Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի
 |civilnet.am|
12:01 - 20 ապրիլի, 2023

Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի |civilnet.am|

civilnet.am:  Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, և դրա կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ պետք է կառուցել նոր մաքսակետ, ժամկետները սուղ են և անհրաժեշտ է աշխատանքները կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը ամբողջությամբ գնահատվում է մոտ 733 միլիոն դրամ։

Նախագծումն իրականացնելու է «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն, իսկ շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» ՓԲԸ-ն ու «Սահակյանշին» ՓԲԸ-ն։

Ապրիլի 11-ին Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա»։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնել էր Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելել էր, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել