«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։  2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։  Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։   Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։  Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։  Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։  Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։    Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։ Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։  Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։  Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։ Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։ Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։ Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։ Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։  Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։   Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։  Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում: Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։  Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։ Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։  Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։  «2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։   Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը   Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։  Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։  Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։    Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը 2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։  ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։ 2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։   Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։ Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։  ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։   Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը»  2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։ Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։ Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը:  ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։   Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։ Լյուսի Մանվելյան
17:16 - 29 նոյեմբերի, 2023
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները
 |hetq.am|

Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ «Հետքը» տեղեկացավ, որ նոյեմբերի 27-ին իրավապահները նրանց ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։  Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ապօրինի ավազի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետևանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Բացի այդ, 2023 թ․-ի սեպտեմբերի 23-ին «Արարակ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64.3 հա հողատարածքում իրականացված ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ տեսչականի աշխատակիցները փետրվարի 1-ին են Ռանչպար գյուղում բացահայտել ավազի ապօրինի արդյունահանման և ջրօգտագործման դեպքը։ Ջրօգտագործման մասով վարչական պատասխանատվության են ենթարկել իրավախախտին, իսկ ապօրինի հանքարդյունահանման փաստերը փոխանցել են Քննչական կոմիտե, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթը։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2023 թ․-ի օգոստոսի 24-ին Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ վերոնշյալ վայրում իրականացվել է մարկշեյդերական չափագրման (հանքափորվածներում երկրաբանական չափումներ) աշխատանքներ։ Արդյունքները տրամադրվել են ՊԵԿ-ին՝ հետագա ընթացքը լուծելու համար»,- հայտնել են տեսչական մարմնից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ ամիսներ առաջ է սկսել ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Ուսումնասիրության արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Հանձնաժողովից հայտնել են, որ ուսումնասիրության առարկա կդառնա նաև հանքարդյունահանում իրականացրած ընկերությունում Սերգեյ Բագրատյանի կնոջ բաժնետոմսերը չհայտարարագրելու հանգամանքը։ Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման մասին մեր հրապարակումից հետո Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, «Արարակ» ՍՊԸ-ում ունեցած իր 100 % բաժնեմասը փոխանցել է այլ անձի՝ Վրեժ Եղոյանին, որը Սերգեյ Բագրատյանի բիզնես գործընկերներից է։
16:32 - 28 նոյեմբերի, 2023
«Ադրբեջանցի պատվիրակները հղում էին անում Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»․ Արթուր Խաչատրյան

 |aravot.am|

«Ադրբեջանցի պատվիրակները հղում էին անում Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»․ Արթուր Խաչատրյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նիստին։ Ըստ պատգամավորի՝ այստեղ ադրբեջանցի պատվիրակներն իրենց ելույթներում հղում են արել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Մեր քաղաքական կոմիտեում ներկայացված էր փաստաթուղթ՝ համազեկուցողների ներկայացրած նախագիծն էր, որը հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց երկու անգամ նշում կար նաեւ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու մասին։ Եվ երբ դրա մասին խոսում էինք մենք՝ ՀՀ ԱԺ պատվիրակները, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորները, երբ դրա մասին խոսում էին Եվրախորհրդարանի պատվիրակները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեռ իրականացված չէ, եւ կայուն խաղաղություն հաստատված չէ, ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով, մասնավորապես, Եվրախորհրդարանի պատվիրակներից մեկն ասել է, որ 1919 թվականին Արցախի ժողովուրդը քվեարկել է ՀՀ-ին միանալու օգտին, եւ 1920 թվականին բոլշեւիկներն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ «Եվ այստեղ Ադրբեջանի պատվիրակն ասաց՝ դուք չգիտե՞ք, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Նմանապես մենք ասում էինք՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, նրանք ունենք քաղաքական իրավունքներ՝ վճռելու իրենց ճակատագիրը։ Լուծում էինք առաջարկում, էլի նույն պատասխանն էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
13:23 - 17 նոյեմբերի, 2023
«Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ, ԱՄՆ եւ ԵՄ գործընկերները կանգնած են խաղաղության օրակարգի կողքին»․ ՔՊ պատգամավոր |aravot.am|

«Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ, ԱՄՆ եւ ԵՄ գործընկերները կանգնած են խաղաղության օրակարգի կողքին»․ ՔՊ պատգամավոր |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հույս են հայտնում, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է «խաղաղության պայմանագիր» ստորագրել։ Հարցին, թե այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս իրավիճակում գրեթե անհավանական է, որ մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի «խաղաղության պայմանագիր» ստորագրել, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եկեք չշտապենք եզրակացություններ անել։ Բնականաբար, Ադրբեջանի հրաժարումը բացասաբար ենք գնահատում։ Կոչ են անում ավելի կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ ԱՄՆ, Եվրամիության մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը, եւ մենք հույս ունենք, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել եւ կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»։ Հարցին, թե այսինքն՝ հնարավորություն տեսնո՞ւմ են, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ փաստաթուղթ ստորագրել, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ որեւէ բան չեն բացառում։ «Մենք կառուցողական կերպով առաջ ենք շարժվում խաղաղության օրակարգով եւ հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ ու ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել եւ Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
13:01 - 17 նոյեմբերի, 2023
Առաջիկա տարվա բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

Առաջիկա տարվա բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Բյուջեն մեր բարեկեցիկ և անվտանգ ապագան կառուցելու մասին առաջիկա կարճաժամկետ հատվածում փաստաթուղթն է, որի իրագործմանը պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին, իր տեղում: Մեր նպատակներին, իմ խորին ընկալմամբ, կարող ենք հասնել կրթված, առողջ և խելացի հասարակություն ունենալու շնորհիվ: Այս իմաստով ես ցանկանում եմ առանձնացնել հատկապես ուսուցիչներին, բժիշկներին և զինվորականներին: Կարծում եմ, որ Կառավարության կողմից, մեր հասարակության կողմից այս մարդիկ պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության, պետք է ապահովված լինեն սոցիալական բոլոր հնարավոր երաշխիքներով և մեկ վայրկյան անգամ չմտածեն այլ զբաղվածության մասին, որպեսզի կրթեն, առողջացնեն և ուժեղացնեն մեր հասարակությունը, մեր պետությունը: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Այս համատեքստում պատգամավորը բյուջեից առանձնացրեց կրթությանը, առողջապահությանը և պաշտպանությանը վերաբերող որոշ թվեր: «Կրթության ոլորտի բյուջեն 2018 թվականի համեմատ 2024-ին կլինի 130 տոկոսով ավելի, ինչն արդեն իսկ բավական շատ բան է փոխանցում մեր քաղաքացիներին»,- ասաց Հովհաննիսյանը՝ կարևորագույն ծրագրերից առանձնացնելով 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցմանը վերաբերող ծրագիրը: «Առողջապահության ոլորտում բյուջեի միայն 86,6 միլիարդ դրամ ավելացումը ավելի է, քան 2018-ի ամբողջական բյուջեն»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ այստեղ ևս մի շարք ձեռքբերումներ ունենք՝ կառուցում ենք հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, հարյուր հազարավոր քաղաքացիների տրամադրվում է անվճար բուժօգնություն, դեղորայք: Ինչ վերաբերում է պաշտպանական բյուջեին՝ Հովհաննիսյանը նշեց՝ այն կավելանա 125 տոկոսով: «Որքան էլ մեր ընդդիմությունը փորձի ստվերել պաշտպանական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, մեր քաղաքացիները տեսնում են, որ աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում: Իմ ընկալմամբ՝ այդ փոփոխություններն անկասելի են այլևս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը՝ չժխտելով, որ այստեղ ևս կան խնդիրներ, որոնք առնչվում են ատեստավորմանը: «Ես, օրինակ, տարբեր դժգոհություններ եմ լսում, բայց այդ դժգոհությունների բովանդակությունը հետևյալն է՝ ինչու պետք է տարիներով ծառայած զինվորականներին նորից փորձաքննության ենթարկեն, երբ հասցնի ատեստավորմանը պատրաստվել: Նախ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր սահմանները պետք է պաշտպանեն մեզանից ամենապատրաստվածները: Եվ այստեղ կրթության և առողջապահության ոլորտի ներդրումներն ուղղակի կապ ունեն պաշտպանության ոլորտի հետ, որովհետև մեր զինվորականները պետք է լինեն կիրթ, առողջ և ուժեղ, ու ատեստավորումը հենց դրա մասին է: Նրա մասին է, որ որևէ զինվորական պետք է այլ զբաղվածություն չունենա և այդ գիտելիքը ծառայեցնի բացառապես հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ այդ ամենը հնարավոր է իրականացնել բացառապես ժողովրդավարության շնորհիվ և խաղաղության պայմաններում: Այս համատեքստում Հովհաննիսյանը կարևորեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործմանը պետք է լծվեն բոլորը՝ թե՛ Կառավարության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: «Այս մոլորակի վրա դեռևս միայն ընդդիմությունն է քննադատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, սակայն ես կոչ եմ անում, որ նրանք ևս լծվեն ՀՀ-ի շուրջ և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր օրակարգի իրականացմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հիմա վստահորեն կարող է ասել՝ առաջիկա տարվա բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է: «Որովհետև ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսական առաջընթացը, կրթական և քաղաքակրթական ծրագրերը ՀՀ-ն միջազգային հանրության ընկալելի և առաջադեմ անդամ դարձնելու մասին է, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը դառնալ մի պետություն, որը կարող է առաջարկել աշխարհին և ոչ միայն լսել առաջարկներ ու իրականացնել դրանք»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը:
11:41 - 16 նոյեմբերի, 2023
Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում
 |azatutyun.am|

Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկում |azatutyun.am|

azatutyun.am: Պարտադիր զինվորական զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած շուրջ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Տվյալներն այսօր հրապարակեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ենթադրաբար Հայաստանից հեռացել են մինչև 18 տարի լրանալը և Հայաստան վերադառնալու դեպքում նրանց ազատազրկում է սպառնում։ «Մեր գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: Այսինքն, գործող կարգավորումներով 27 տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ մինչև 5 տարի ժամկետով», - ներկայացրեց Սարգսյանը: Մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն, սակայն, ՔՊ-ական պատգամավորը առաջարկում է հազարավոր տղամարդկանց հայրենիք վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ։ Արդեն շրջանառության մեջ դրված օրինագծով զինապարտության տարիքը լրացած անձանց 5 առաջարկ է արվում. Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են պարզապես վերադառնալ և 2 տարի ծառայել հայկական բանակում։ Մեկ տարի ծառայելու դեպքում պետք է պետական բյուջե վճարեն ավելի քան 2 միլիոն դրամ, վեցամսյա ծառայության դեպքում՝ հինգ միլիոն դրամ, և ընդամենը 1 ամսվա համար՝ 10 միլիոն։ Եթե հետախուզվող անձինք ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, ապա պարզապես կարող են պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, շուրջ 40 հազար դոլար և ազատվել քրեական հետապնդումից։ «Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու, եթե չունեն գումար վճարելու ու չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ու ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները, ովքեր գնում են ծառայության 18-27 տարեկան հասակում», - նշեց Հայկ Սարգսյանը: Իշխանական պատգամավորի խոսքով՝ զորակոչիկների թվի վերաբերյալ առկա վիճակագրությունը արդեն իսկ խիստ մտահոգիչ է։ Վերջին 15 տարիների ընթացքում բանակում ծառայողների թիվը տարեց տարի նվազում է։ Եվ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ։ Ծնողները հաճախ իրենց երեխաներին պարզապես մանուկ հասակում տեղափոխում են արտերկիր, մինչև հաշվառվելը ստանում են այլ երկրի քաղաքացիություն և ազատում նրանց ծառայությունից։ Հայկ Սարգսյանի տվյալներով՝ միայն 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն, 44 հազարից դարձել է 24 հազար»: Սարգսյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե իր առաջարկած օրինագիծը կարող է էլ ավելի նպաստել, որ քաղաքացիները խուսափեն ծառայությունից, ապա գումարով ազատվեն քրեական պատասխանատվությունից, քանի որ օրինագիծը արդեն իսկ զինծառայությունից խուսափած տղամարդկանց մասին է։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նախնական քննարկումների արդյունքում կողմ է արտահատվել, բայց պաշտոնական կարծիքներն ու առաջարկները դեռ չեն ստացել։
16:35 - 14 նոյեմբերի, 2023
27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից. նախագիծ
 |1lurer.am|

27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից։ Լրագրողներին մանրամասներ ներկայացնելով՝ պատգամավորը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց: Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։ «Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց նա և նշեց, որ իր ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին հնարավորություն տալ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին: «Իմ կանխատեսումներով՝ առաջիկա 1 տարվա ընթացքում օրենքից կօգտվի մոտ 500-1000 քաղաքացի: Օրենքի ընդունման արդյունքում մենք կունենանք ավելի քան 500 նոր զորակոչիկ և հավելյալ ֆինանսական մուտքեր պետական բյուջե»,- ասաց նա:
12:35 - 14 նոյեմբերի, 2023
Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Այսօր ԱԺ հերթական նիստում Տիգրան Պարսիլյանը երդվեց և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր: Մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։ Այնուհետև մանդատը երդմամբ ստանձնեց նաև «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր: Նա մինչ այդ կալանավորված էր։
10:30 - 14 նոյեմբերի, 2023
«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ ««Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ: 1. Ըստ ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊԿ-ն ստացել էր ընտրության մասնակիցների 32,6 տոկոսը՝ ընտրական իրավունք ունեցողների 9,1 տոկոսը: Սա նշանակում է, որ Ավինյանի քաղաքապետությունը լեգիտիմության առումով կաղում է, բայց սա դեռ մի կողմ դնենք: 2. ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունների կողմ ձայների ու «Հանրային ձայն» խմբակցության 5 անդամի կողմից Երևանի ավագանու նիստի քվորումի ապահովման միջոցով Տիգրան Ավինյանը դարձավ մայրաքաղաքի քաղաքապետ (ավագանու ընդհանուր թվի՝ 65, կեսից պակաս՝ 32 ձայնով): Սա էլ մի կողմ դնենք: 3. Օրենքը պահանջում է, որ քաղաքապետն իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը լիազորությունները պետք է ստանձնի օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում: Այդ նիստը, սակայն, չի ունեցել անհրաժեշտ քվորումը (առնվազն 33 ավագանու մասնակցություն): Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն իր լիազորությունները ապօրինաբար է ստանձնել: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի արձանագրությունները քաղաքապետարանը պատշաճ ձևով չի հանրայնացրել, այսինքն՝ չկան նիստի մասնակիցների անունները և նրանց քանակի մասին տեղեկությունները: 4. Վարչական դատարանից մեր պահանջն այն է, որ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը պետք է համապատասխանի օրենքին, այսինքն՝ Երևանի ավագանին պարտավոր է կրկին անցկացնել քաղաքապետի երդման արարողությունը, քանզի հակառակ պարագայում Տիգրան Ավինյանի գործողությունները քաղաքապետի պաշտոնում կլինեն իրավազանց՝ լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափության հիմքով (երդման արարողության համար ծախսված հսկայական գումարների թեման էլ ենք մի կողմ դնում): 5. Եթե օրենքի ուժով ավագանու իրավաչափ նիստ տեղի չունենա, ապա օրենքի տառից ու ոգուց բխում է, որ Երևանում պետք է տեղի ունենա նոր ընտրություն, ինչից ՔՊԿ-ն ու նրան սատարողները խուսափում են: Ի դեպ, երդման արարողության գործընթացի օրենքով սահմանված կարգով չանցկացման արդյունքում նոր ընտրության նշանակման նախադեպ կա (Թալինում): Ավելի մանրամասն բարձրացվող այս կարևորագույն հարցին կանդրադառնանք դատական գործընթացի (և ոչ միայն) ժամանակ», - գրում է Սամվել Հակոբյանը։
11:44 - 11 նոյեմբերի, 2023
Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան
 |news.am|

Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան |news.am|

news.am: Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ եկեղեցին հայտարարել է, որ Արցախի թեմը կպահպանվի, Գեւորգ Պապոյանը նկատեց, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցության, պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. «Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցու կարիքները հոգում եւ այսպես շարունակ»,- ընդգծեց նա:
13:38 - 08 նոյեմբերի, 2023
Հայաստանը ոչինչ չի խոստացել․ Պապոյանը պատասխանել է Բաքվին
 |armeniasputnik.am|

Հայաստանը ոչինչ չի խոստացել․ Պապոյանը պատասխանել է Բաքվին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը անկլավներ չի խոստացել, սակայն հայտարարել է 1974-1975 թվականների քարտեզներով սահմանազատման և սահմանագծման պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա նշեց, որ 1974-1975թթ.քարտեզներով Տավուշի մարզի 7-8 վարելահողերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրա խոսքով՝ քննարկվում են սահմանազատման մի քանի տարբերակներ, սակայն հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի տարածքը պետք է պահպանվի 29.8 քառ. կմ։ «Խաղաղության պայմանագրում չպետք է լինեն ռումբեր պարունակող դրույթներ։ Պետք է կնքվի այնպիսի պայմանագիր, որը չպետք է առաջացնի նոր խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն։ Հենց դրանով է պայմանավորված գործընթացի երկարելը»,- հայտարարեց պատգամավորը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման շրջանակներում Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են երեք հիմնական սկզբունք: Մասնավորապես, կողմերը համաձայնել են սահմանի դելիմիտացիան իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Նա ընդգծել էր, որ այս հարցում կարևոր է քարտեզների առկայությունը, որոնք արտացոլում են ժամանակի իրականությունը: Հայաստանի վարչապետը հավելել էր, որ դրանք կան։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը, «ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»:
12:58 - 08 նոյեմբերի, 2023
Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան
 |tert.am|

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում․ Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։  Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Իր հերթին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։ Հիշեցնենք, որ  ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։ Իր հարցազրույցներից մեկում արցախցի պատգամավորն ընդգծել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը պետք է ՀՀ-ում պահվի․ դա նախ՝ հետագայում պահանջատեր լիելու առումով է կարևոր, իսկ ներկա պահին` բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգելու համար։ Բացի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմությունը ևս հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը պետք է պահպանվեն։ Իսկ  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝  հայտարարելով,  թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։
11:09 - 08 նոյեմբերի, 2023
Հանկարծամահ է եղել ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը |azatutyun.am|

Հանկարծամահ է եղել ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը |azatutyun.am|

azatutyun.am: Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Խմբակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։ ՔՊ խմբակցությունից հավելեցին՝ մահվան նախնական վարկածը սրտի կաթվածն է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է նրա մահվան կապակցությամբ։ «Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապտիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:   Կենսագրությունը Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:2008թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:2012-14.01.2019թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014 եւ 2017թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում եւ մի շարք այլ մարզադպրոցներում:2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
16:57 - 06 նոյեմբերի, 2023