azatutyun.am: Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի երեկվա հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանն, ըստ Գրիգորյանի, Արցախի մասով ցավոտ լուծումների մասին այլևս չի խոսելու՝ շեշտելով՝ ինքն ընդհանրապես չի խոսում Արցախի մասին։
Երեկ Ազգային ժողովում, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, վարչապետն ասաց՝ հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի։
Մասնավորապես, գործադիրի ղեկավարը նշեց՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, «այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»: Թե ինչ ցավոտ լուծումների մասին էր խոսքը, վարչապետը չմանրամասնեց։
Խոսելով խաղաղության հնարավորությունից՝ Փաշինյանը շեշտեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե «հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»:
comment.count (0)