Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան |armenpress.am|
20:46 - 21 ապրիլի, 2023

Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 2018 թ-ից մինչև օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Վարչապետը նշեց՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք փորձում են իրենց ներկայացնել Սյունիքի «իրավատեր և սեփականատեր»:

«Սյունիքի մարզում 2018 թ. մինչև օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ: Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքում»,-ասաց Փաշինյանը:

Նա հարցրեց՝ իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքի մարզում մինչև 2018 թվականը քանի հայկական գյուղ է դատարկվել: «Տասնյակ գյուղեր դատարկվել են: Եվ բոլորը գիտեն դրա մասին»,-նշեց վարչապետը:

Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին՝ վարչապետը նկատեց՝ խորհրդարանում ներկայացվեցին կոմբինատի կողմից 2022-ին վճարած հարկերը: Փաշինյանը հարցրեց՝ իսկ դրանից առաջ ո՞ւր են գնացել այդ հարկերը:

«Կապանում մենք խոստացանք, որ ԶՊՄԿ-ում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Եվ, երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով այդ կոռուպցիայի «կռանիկներ» փակվեցին, այստեղ (խմբ.-Ազգային ժողովում) մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ. որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, ԶՊՄԿ-ից եկող «ծորակիկներ» էին, որից սնվում էին: Փակեցինք, հիմա նրանք այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանք հիմա փորձ են անում դեռ փախցրած մի քանի միլիոն դոլարները տանեն, թաքցնեն, որ վայելեն»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ դրանց հետևից ևս գնալու են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել