ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում, քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության ոլորտում առկա մարտահրավերները, օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրման գործընթացն ու առկա կարգավորումները:   Մտքեր են փոխանակվել խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:   Կարևորվել է պետական մարմինների և լրատվության ոլորտում գործող կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով:
21:16 - 07 փետրվարի, 2024
Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին

Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 6-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ օրեր առաջ «Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների ու ֆինանսների անհայտ ծագման վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության ներսում քննարկել են այն։ Թեմայի վերաբերյալ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Պարոն Փաշինյան, Դուք 2018 թվականից առ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ երկրում համակարգային կոռուպցիա գույություն չունի։ Բայց 2018 թվականից առ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են և այլն։ Մի այդպիսի հրապարակում նաև եղավ նախորդ շաբաթ․ ԱԱԾ և ՔԿ համատեղ օպերացիայի արդյուքնում էկոնոմիկայի փոխնախարար ձերբակալվեց, ևս երեք պաշտոնյա ձերակալվեցին։ Բայց խոսքս այս հրապարակման մասին չէ, այլ մի հրապարակման, որը համատարած այդ աղմուկի մեջ, ըստ էության, լռեցվեց։ Խոսքը հետաքննող լրագրողների իրականացրած հետաքննության մասին է, որով գնացել էին ՔՊ-ի քարոզարշավին հանգանակած գումարների հետևից, այցելել էին ձեր կուսակցությանը երկուսուկեսական միլիոն նվիրաբերած ընտանիքների և պարզել էին, որ շատերը անգամ տեղյակ չէին եղել, որ գումարներ էին նվիրաբերել։ Դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, եթե ֆինանսական թափանցիկությունը չեք կարողանում ապահովել՝ լինելով կուսակցության վարչության նախագահ, ինչ վստահություն պետք է ունենանք, որ նույնը կարողանում եք իրականցնել վարչապետի պաշտոնում։ Արդյո՞ք սա կոռուպցիա չէ, համակարգային կոռուպցիա չէ»։ Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ընդհանրապես, այդ թվում ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որովհետև մի պաշտոնյան և մի անձը ամեն ինչ չի, որ կարող է թափանցիկություն ապահովել։ Դրա համար կան ինստիտուտներ, կա իրավապահ համակարգ, կա դատախազություն, կան վերահսկող մարմիններ, այդ թվում՝ կուսակցությունների գործունեության։ Իհարկե, նաև կուսակցությունը և կուսակցության ղեկավար մարմիններն են այդ հարցի պատասխանատուն, և ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, և նաև մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները և իրադրությունները և բնականաբար մտադիր ենք նաև պարզաբանել, հասկանալ թե ինչի մասին է խոսքը, կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։ Պետական տարբեր պաշտոնյաների տարբեր գործերով կարգավիճակ ունենալուն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իր կարծիքով դա ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա Հայաստանի Հանրապետությունում։ «Որովհետև էդ կամքի բացակայությունը, այսինքն՝ ձեր նշած երևույթների բացակայությունը պիտի հակառակի ապացույցը դառնար։ Ձեր նշած փաստերը ինքնին ամենամեծ ապացույցն են, որ այդ թվում թափանցիկություն ապահովելու բոլոր մեխանիզմները ՀՀ-ում կան, և թափանցիկությունն անխուսափելիորեն կապահովվի և ապահովվում է»,- հավելեց Փաշինյանը։ «Պարո՛ն Փաշինյան, ձեր կուսակցության քարոզարշավի գումարներ են հավաքվել, Դուք ՔՊ վարչության նախագահն եք, Դուք չեք կարողացել ապահովել ֆինանսական թափանցիկությունը ձեր կուսակցության։ Հիմա դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»,- արձագանքեց Խամոյանը։ «Էն փաստը, որ դուք ասում եք. բա որ թափանցիկություն չենք ապահովել, էդքան բան դուք որտեղից գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հետախուզական ծառայություննե՞րն են հայտնաբերել։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում։ Բա որ թափանցիկ չի, դուք որտեղի՞ց գիտեք։ Հարցման պատասխանը մենք ենք տվել, բայց նույնիսկ առանց մեր տալու Ազդարար կայքում էդ ամեն ինչը չի՞ հրապարակվում։ Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։ Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք էդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում ա թափանցիկությունը լիարժեք ապահովված ա։ Ուրիշ բան՝ հիմա էդ թափանցիկությունը ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք, էդ բոլորովին ուրիշ հարց ա։ Բայց ձեր հարցը շատ ուղիղ է՝ մենք չենք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Բայց ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերը ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ 
19:38 - 07 փետրվարի, 2024
Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում
 |armenpress.am|

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին:  Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել: «Եվ ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-վստահեցրեց Փաշինյանը:
18:50 - 07 փետրվարի, 2024
Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին
 |1lurer.am|

Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Կարծում եմ, որ դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը մենք ստորագրեցինք Վրաստանի վարչապետի հետ, և ես ուզում եմ Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել այդ արդյունքի համար, որովհետև իսկապես վերջին տարիներին մենք շատ ինտենսիվ աշխատեցինք քաղաքական այդ բովանդակությունը մեր հարաբերություններում ստեղծելու համար, և համոզված եմ՝ նաև նոր կառավարության, նոր վարչապետի հետ մենք նույն ոգով կշարունակենք: Վրաստանի հետ մեր հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, և մենք ռազմավարական ընկալում ունենք, և նաև Վրաստանը. այսպիսով՝ մենք փոխադարձաբար ենք այդ ընկալումն արձանագրում, և եթե փաստաթղթի տեքստին ծանոթացել ենք, տեսել եք, որ այնտեղ, ըստ էության, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու մտադրություն է արտահայտված: Դա հռչակագիր է, մտադրություն է, որը դեռ պետք է իրագործվի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրման մասին հարցին: «Իհարկե, պետք է արձանագրել, որ մեր առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ էականորեն աճել է, և նախորդ տարի, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ դոլարից անցել է մեր առևտրաշրջանառությունը: Շատ մեծ պոտենցիալ կա իրականում»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ տարածաշրջանային առումով կարևոր արձանագրում է կատարվել: «Երբ որ մենք խոսում ենք մեր քաղաքականությունների լեգիտիմության մասին, այս արտաքին միջավայրերի հետ կապված խոսույթը միանգամից ընկալվում է Հայաստան-Թուրքիա հարաբերութունների կոնտեքստում, և դա հասկանալի է, բայց համատեքստն այդտեղ շատ ավելի լայն է: Մենք արձանագրեցինք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումն ու վերաբերմունքը: Վրաստանն իր հերթին արտահայտեց ՀՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հստակ վերաբերմունքը: Սրանք, ըստ էության, ինչ-որ առումով նոր խոսույթներ են, որոնք, թվում է թե, ուղղակի նախադասություն է, բայց այսպիսի նախադասություններն են, որ բացում են, կամ նման նախադասությունների բացակայությունն է, որ նեղացնում կամ փակում է համագործակցության հետագա ճանապարհը: Հիմա այդ ճանապարհն ավելի ընդարձակ է և ավելի մատչելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
18:29 - 07 փետրվարի, 2024
Պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է. Փաշինյան

Պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը: Մինչ հաշվետվության ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է. «Ինչպես պայմանավորվել ենք, այսօր պիտի լսենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախորդ հինգ տարվա գործունեության հաշվետվությունը, որպեսզի նաև քննարկենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրելու հարցը Կառավարության ֆորմատով»: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մրցակցային միջավայրի զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի կարգավորման ոլորտներում իրականացված բարեփոխումների, նոր կարգավորումների մշակման, շուկայի կայունությանը և հակամրցակցային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցմանն ուղղված ճգնաժամային կառավարման, ներքին ռեսուրսների, իրավական բազայի զարգացման վերաբերյալ: Գեղամ Գևորգյանը նշել է, որ 2018 թվականից առաջ պետական մարմինների հակամրցակցային գործողությունները քննության առարկա չէին դառնում հանձնաժողովի կողմից, վերջին տարիներին այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվել: Ըստ նրա, սա կարևոր արձանագրում է, քանի որ բիզնեսը պետք է նաև պաշտպանված զգա պետության կողմից մրցակցային գործունեության հնարավոր խախտումներից:Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, 2019 թվականից հանձնաժողովը նոր ֆունկցիա է իրականացնում, որն ուղղված է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկայի ուսումնասիրությանը: «Էությունը կայանում է նրանում, որ մենք ամբողջությամբ ուսումնասիրում ենք կոնկրետ ապրանքային շուկա, հայտնաբերում ենք դրա մուտքի խոչընդոտները՝ իրավական, տնտեսական առումով, և առաջարկություն ենք ներկայացնում քաղաքականություն մշակող մարմիններին, թե ինչ է պետք փոխել, որպեսզի շուկան լինի ավելի մրցակցային և ավելի զարգացող»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ 2023 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ ICPEN-ի անդամ: Անդրադառնալով հաշվետվության առանձին կետերին՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության պաշտպանության գնահատման գործիքակազմի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև շուկայում առկա սննդամթերքի արտադրության ստանդարտի խնդրին և նշել, որ Կառավարությունը պետք է կրի պատասխանատվություն, թե ինչ մթերք է վաճառվում մարդկանց, այսինքն՝ պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է: «Կառավարությունը պետք է մակնշի, որ սա պաղպաղակ է, և այն, որը մակնշված չէ, ուրեմն պաղպաղակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման մասնակիցները խոսել են նաև տնտեսվարողների կողմից իրականացվող զեղչերի խախտումների շուրջ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն պատժվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ են կատարել, այլ նաև խրախուսվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ չեն իրականացրել: «Շնորհակալագիր տանք այդ մարդկանց, ասենք, որ շնորհակալ ենք, որ այդպես եք աշխատում: Գործելակերպի փոփոխության համար մենք պետք է ոչ միայն վատ գործելակերպը պատժենք, այլ նաև լավ գործելակերպը խրախուսենք»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է հանրապետության տարբեր հատվածներում պետական սեփականություն հանդիսացող ճամփեզրերին տվյալ տարածքների օբյեկտների կամ խանութների սեփականատերերի կողմից կատարված ապօրինի գծանշումների խնդրին և արձանագրել, որ այդ ճամփեզրերն օգտագործվում են առանց որևէ իրավական հիմքի և արդյունքում՝ ճանապարհներին առաջանում են անվտանգային խնդիրներ, երթևեկության արագությունը նվազում է, պետական բյուջե որևէ միջոց չի վճարվում մասնավորի կողմից: Այս առումով վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են վերահսկվում շուկայում առկա առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների գները, օրինակ՝ բենզինի, դիզվառելիքի գինը կամ Սուրբ Զատիկին ընդառաջ ինչպես է կարգավորվում ձվի թանկացման հետ կապված խնդիրը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը հետևում է ներմուծման ամբողջ շղթային՝ հարկեր, տրանսպորտային ծախս, բորսայի գին և այլն: Մնացած բոլոր ապրանքներում դիտարկվում է տարբերությունը համանման շուկաներում: Ինչ վերաբերում է ձվի գնի հնարավոր թանկացմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ որոշ տուգանքներից հետո խնդիրը կարգավորվել է: Ըստ Գևորգյանի, նույնը վերաբերում է նաև բենզինի շուկային:
18:28 - 07 փետրվարի, 2024
Որևէ ոլորտում գաղտնի պայմանավորվածություն չունենք. Փաշինյանը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին |armenpress.am|

Որևէ ոլորտում գաղտնի պայմանավորվածություն չունենք. Փաշինյանը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը որևէ ոլորտում գաղտնի պայմանավորվածություն չունի, որը ժողովրդին հայտնի չէ: Այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ու «Լիդիան Արմենիա»-ում կառավարության բաժնեմաս ունենալու վերաբերյալ հարցին: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք այս գործարքների իրական բնույթը կառավարության կողմից անօրինական «փայ» մտնելը չէ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժելու դիմաց: «Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում: Եվ տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ նախագծերն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն»,-վարչապետը: Փաշինյանը հարցրեց պատգամավորին՝ մոռացե՞լ է, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ինչպես է սեփականաշնորհվել և ում: «Ամուլսարի հետ կապված մենք հետևյալ դիլեմայի առաջ ենք կանգնած եղել. մի կողմից հանրային ընկալման լեգիտիմության խնդիր կա, մյուս կողմից կան ներդրումներ: Ինչպե՞ս դուրս գալ այդ փակուղուց, հանրությունն իրեն բավարարված չի զգում, այդ թվում տեղական հանրությունը, բայց մյուս կողմից էլ միլիոնավոր դոլարներ են ներդրվել: Ազդակիր համայնքները Ամուլսարից տարին 7 մլն դոլար գումար են ստանալու: Կառավարությունը չէ այդ 12.5 տոկոսի տերը, ՀՀ ժողովուրդն է»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով «փայ» մտնելու մասին դիտարկմանը՝ վարչապետը պատասխանեց, որ ոչ ոք իր ունեցած սեփականությունից չի զրկվել: «Եկել է նոր սեփականատեր, նա, հասկանալով լեգիտիմության հետ կապված խորը խնդիրները, ասել է, որ այդ ընկերություններն իրենց թիկունքում պատմություն ունեն, չի ուզում այդ պատմության բեռը կիսել իր բիզնես վարկանիշի հաշվին, չի ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը և ուզել է, որ կառավարությունն իր կողքին կանգնի, որ բոլորս տեսնեն, որ ինքը երկրից տանող չէ, երկրին բերող է, քանի որ դա պետք է իր բիզնես վարկանիշի համար: Ի՞նչն է այստեղ կասկածելի: Ի՞նչ գաղտնի պարտավորություն. ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում որևէ գաղտնի պայմանավորվածություն,  պարտավորություն, որը ՀՀ ժողովրդին հայտնի չէ, չունի»,-ասաց Փաշինյանը:
18:20 - 07 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան
 |1lurer.am|

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են. Քյարամյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության փետրվարի 1-ի նիստին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկայացրեց թմրաշրջանառության դեմ պայքարի մասով երկու տարիների՝ 2022-2023 թվականների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան: Առանձին վիճակագրության կա նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով: «106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանանեգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան»,- ասաց Քյարամյանը՝ առանձնահատուկ նշելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են: «Եթե ավելի պատկերավոր ասեմ՝ թմրանյութը տվեցին, փողը վերցրին, օպերատիվ մարմինը գնաց, բռնեց՝ հիմնականում գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առուվաճառքը, և իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում, կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ՝ մեր գնահատմամբ, այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է՝ նոր մեթոդիկայի մշակման փուլում»,- ասաց նա: Քյարամյանը հիշեցրեց, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել, և որ դա առաջին անգամ է, որ նախկինում իրավապահ համակարգին հայտնի մեթոդները չեն կիրառվել, այլ կիրառվել են բացառապես այլ մեթոդներ՝ բացահայտելու համար թմրաշրջանառության դեպքերը: «Անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ ենք բացահայտել մեր գործընկերների հետ համատեղ, 8 սենյակ լաբորատորիաներ ենք բացահայտել: Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք փորձել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և ես այդ ցուցանիշն էլ ունեմ: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան: Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել. քննչական ճանապարհով անցած տարի 30 տելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»,- ասաց նա:   ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին ներկայացրեց համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը: «2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք»,- ասաց նա և հավելեց, որ դա 2022-ի համեմատ բավականին լավ ցուցանիշ է:
13:48 - 01 փետրվարի, 2024
Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի
 |1lurer.am|

Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի |1lurer.am|

1lurer.am: ՆԳՆ-ի գլխավորության կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային ամբողջովին նոր հանձնաժողով, որի նպատակն է ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունը կանոնակարգելն ու ապօրինի շրջանառությունը կանխարգելելը: Ակնկալվում է նաև, որ կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը: «Այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորվել դրա պրակտիկ, ինչպես և կայուն գործունեությունը, ինչը ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը»,- Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:   Պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին: «Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ:
13:26 - 01 փետրվարի, 2024
Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
 |azatutyun.am|

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, որոշումն ուղարկեց խորհրդարան՝ հաստատման։ Բաղրամյանը 2019-ից է ղեկավարում ՀԾԿՀ-ն, պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա ապրիլի 18-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ լսել են Բաղրամյանի նախորդող շրջանի գործունեության հաշվետվությունը՝ արձանագրելով՝ «բավական աշխատանք արված է, բայց նաև շատ մեծ աշխատանք կա անելու»։ «Մասնավորապես, հանրային ծառայությունների ոլորտում գնումների գործընթացն առավելագույնս կանոնակարգելու, թափանցիկ դարձնելու և մրցակցային դարձնելու խնդիր կա, որովհետև դա մի թեմա է, որը նաև մեր սակագնային բանաձևերի վրա է ուղղակի շատ ազդեցություն ունենում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։ Բաղրամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
12:49 - 01 փետրվարի, 2024
Փաշինյան․ «Մարդիկ ասում են՝ լավ է, գանք ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա, մամուլում գրելու են»
 |aravot.am|

Փաշինյան․ «Մարդիկ ասում են՝ լավ է, գանք ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա, մամուլում գրելու են» |aravot.am|

aravot.am: «Մենք միտում ենք տեսնում, որ լուրջ կազմակերպությունները կամ նրանք, որոնք կուզենայինք, որ կառավարության հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ, որովհետեւ ասում են՝ ձեր գնումների ընթացակարգերը․․․ նախ, ինչպես մեր պետական կառավարման համակարգում շատ բաներ, գնումների ընթացակարգերն էլ միշտ չէ, որ համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին եւ ժամանակակից բիզնես հարաբերություններին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պետական գնումների ոլորտին։ Նիստում նշվեց, որ պետական գնումների մասին օրենսդրությունը բարելավման կարիք ունի։ Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Փաշինյանն ասաց, որ պետական գնումների ընթացակարգերը հաճախ խնդիր են առաջացնում․ «Մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում եւ համակարգը լրացուցիչ լարում ենք։ Մարդիկ ասում են՝ լավ է, գանք ձեր գնումներին մասնակցենք ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀԾՔ-ն գալու ա, մամուլում գրելու են՝ էս մեկը էն մեկի հետ ա «ատկատ» անում, մենք գործ չունենք, գնացեք, մենք մեզ համար թողեք․․․։ Սա մեզ համար պրոբլեմ է, որովհետեւ դա նշանակում է, որ մենք էլ ենք տեսնում, որ այն ընկերությունները, որոնք թվում է, թե լավագույն տարբերակն ունեն լավագույն ծառայություններն առաջարկելու, հենց էն գլխից քաղաքականություն են որդեգրում՝ եկեք մենք կառավարության հետ գործ չունենանք»։ Վարչապետի խոսքով՝ օրենսդրությունը բարելավելով՝ նաեւ չպետք է տեղ թողնել, որ գնումների համակարգում չարաշահումների հնարավորություն լինի։ Կառավարությունը շատ կարեւոր ռազմավարական ոլորտներում, ինչպես ներկայացրեց Փաշինյանը, մեծ ֆինանսավորումներ է դրել, որպեսզի արյուն, էներգիա տան այդ գործընթացներին․ «Երբ այդ փողերը բյուջեից դուրս են եկել, պրոցես է սկսել՝ տարբեր ահազանգեր եւ այլն, որոնց մի մասը ճիշտ է, մի մասն էլ էս ճիշտ ահազանգերի կասկածներից բոլորի վրա է տարածվում։ 2019-ին ինչ-որ մի ոլորտում կրկնապատկել ենք ֆինանսավորման ծավալը, որից հետո եկել են ահազանգեր, հետո ստուգումներ, քրեական գործեր են հարուցվել։ 2023-ին այդ ոլորտի ֆինանսավորումը նայում եմ, էլի եկել, հասել է 2018 թվականի մակարդակին։ Պատճառն էդ է, որ մեզ մեղադրում են, թե փողը տալիս եք, հետո քար ու փետը առնում, ընկնում եք մեր հետեւից, չենք ուզում։ Մյուս կողմից էլ՝ մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն եւ սա պետք է գնումների մասին օրենսդրության ճկունությամբ ապահովենք, որպեսզի մարդիկ, ընկերությունները մեզ հետ հաճույքով աշխատեն։ Հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում՝ փոխադարձաբար, որովհետեւ բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են»։ Անկյունաքարային խնդիրը գնումների ընթացակարգերն են, որոնց պատճառով, ինչպես ասաց Փաշինյանը, հաճախ աբսուրդ վիճակներ են լինում․ «Պետական պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը՝ մի պատմություն, մի պատմություն։ Իրավիճակ է լինում, որ տեսնում են, որ ավելի էժան եւ ավելի լավ տոմս կա, եւ կարող է մի քանի հարյուր հազար դրամ ավել ծախսենք, այդ տոմսը ձեռք բերենք միայն այն պատճառով, որ ընթացակարգերով հերթով գնանք։ Մինչեւ ընթացակարգերով գնում ենք, տոմսը կրկնակի թանկանում է»։
12:36 - 01 փետրվարի, 2024
«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
 |armeniasputnik.am|

«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարության հակակոռոպցիոն քաղաքականության կամքը 2018 թվականից մինչ օրս ոչ մի միլիմետր չի նահանջել։ Գործադիր մարմնի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր պայքարը ոչ միայն չի նահանջել, այլև հակառակը` կոռուպցիայի դեմ մեր պայքարն ավելացել է։Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,- ընդգծեց նա։ Ըստ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են 2018 թ. մինչ օրս, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։ Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։
12:31 - 01 փետրվարի, 2024
Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի
 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը նոր օրենքի մասին է, ոչ թե փոփոխությունների մասին, որովհետև, կարծում ենք, որ այն իրականությունը, որում գտնվում ենք և այն իրականությունը, որում գրվել է օրենքը, տարբեր են․ շատ բան է փոխվել գնումների ծավալների իմաստով։ Կարծում ենք, որ այստեղ ֆունդամենտալ քայլեր անելու կարիք կա»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար կզեկուցվի ընթացքի մասին։ Հայաստանում գնումների մասին օրենքը վերջին անգամ փոխվել է 2016 թվականին։ 
12:27 - 01 փետրվարի, 2024