«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյանը նշեց իրենց անելիքները |armeniasputnik.am|
16:19 - 22 ապրիլի, 2023

«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյանը նշեց իրենց անելիքները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքական ուժի նախագահ Մանե Թանդիլյանը։

«Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,- ասաց Թանդիլյանը։

Նա վստահեցրեց՝ Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչն ընդգծեց՝ Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։

«Երևանցին պետք է արժանի արձագանք տա ներկայիս իշխանությունների կողմից մայրաքաղաքը զավթելու փորձերին։ Գործող ավագանին մինչև ապրիլի 25-ը պարտավոր է, համաձայն օրենսդրության, իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ։ Երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, որը նախաձեռնել է Երևանի «էկոցիդը», մտածում է, որ ինքն է դա որոշում։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, որովհետև համոզված է՝ օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը»,- ասաց Թանդիլյանը։

Նշենք՝ եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվի նոր քաղաքապետ, ապա Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշմամբ։ Ըստ կուսակցության նախագահի՝ եթե այդ ժամանակ գործադիրը, ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության, ապա կհանդիպեն դատարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել