ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։ Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։  Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։ 
14:58 - 03 հունիսի, 2022
Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտերերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։
13:12 - 03 հունիսի, 2022
Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ, կքննարկեն անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը |armenpress.am|

Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ, կքննարկեն անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են, նախարարը հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները: Քերոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը նախ նշեց, որ շատ մտահոգ են այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսի անցակետում: Ապա նա վստահեցրեց, որ օրական մի քանի ժամ ինքը, իր գործընկերները զբաղվում են հենց այդ անցակետի հետ կապված հարցերով, այդ հարցերով են զբաղվում նաև ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը: Հայաստանցի պաշտոնյաները ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են: «Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Քերոբյանը: Օրինակ՝ նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել լարվածությունը: Ըստ նրա՝ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար: «Երկրորդ՝ ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց Քերոբյանը: Նախարարը նկատեց, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով: ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել:
14:51 - 01 հունիսի, 2022
ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ապրիլի 16-ից ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են սկսել, որոնց կատարումից հետո՝ հունիսի 27-ին ատոմակայանը կմիանա էլեկտրաէներգետիկ ցանցին։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը հիշեցնում է՝ դեռ 2015 թ․-ին ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան 300 միլիոն դրամի վարկ էր տրամադրել ատոմակայանին, որից 190 միլիոն ծախսել են՝ ապահովելով գործող էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացումը։ Վարդանյանի խոսքով՝ գործող երկրորդ էներգաբլոկը կշահագործվի մինչև 2036 թ․-ը։ Նախատեսվում է, որ նույն տարում պատրաստ կլինի նոր էներգաբլոկը․ «Ստեղծվել է հայ-ռուսական հանձնաժողով, այս պահին նախնական որոշում ենք, թե ինչ հզորությամբ է աշխատելու, տեխնիկատնտեսական հաշվարկի համար հիմա ստրուկտուրա ենք հաստատում, հիմնավորումները կատարել ենք։ Պետք է հասկանալ սպառումը, հասկանալ, թե ընդհանրապես ինչ կարժենա բլոկը ու դիմել կառավարությանը»,-ասում է Մովսես Վարդանյանը։  Անդրադառնալով ատոմակայանում իրականացվող աշխատանքներին՝ Վարդանյանն ասում է՝ այս պահին նոր ենթակայանի կառուցում է իրականացվում, որը, ըստ նրա,  էներգետիկ համակարգի կարևոր օղակներից մեկը կլինի։ Աշտարակահովացուցիչների մրցույթը հայկական ընկերություն է շահել, առաջիկայում նախատեսում են նոր դիզել-գեներատորային կայանի մրցույթ հայտարարել․ «Ռուսական 300 մլն կրեդիտից մենք օգտագործել ենք 190 միլիոնը։ Երբ ռուսական կրեդիտի ժամանակահատվածն ավարտվեց, մեր կառավարությունը մեզ հատկացրեց միջոցներ։ Հիմա մեր կառավարության ֆինանսների հաշվին շարունակում ենք աշխատանքը»։  Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնվել, կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում այն թրծվել էր, սակայն դրանից հետո ստուգվում էր ամրությունը։  Ատոմակայանի մանրակերտը Վարդանյանը նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցի վերաբերյալ հարցին անդրադարձավ, որի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոըմբռնման հուշագիր էր ստորագրվել․ «Մենք՝ որպես շահագործող կազմակերպություն սկսած 1995-96 թ․-ից մեծ համագործակցության ծրագրեր ունենք և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Եվրոպական Միության հետ, և՛ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ, և իհարկե Ռուսկորպորացիայի հետ։ Այդպիսի մեմորանդում ունենք շատ երկրների հետ, այս պահին մենք Ամերիկայի հետ ունենք այդպիսի համագործակցության ծրագրեր և տարեկան որոշակի գումարներով մեզ փորձում են օժանդակել»։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը 1000-1200 մեգավատանոց էներգաբլոկները նախընտրելի է համարում՝ նշելով՝ Հայաստանը պիտի առաջ նայի․ «Հիմա շուկայում կա և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական արտադրության ստանդարտ բլոկները՝ 1000-1200 մեգավատանոց, մեր սեյսմիկ զոնային համապատասխան։ Դրանք շատ լավ բլոկներ են, օպերատորը և հանձնաժողովը այդ հզորությունը համակարգի համար մի քիչ շատ են համարում, բայց դրանք 100 տարվա բլոկներ են և ես հուսով եմ, որ Հայաստանը պետք է առաջ նայի, այդ թվում՝ մինչև 100 տարի»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանին շրջապատող էլետրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ կան, որոնց հետ կարելի է անցնել առևտրի, ինչպես օրինակ Իրանը, Սիրիան, Իրաքը։   Նանե Ավետիսյան
12:52 - 01 հունիսի, 2022
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանին

Բանգկոկում մայիսի 23-27-ը կայացել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Անձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:  «Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ազգային ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, չկատարելով Կայուն զարգացման նպատակների հիմնական սկզբունքը, այն է «leaving no one behind»»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:
20:28 - 31 մայիսի, 2022
Բաքուն դեռ շարունակում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, խախտում է հրադադարը, հրաժարվում է ազատ արձակել ռազմագերիներին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ հնդկական «ՎԻՈՆ»–ին

Բաքուն դեռ շարունակում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, խախտում է հրադադարը, հրաժարվում է ազատ արձակել ռազմագերիներին․ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ հնդկական «ՎԻՈՆ»–ին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. –Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: –Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։ 16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում: Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։ – Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր: –Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։ Մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որն, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր:  Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց: Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։ – Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների ժամանակ։ –Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։  – Կոմունիկացիաների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյո՞ք կմիանաք Չաբահար նավահանգստի նախագծին: Պատասխան․ Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։ –Ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ակնկալիք ունե՞ք։ – Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։ Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։ Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։ Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել: – Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ապա տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկանները աջակցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: –Այո, եղել է նման տեղեկատվություն Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։ Վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական: Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։ –Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում: –Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել: –Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:  –Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։ Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։ Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։
13:35 - 30 մայիսի, 2022
Ադրբեջանի սադրանքները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

Ադրբեջանի սադրանքները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները։
14:12 - 29 մայիսի, 2022
Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել նոր իրողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններին։ Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։ Բաքուն հայկական կողմին հորդորում է ընդունել , որ «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։ «Միայն տարածաշրջանում նոր իրողությունների և հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
19:53 - 28 մայիսի, 2022
Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ի՞նչ կասեք այս մասին: - Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: -Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: -Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
15:51 - 28 մայիսի, 2022
ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ԱԳՆ արձագանքը Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարություններին։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում։
12:01 - 28 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 27-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Խորհրդակցությունների ավարտին Իրենա Դիմիտրովային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։ Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի: Նույն օրը բուլղարական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
17:38 - 27 մայիսի, 2022
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում: Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը: ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության արդյունքում։ Եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպա­նության մարտահրավերների հաղթահարմանը։ Համարվում է ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման առաջամարտիկ։ Ունի միջազգային կազմակերպության և միաժա­մանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։
15:55 - 26 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին  ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
13:26 - 26 մայիսի, 2022
 «Դա խայտառակ շոու էր». Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին
 |1lurer.am|

 «Դա խայտառակ շոու էր». Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով անդրադարձավ երեկ նախարարության դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային՝ նշելով, որ դա խայտառակ շոու էր: «Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր: Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք, ենթադրում եմ՝ քննարկելու ու ինձ հարցեր ուղղելու համար և ինձնից պատասխաններ լսելու: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք են դրսևորել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»,- ասաց Արարատ Միրզոյանը: Խոսելով ընդդիմության՝ Արցախի դրոշներ փակցնելու ակցիայի մասին՝ ասաց՝ ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու: «Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին կամ կրեին այդ դրոշներն իրենց կոստյումների վրա: Նաև ուզում եմ ասել, որ վստահ չեմ, թե երեկվա ակցիան ուզում էր վիժեցնել ինչ-որ բան, թե պատասխան էր ինչ-որ կոնկրետ բանի: Ես այստեղից ուզում եմ իրենց և իրենց տերերին ասել՝ չի ստացվելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:
22:30 - 25 մայիսի, 2022