Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում։ Այս մասին նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։ «Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խոր մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։ Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար»,- նշված է հայտարարության մեջ։  
20:04 - 12 նոյեմբերի, 2021
Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և  7-ը․ Մայր Աթոռը դիմել է ԱԺ

Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը․ Մայր Աթոռը դիմել է ԱԺ

Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր: Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը: Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։ Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․ «Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում: Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական: Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։ Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և հունվարի 7-ը։
13:57 - 30 հոկտեմբերի, 2021
Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար․ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարն ասել է Գարեգին Բ–ին

Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար․ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարն ասել է Գարեգին Բ–ին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։Ողջունելով Քույր Եկեղեցու ներկայացուցիչների այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում Վատիկանի և Մայր Աթոռի միջև համագործակցության նոր հնարավորություններ կընձեռնի։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մայր Աթոռի ներկայացուցչությունը Վատիկանում ևս նպաստում է երկու եկեղեցիների բարեկամական կապերի առավել զորացմանն ու խորացմանը։Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն հայտնեց Սուրբ Աթոռին և նրա գահակալին արցախյան 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության, զորակցության, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար:Հայոց Հովվապետը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին։Իր հերթին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի բարեմաղթությունները։ Վատիկանի փոխպետքարտուղարը նշեց, որ Սուրբ Աթոռի առաքելական մշտական նվիրակության բացումը Հայաստանում էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների միջև ձևավորված գործակցությունը։Զրույցի ընթացքում Վատիկանի փոխպետքարտուղարն Ամենայն Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հետպատերազմյա խնդիրների, ի մասնավորի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար։
15:03 - 28 հոկտեմբերի, 2021
Հոգևոր առաջնորդներիս ջանքերը պիտի հետապնդեն փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ. Գարեգին Բ Կաթողիկոս

Հոգևոր առաջնորդներիս ջանքերը պիտի հետապնդեն փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ. Գարեգին Բ Կաթողիկոս

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:   Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով: «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում: ...Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»:   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասաց. «2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։   Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է:   Ադրբեջանը, անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ։   Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ, ում ևս մեկ անգամ հայտնում ենք Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի երախտագիտությունը, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։   Ձերդ Սրբություն, ցանկանում ենք խորը զգացվածությամբ շնորհակալություն հայտնել Ձեր ազնիվ միջնորդությունների և խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդես բերեցիք պատերազմական 44-օրյա գործողությունների ընթացքում և դրանց ողբերգական հետևանքների հաղթահարման համատեքստում: Չափազանց կարևոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագա գործունեության ապահովման հարցում:   2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունված հայտարարության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման և Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:   Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ և լարված:   Հետևաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,   - քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։   - քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,   - քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,   - քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,   - քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,   - քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։   Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը:   Տարբերությունների մեջ հանդուրժողականության, խաղաղ համակեցության ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաև Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «Ձեզանից յուրաքանչյուրին որոշակի օրենքներ և ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթե Աստված կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մեկ հասարակության վերածել, սակայն (այդպես չկամեցավ), որպեսզի ձեզ տվածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցեք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48): Հենց այս ոգով այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապված իրականության մեջ բոլոր խնդիրները ազգերի միջև պիտի կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, արդարությամբ, օրինականության և իրավունքի հարգումով։   Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։ Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիների գործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։   Հակառակ առկա ծանր կացության՝ Մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև զորակցությամբ խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների։ Նաև հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները ետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև։   Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։   Վերստին Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, հանուն խաղաղության Ձեր ներդրած ջանքերի և այս հանդիպման համար: Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգևոր-կրոնական խնդիրների կարգավորման և մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում։   Աղոթում ենք աշխարհում խաղաղության և մեր տարածաշրջանում կյանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տերը օրհնի խաղաղության բոլոր ճանապարհները և Իր իմաստությամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:   Տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես եկավ հայտարարությամբ։ 
20:33 - 13 հոկտեմբերի, 2021
Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար

Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:   Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձավ երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսեց երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:   Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:   «Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը», - ընդգծեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:   Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունը հայտնեց Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար:   Նորին Սրբությունը նաև հավելեց. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:   Զրույցի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:   Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։   Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշեց. «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:   Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
22:21 - 12 հոկտեմբերի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, ինչի համար էլ երեկ՝  հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Ի պատասխան հարցին, թե հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, հոգեւոր առաջնորդներն ի՞նչ հարցեր են քննարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց՝ հիմնական նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են: «Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: 
16:41 - 12 հոկտեմբերի, 2021
Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
16:12 - 12 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։   Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։   Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։  
21:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
15:19 - 05 հոկտեմբերի, 2021
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը նոր տնօրեն ունի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը նոր տնօրեն ունի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնում նշանակվել է արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի արդեն նախկին տնօրեն  տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ շուրջ 20-ամյա ծառայությունից հետո հոկտեմբերի 1-ից դադարում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները: «Ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Որդիական երախտագիտությունս Ամենայն Հայոց Հայրապետին՝ այս տարիների ընթացքում անձիս հանդեպ իր վստահության, մեր աշխատանքում՝ համբերատարության և հետևողականության համար։ Իմ երախտագետ զգացումներն եմ փոխանցում բոլոր այն ԶԼՄ պատասխանատուներին, խմբագիրներին ու լրագրողներին, ում հետ անցել եմ երկարուձիգ այս ճանապարհը՝ փորձելով Հայոց Եկեղեցու առաքելությունը, մերօրյա ծառայությունը, խնդիրներն ու ցավերը, հայ եկեղեցականին ավելի հասանելի ու ըմբռնելի դարձնելու մեր հասարակությանը, հանրահռչակել քրիստոնեականը»,- նշել է նա։ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը բարի ծառայություն է մաղթել Տեղեկատվական համակարգի նոր տնօրենին՝ Արժանապատիվ տեր Եսայի քահանա Արթենյանին:
10:28 - 01 հոկտեմբերի, 2021
Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:  Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրան: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:  Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու  կսերտանա:   Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի  ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:  Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
18:48 - 07 սեպտեմբերի, 2021
Մայր Աթոռում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Մայր Աթոռում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին տոնախմբել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշել է. «Երկու հազար տարի առաջ Աստվածամայրը մեզ չլքեց և չգնաց, այլ ապրում է մեր մեջ, ապրում է բոլոր մայրերի մեջ, և մենք անցյալով չենք խոսում Աստվածամոր մասին, որովհետև նա այսօր մեզ հետ է»: Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով առաջին դարում տեղի ունեցած իրադարձություններին, խոսել է Սուրբ Աստվածածնի կերպարի և փրկագործության պատմության մեջ նրա ունեցած դերակատարության մասին, ինչպես նաև Վերափոխման տոնի խորհրդին՝ պատգամելով ներկաներին ապրել Վերափոխման խորհրդի իրականության մեջ՝ խնդրելով Սուրբ Կույսի բարեխոսությունը։ Եզնիկ Սրբազանը, հատուկ անդրադարձ կատարեց որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ․ «Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ, և որոնց համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։ «Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ովքեր որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, ովքեր իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, ովքեր իրենց հայրերին կորցրեցին։ Թող Աստվածամայրը ձեր որդիների հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ Ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ Վերջում Պատարագիչ Սրբազանը, աղոթք վերառաքելով առ Աստված, ևս մեկ անգամ հաստատել է, որ Աստվածամայրը կենդանի է. « Նա մեզ հետ է։ Քրիստոս այս պահին գալիս է Աստվածամորը փոխադրելու։ Վաղը նույնպես Աստվածամայրը մեզ հետ է լինելու, բոլորիս սրտերում»։ Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը: Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:
17:28 - 15 օգոստոսի, 2021
Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին, անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին

Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին, անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։ Խոսվել է առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։
21:48 - 20 հուլիսի, 2021
Արցախի թեմի հոգևոր արժեքների սրբապղծությունների մասին դատողություններից խուսափելով՝ նա վկայակոչում էր աղվանական-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգը. Մայր Աթոռը`Շուշիում Փաշազադեի հայտարարությունների մասին |armenpress.am|

Արցախի թեմի հոգևոր արժեքների սրբապղծությունների մասին դատողություններից խուսափելով՝ նա վկայակոչում էր աղվանական-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգը. Մայր Աթոռը`Շուշիում Փաշազադեի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին: - Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, թե իբր այն ունի ոչ հայկական ծագում: - Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրոնական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների առջև Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի կատարած հերթական կեղծ հայտարարություններին…Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադեին բնորոշ ոճ է՝ իրողությունները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարավոր ընտանիքների անօթևան մնալու, Արցախի թեմի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ սրբապղծությունների և ավերածությունների մասին դատողություններ անելուց խուսափելով՝ Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը: -Հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գոյություն ունի եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափը, որի շրջանակներում նաև ստորագրվել  է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիր: Արդյոք գործում է այդ ձևաչափը, հնարավո ՞ ր է, որ այդ ձևաչափով լինեն հանդիպումներ և քննարկումներ: - Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր: Տակավին պատերազմական գործողությունների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղված առանձին նամակով իր պատրաստակամությունն էր հայտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնական նամակով դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ մեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշազադեի հետ հայ ռազմագերիների վերադարձի, ինչպես և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեր հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը քննարկելու նպատակով։ Ինչ վերաբերում է Շեյխ ուլ Իսլամի հայտարարությանը ՄԱԿ-ի խողովակով հանդիպման ցանկության մասին, ապա դա թյուրընկալման արդյունք է։  ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ ԱՄՆ-ում հանդիպմանը վերջինիս կողմից Ադրբեջանի շեյխի հետ հանդիպման առաջարկին Հայոց Հայրապետը պատասխանել է, որ արդեն իսկ Կիրիլ պատրիարքին հայտնել է իր համաձայնությունը Մոսկվայում նման հանդիպման կազմակերպման համար:
09:32 - 14 հուլիսի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում են եղել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա են եղել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու կրթական հաստատության միջև հաստատված սերտ գործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ։
17:46 - 25 հունիսի, 2021