Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի
 |1lurer.am|
13:26 - 01 փետրվարի, 2024

Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի |1lurer.am|

1lurer.am: ՆԳՆ-ի գլխավորության կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային ամբողջովին նոր հանձնաժողով, որի նպատակն է ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունը կանոնակարգելն ու ապօրինի շրջանառությունը կանխարգելելը:

Ակնկալվում է նաև, որ կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:

«Այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորվել դրա պրակտիկ, ինչպես և կայուն գործունեությունը, ինչը ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը»,- Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:  

Պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին:

«Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել