղաքային և լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարումը, փրկարարական/կյանքի փրկության ծառայությունները, անձի և տրանսպորտային միջոցների զննությունը:  Կան նաև եռամսյակային ուսումնական վարժանքներ. յուրաքանչյուր եռամսյակում 5 օր նվիրվում է տեսական պարապմունքներին: Բացի դրանից՝ տարին առնվազն 2 անգամ կամավորական դասակները համագործակցում են տեղական կառավարման մարմինների, ոստիկանության և փրկարար ծառայությունների հետ:  Բրիտանական պահեստազորում կամավորները հավաքագրվում են զինպատրաստության կենտրոնների հատուկ նշանակված սպաների միջոցով: Նախքան պայմանագիր կնքելը պոտենցիալ պահեստազորայինը պետք է այդ մասին տեղեկացնի իր գործատուին և ստանա նրա գրավոր թույլտվությունը: Բացի դրանից՝ նա պետք է ձեռք բերի գործատուի գրավոր թույլտվությունը հավաքների ժամանակահատվածի համար: Պահեստազորայինը զինծառայության պայմանագիրը կնքում է նշված տեսակի պահեստազորի կոնկրետ պաշտոնում ծառայելու համար և չի կարող տեղափոխվել առանց իր համաձայնության: Կամավոր պահեստազորայինի պայմանագրի ժամկետը շարքայինների համար կարող է լինել 3, 6 կամ 9 տարի, իսկ սպաների համար՝ 19-25 տարի: Պահեստազորայինի ցանկությամբ պայմանագիրը կարող է երկերեցվել կամ լուծվել՝ ըստ սահմանված դրույթների: Ամենամյա վարժանքները տևում են 50 օր և ոչ ավելի անգամ, քան իրար հաջորդող 21 օրը: Ուսումնական վարժանքը կարող է իրականացվել ինչպես ուսումնական կենտրոններում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի տարածքում և արտերկրում տեղակայված կանոնավոր զինված ուժերի ռազմակայաններում: Հավաքներում պահեստազորայինի տրամադրած ժամանակի համար վճարը կատարվում է պաշտպանության նախարարության բյուջեից: Լեհաստանի տարածքային պաշտպանության պահեստազորի ուսումնական վարժանքն իրականացվում է շաբաթական մեկօրյա վարժանքի տեսքով՝ տեղակայման վայրում, ամսական 2-օրյա վարժանք՝ ուսումնական կենտրոններում, տարեկան 14-օրյա կամ 30-օրյա գործնական վարժանք: Ընդհանուր առմամբ վարժանքերը կազմում են տարեկան 90-ից մինչև 106 օր, որը թույլ է տալիս տարածքային պաշտպանության ուժերի միջոցով ուժեղացնել կանոնավոր ստորաբաժանումները, դրանք  համալրել որակյալ կադրերով: Տարածքային պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը ֆինանսավորելու պարտականությունները դրված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա: Բացի դրանից՝ նախատեսվում է պահեստազորի կողմից անհրաժեշտ սարքավորումների/հանդերձանքի գնումներն ազատել հարկերից։ Հղումներ՝ https://www.bundeswehr.de/en/organization/further-fmod-departments/bundeswehr-homeland-defence-command/auftrag-territoriales-fuehrungskommandos/territorial-reserve  nd-defence-command/auftrag-territoriales-fuehrungskommandos/territorial-reserve https://www.bundeswehr.de/en/about-bundeswehr/the-bundeswehr-reserve https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/210470/Cm8655-web_FINAL.pdf https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/35891/20121123_consultation_fr20.pdf https://www.army.mod.uk/who-we-are/the-army-reserve/ https://pulaski.pl/analiza-wojska-obrony-terytorialnej-rola-miejsce-zadania/ https://www.thekcis.org/publications/insights/insight-28 https://www.gov.pl/web/national-defence/polish-armed-forces1 Նարեկ Ներսիսյան
16:11 - 18 մայիսի, 2023
Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։ Այս մասին Զելենսկին գրել «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Նա այցելել էր Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Զելենսկու խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր: Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահի խոսքով, Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։
17:18 - 16 մայիսի, 2023
Քննարկվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները

Քննարկվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները

Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ՝ գնդապետ Տ․Պետրոսյանը, գնդապետ Ե․Կարապետյանը և գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Կամո Ցուցուլյանը հյուրերին է ներկայացրել Փրկարար ծառայության ներկայիս բարեփոխումների, աղետների ռիսկի կառավարման բնագավառում իրականացվող աշխատանքների, ծառայությունում անցկացվող սեմինար-պարապմունքների, վերապատրաստումների կարևորության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Խոսելով թեմայի շուրջ՝ Կ․Ցուցուլյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ միջոցառումներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փոլ Մորրիսը կարևորել է համագործակցության ընդլայնումը և շարունակականությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում փորձի փոխանակման շրջանակներում Մեծ Բրիտանիայում իրականացնել փրկարար ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես շեշտը դրվել է կինոլոգիական և սակրավորական ջոկատների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման վրա։ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության զարգացման արդյունքում համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել առարկայական կդառնան և կնպաստեն ոլորտի զարգացմանը:
16:57 - 16 մայիսի, 2023
ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության դպրոցների հարցերով պետնախարարի հետ․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության դպրոցների հարցերով պետնախարարի հետ․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարին հանդիպման համար՝ կարևորելով հայ-բրիտանական երկկողմ կապերի զագացումը կրթության ոլորտում։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում մեկնարկած լայնածավալ փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության բոլոր աստիճաններն ընդգրկող բարեփոխումների շղթայում առավել դինամիկ են հանրակրթության փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ ՀՀ դպրոցներում առաջիկա ուսումնական տարվանից ներդրվելու է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը մեծ պատասխանատվություն և հավելյալ ջանքեր է պահանջում։«Բարեփոխումների գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ Այս համատեքստում քննարկվել է երկկողմ համագործակցության հնարավորությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման, կրթության տեսչության՝ որպես վերահսկող մարմնի գործունեության բարելավման, ինչպես նաև գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաև արտադպրոցական ծրագրերի զարգացմանը՝ կարևորելով համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
13:12 - 09 մայիսի, 2023
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում է․ կհանդիպի ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում է․ կհանդիպի ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է  «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում»  խորագրի ներքո և համախմբում է ավելի քան 118 երկրների կրթության ոլորտի ղեկավարների: Յուրաքանչյուր տարի անցկացվող համաժողովում նախարարները, նրանց տեղակալներն ու կրթության համակարգի պատասխանատուներն ամբողջ աշխարհից քննարկում են կրթության հիմնական խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավորությունները և ձեռքբերված հաջողությունների մասին փորձը: ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համաժողովի «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով նիստին հանդես կգա ելույթով: Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000  պատվիրակ: Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում  կունենա նաև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) և Դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսավորման նախարար Բարոնուհի Բարանի հետ (Baroness Barran, Minister for the School System and Student Finance): ԿԳՄՍ նախարարն այցելելու է նաև Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները:
11:29 - 08 մայիսի, 2023
ՀՀ նախագահը շնորհավորել է Չարլզ Երրորդին թագադրման առիթով

ՀՀ նախագահը շնորհավորել է Չարլզ Երրորդին թագադրման առիթով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին: Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները: Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ այցելելու Հայաստան։ Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ»:
15:59 - 07 մայիսի, 2023
Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Չարլզ Երրորդի թագադրման արարողությունը |1lurer.am|

Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Չարլզ Երրորդի թագադրման արարողությունը |1lurer.am|

1lurer.am: Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման հանդիսավոր արարողությունը, այն անցկացրել է Քենթերբերիի արքեպիսկոպոսը։ Ջասթին Ուելբին միապետի գլխին է դրել Սուրբ Էդուարդ Խոստովանողի թագը։ Այն պատրաստվել է 17-րդ դարում, կշռում է ավելի քան 2 կիլոգրամ և զարդարված է 400 թանկարժեք քարերով: Միջոցառմանը հրավիրված են 2000-ից ավելի հյուրեր՝ գրեթե բոլոր երկրներից: Լոնդոնը թագադրության արարողությանը չի հրավիրել Աֆղանստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարներին։ Միջոցառմանը մասնակցում են Չարլզ III-ի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ, և կրտսեր որդին՝ արքայազն Հարին, որը Վեսթմինսթերյան աբբայություն է մեկնել առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։
16:44 - 06 մայիսի, 2023
Այսօր Լոնդոնում տեղի կունենա Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը |armenpress.am|

Այսօր Լոնդոնում տեղի կունենա Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմություն է հավաքվել Լոնդոնում, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը: Reuters-ը հայտնում է, որ սա լինելու է վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումը: Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին: 74 –ամյա թագաժառանգը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին կդնեն Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը: Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվելու է թագուհի: Թագադրման արարողությանը հրավիրված են ավելի քան 2 հազար հյուրեր՝ գրեթե բոլոր երկրներից: Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես հրավիրված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։
13:11 - 06 մայիսի, 2023
ՀՀ նախագահը բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը

ՀՀ նախագահը բրիտանական կողմի հրավերով կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։   Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:   Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։   Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
10:48 - 05 մայիսի, 2023