news.am: Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ ըստ հերթականության, մենք Ջալալ Հարությունյանին հրավեր ենք ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։
Քոչարյանն ասաց, թե Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է ներկա լինելու քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու հարցերին։
«Շատ քիչ մարդիկ են եղել, որ համաձայնություն չեն տվել։ Ինչպես նշեց նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չօգտվել այս հարթակից, այս հնարավորությունից, պարզապես կլինի ախմախություն», - ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ Քննիչ հանձնաժողով։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
Ավելի մանրամասն՝ news.am-ում։
comment.count (0)