ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան
12:52 - 01 հունիսի, 2022

ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ապրիլի 16-ից ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են սկսել, որոնց կատարումից հետո՝ հունիսի 27-ին ատոմակայանը կմիանա էլեկտրաէներգետիկ ցանցին։ 

Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը հիշեցնում է՝ դեռ 2015 թ․-ին ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան 300 միլիոն դրամի վարկ էր տրամադրել ատոմակայանին, որից 190 միլիոն ծախսել են՝ ապահովելով գործող էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացումը։ Վարդանյանի խոսքով՝ գործող երկրորդ էներգաբլոկը կշահագործվի մինչև 2036 թ․-ը։

Նախատեսվում է, որ նույն տարում պատրաստ կլինի նոր էներգաբլոկը․ «Ստեղծվել է հայ-ռուսական հանձնաժողով, այս պահին նախնական որոշում ենք, թե ինչ հզորությամբ է աշխատելու, տեխնիկատնտեսական հաշվարկի համար հիմա ստրուկտուրա ենք հաստատում, հիմնավորումները կատարել ենք։ Պետք է հասկանալ սպառումը, հասկանալ, թե ընդհանրապես ինչ կարժենա բլոկը ու դիմել կառավարությանը»,-ասում է Մովսես Վարդանյանը։ 

Անդրադառնալով ատոմակայանում իրականացվող աշխատանքներին՝ Վարդանյանն ասում է՝ այս պահին նոր ենթակայանի կառուցում է իրականացվում, որը, ըստ նրա,  էներգետիկ համակարգի կարևոր օղակներից մեկը կլինի։ Աշտարակահովացուցիչների մրցույթը հայկական ընկերություն է շահել, առաջիկայում նախատեսում են նոր դիզել-գեներատորային կայանի մրցույթ հայտարարել․ «Ռուսական 300 մլն կրեդիտից մենք օգտագործել ենք 190 միլիոնը։ Երբ ռուսական կրեդիտի ժամանակահատվածն ավարտվեց, մեր կառավարությունը մեզ հատկացրեց միջոցներ։ Հիմա մեր կառավարության ֆինանսների հաշվին շարունակում ենք աշխատանքը»։  Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնվել, կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում այն թրծվել էր, սակայն դրանից հետո ստուգվում էր ամրությունը։ 


Ատոմակայանի մանրակերտը

Վարդանյանը նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցի վերաբերյալ հարցին անդրադարձավ, որի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոըմբռնման հուշագիր էր ստորագրվել․ «Մենք՝ որպես շահագործող կազմակերպություն սկսած 1995-96 թ․-ից մեծ համագործակցության ծրագրեր ունենք և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Եվրոպական Միության հետ, և՛ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ, և իհարկե Ռուսկորպորացիայի հետ։ Այդպիսի մեմորանդում ունենք շատ երկրների հետ, այս պահին մենք Ամերիկայի հետ ունենք այդպիսի համագործակցության ծրագրեր և տարեկան որոշակի գումարներով մեզ փորձում են օժանդակել»։ 

Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը 1000-1200 մեգավատանոց էներգաբլոկները նախընտրելի է համարում՝ նշելով՝ Հայաստանը պիտի առաջ նայի․ «Հիմա շուկայում կա և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական արտադրության ստանդարտ բլոկները՝ 1000-1200 մեգավատանոց, մեր սեյսմիկ զոնային համապատասխան։ Դրանք շատ լավ բլոկներ են, օպերատորը և հանձնաժողովը այդ հզորությունը համակարգի համար մի քիչ շատ են համարում, բայց դրանք 100 տարվա բլոկներ են և ես հուսով եմ, որ Հայաստանը պետք է առաջ նայի, այդ թվում՝ մինչև 100 տարի»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանին շրջապատող էլետրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ կան, որոնց հետ կարելի է անցնել առևտրի, ինչպես օրինակ Իրանը, Սիրիան, Իրաքը։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել