Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել․ Սամվել Բաբայան
09:53 - 20 ապրիլի, 2023

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել․ Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները.

«Ադրբեջանի նախագահը ինչ ուզում է ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ՝ հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը անկեղծ չէ, ԼՂ-ն պետք է հստակեցնի բանակցային թեման։

Վերջինս հայտնել է, թե առաջարկել էր, որ արցախյան կողմը ձևակերպի կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին, դրանից հետո լսել ադրբեջանցիներին, հասկանալ՝ եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսեն այլ հարցերի շուրջ։

«Ադրբեջանը վերջից է սկսել խոսելը, առանց վստահություն ձեռք բերելու, ասում է պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի, որ սկսեն փոխվստահությունից։ Արցախի ժողովուրդը 91 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել և հռչակագիր ունի, ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ այդ մարդը իրավունք ունենա, գնա բանակցի այլ կոնտեքստում»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով՝ ինքը լսում է երեկ ՀՀ վարչապետ, մինչ այդ Ադրբեջանի ղեկավարը, Արցախի ղեկավարությունը և ընդհանրապես վերջին 30 տարի մեր ղեկավարությունը բանակցում են ինչ-որ գաղտնի բաներ, որոնք իրականության հետ չէին համապատասխանում։

«Սա է մեր դժբախտությունը։ Ժողովրդից պետք է մանդատ ստանաս, պետք է ասես, որ գնալու ես բանակցես ինտեգրացում, ժողովուրդը կտա քեզ էդ լիազորությունը, կգնաս, կանես, եթե ոչ, եթե նա Անկախության հռչակագիր է ընդունել, դու պարտավոր ես դրանից դուրս չգալ։ Սա է խնդիրը»,- նշեց Բաբայանը։

Նա ընդգծեց, որ ինքը համարում է, որ Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։

Հարցին, թե ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, Բաբայանն ասաց․ «Անկախություն՝ ինչ-որ հասարակությունը հռչակագրով ընդունել է, ուրիշ ոչինչ»։

Լրագրողի դիտարկմանը, որ դա կնշանակի նոր պատերազմ, Արցախի ԱԽ նախկին քարտուղարը արձագանքեց, որ ամեն ինչի պատրաստ են ու պատրասվելու են։

«Բայց եթե անգամ ինչ-որ կարգավիճակ պետք է ստանանք, դրա համար պետք է հանրաքվե անցկացնել Արցախի ժողովրդի շրջանում, Արցախում, ստանալ մանդատ, նոր միայն գնալ բանակցությունների։ Չի կարելի հռչակագիր ընդունել Անկախության, գաղտնի բանակցություններ վարել, էս վիճակին հասցնել,․ մի հատ էլ ասել՝ ժողովուրդ, ինչ ա կատարվել, ամեն ինչ նորմալ ա։ Ու իրենք էլ որպես հանցագործ ման գան»,- ասաց Բաբայանը։

Խոսելով պատերազմի մասին՝ նա ասաց, որ պատերազմում պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե, որ Ադրբեջանը ուժեղ է եղել։ Նա նշեց, որ ցանկացած խնդիր լուծվելու է, իսկ եթե Ադրբեջանն ուզում է բանակցություններ, պետք է քննարկել, հասկանալ՝ ինչ քայլերով են գնում բանակցությունների։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է արել՝ Հայաստանից պահանջելով հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», ինչպես նաև նշել, թե «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել