#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. Մելքումյան |armenpress.am|

ԲՀԿ-ի՝ որևէ քաղաքական ուժի միանալու մասին խոսակցությունները հիմք չունեն. Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: Խոսակցությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է միանալ որևէ քաղաքական ուժի, որևէ հիմք չունեն: Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում»,-նշել է Մելքումյանը: Նրա վստահեցմամբ՝ եթե հաղթանակ տանեն, ապա իրենք են որոշելու, թե ով պետք է իրենց քաղաքական ուժին միանա, և արդյոք պե՞տք է միանա, թե՞ ոչ: Մելքումյանը հավելել է, որ իրենք գնում են իրականություն դարձնելու իրենց ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում: «Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»,-վստահեցրել է ԲՀԿ-ական պատգամավորը:
17:03 - 19 մայիսի, 2021
ԱԺ ընտրություններին ընդառաջ Ոստիկանությունը ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ–ում վերջին 4 տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք կտրամադրի նաև մայիսի 22-ի և 23-ի ոչ աշխատանքային օրերին

ԱԺ ընտրություններին ընդառաջ Ոստիկանությունը ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ–ում վերջին 4 տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք կտրամադրի նաև մայիսի 22-ի և 23-ի ոչ աշխատանքային օրերին

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից 17.00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:
15:01 - 19 մայիսի, 2021
Ոստիկաններն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ոստիկանությունը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Ոստիկաններն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ոստիկանությունը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության կապակցությամբ, թե «ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն»: ««Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն: Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»:
14:34 - 19 մայիսի, 2021
Ալյանս կուսակցությունն ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշումը փոխել է. հայտարարություն

Ալյանս կուսակցությունն ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշումը փոխել է. հայտարարություն

Ալյանս կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ փոփոխություն չի կրել։ Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների, առանց նախապայմանների, իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով: Սա ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարության հատվածն է սահմանային իրադրության վերաբերյալ։ Ելնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից, հերթական լայնածավալ պատերազմի վտանգի առկայությունից, կառավարման, մեղմ ասած, վտանգավոր ու պետականակործան ընթացքից՝ անհրաժեշտ ենք համարում շտապ վերանայել քաղաքական ուժերի մոտեցումները նաև ներքաղաքական իրավիճակի առումով։ Հարկավոր է առավելագույնս մոբիլիզացնել բոլոր այն ուժերը, որոնք իրապես մտահոգ են Հայրենիքի ճակատագրով։ Անհրաժեշտ է համախմբվել, ստեղծել ամենամեծ ու լայն միավորումը, որում կընդգրկվեն հայաստանյան քաղաքական ուժեր, ակտիվ նախաձեռնություններ և կարող անհատներ, սփյուռքի կառույցներ, և անդառնալի իրադարձությունների նախաշեմին կանգնած մեր երկրի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը։ Եթե Աստծո կամոք, մինչև արտահերթ ընտրությունների օրը խաղաղություն պահպանվի, համախոհ քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը ընտրություններին այլևս ճիշտ չէ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ալյանս կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին։ Կոչ ենք անում միավորվել, պահն է մի կողմ դնել բոլոր հարցերն առանց բացառության, բացի մեկ բանից` երկրի փրկությունը։
13:24 - 19 մայիսի, 2021
Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. Մըրֆին ներկայացրեց դիտորդական առաքելության անելիքները |armenpress.am|

Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. Մըրֆին ներկայացրեց դիտորդական առաքելության անելիքները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու է իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև՝ քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: Առաքելության աշխատանքներից մանրամասներ հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին Երևանում՝ առաքելության աշխատանքի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում: Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները: Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը: Սակայն, կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կախված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի գնահատականներից, այդ թվում ճամփորդելու և սահմանների հետ կապված սահմանափակումներից, որոնք կգործեն ԵԱՀԿ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում գործող առողջապահական կարգավորումներից: «Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և այդ մասով ստանձնած միջազգային պարտավորություններին: Դա ենթադրում է նաև ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխանությունը ազգային օրենսդրությանը: Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական առաքելության անբաժան մաս»,-ասաց Մըրֆին: Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության հետ: Առաքելությունն աշխատանքի ընթացքում հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն, իսկ ընտրությունների հաջորդ օրը կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հայտարարությունը՝ նախնական բացահայտումների և եզրահանգումների վերաբերյալ: Իսկ ընտրական գործընթացների ավարտից հետո՝ մոտ 2 ամիս անց կհրապարակվի վերջնական հաշվետվություն, որտեղ կամփոփվեն ողջ ընտրական գործընթացի դիտորդության արդյունքները: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
12:40 - 19 մայիսի, 2021
Ոստիկանության ծառայողները, տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբների տարածքներ․ Վարդևանյան

Ոստիկանության ծառայողները, տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբների տարածքներ․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․ «Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբների կազմավորման գործընթացը։ Մարզային որոշ շտաբներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որևէ հիմնավորման ներս են մտել շտաբների տարածքներ և փորձել են հետարքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։ Հատուկ և հստակ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության որևէ ծառայող չի կարող ստանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, պարտավոր է մնալ իր իրավասությունների տիրույթում և որևէ փորձ անգամ չկատարի «Հայաստան» դաշինքի շտաբի գործընկերների նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու ուղղությամբ։ Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի նկատմամբ, հաշվի առնելով վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտիվ մտահոգությունները։ Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում մեր կողմից կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ»։
11:53 - 19 մայիսի, 2021
Հինգ կուսակցություն համաձայնության են եկել Ազատ Հայրենիք դաշինք ձևավորելու մասին |ardarutyun.am|

Հինգ կուսակցություն համաձայնության են եկել Ազատ Հայրենիք դաշինք ձևավորելու մասին |ardarutyun.am|

ardarutyun.am: Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցություները համաձայնության եկան Ազատ Հայրենիք դաշինք ձևավորելու մասին: Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար: ԱՀ Դաշինքի Ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
11:43 - 19 մայիսի, 2021
ՀՌՀ-ն սահմանել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

ՀՌՀ-ն սահմանել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ մայիսի 18-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 527 և 415 միավոր: Հիշեցնենք, որ մրցույթի անցողիկ նվազագույն շեմը 280, իսկ առավելագույնը 840 միավորն է։ Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին՝ նշվել է, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել է 2021 թվականի հունիսի 20-ը: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար 1 800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
14:52 - 18 մայիսի, 2021
Բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ

Բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ փորձ է արվել խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»- ի թիմը  մայիսի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում: «Փոխնախարարին ներկայացվեց ոչ միայն տեղամասերի մատչելիության հետազոտությունը, այլև ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի թիմը նաև հաստատեց, որ ԿԸՀ-ի աջակցությամբ հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը»,-նշված է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի «Ֆեյսբուք»-ի էջում:
14:37 - 18 մայիսի, 2021
Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»: Արսեն Թորոսյանը  ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է   նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված  ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են  բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն  շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական  գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:   Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում:  
14:14 - 18 մայիսի, 2021