«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ՝ հայ գերիների ազատ արձակման հասնելու պահանջով |news.am|

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ՝ հայ գերիների ազատ արձակման հասնելու պահանջով |news.am|

news.am: Մարտի 20-ին կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Մասնակիցները պահանջում են հասնել հայ գերիների ազատ արձակմանը, որոնք անօրինական հետապնդման են ենթարկվում Ադրբեջանում։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը իշխանություններին մեղադրել է այս հարցում ցուցաբերած անգործության մեջ։ «Մենք կշարունակենք թեման պահել օրակարգում ոչ միայն ակցիայի միջոցով, այլեւ քաղաքացիների հետ հանդիպումներով»,- ընդգծել է նա։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները հակված են մոռացության մատնել թեման։ «Եթե խաղաղության պայմանագիրը գործարք չէ իշխանությունը պահելու նպատակով, այդ փաստաթղթում պետք է ներառվի հայ գերիների վերադարձի կետը։ Ավելին, սփյուռքում եւ միջազգային կառույցներում, որոնք զբաղվել են հայ գերիների վերադարձի հարցով, մարդկանց կոչ են արել չզբաղվել դրանով»,- ավելացրել է Թանդիլյանը։ Նա նշել է, որ Բաքուն շարունակում է պահանջներ առաջ քաշել, մինչդեռ խաղաղությունը կարող է կայանալ միայն ժողովուրդների հաշտեցման միջոցով։ «Բայց տեսեք, թե ինչ են գրում ադրբեջանական դասագրքերում հայերի մասին»,- նշել է քաղաքական գործիչը։ Նշենք, որ կառավարության շենքում ներկա պահին տեղի է ունենում նիստ։
12:37 - 20 մարտի, 2025
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող հայերին այցելելու, «դատավարություններին» մասնակցելու պահանջով |tert.am|

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիա է տեղի ունենում՝ Բաքվում պահվող հայերին այցելելու, «դատավարություններին» մասնակցելու պահանջով |tert.am|

tert.am: Արդեն մոտ երկու շաբաթ է հանրության բավականին ակտիվ գործողությունների արդյունքում այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Սա շատ կարևոր էր, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին, որ ՀՀ-ն դա հայ ժողովուրդն է և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,- ասաց նա։ Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջոլուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գերիների անհապաղ ազատում, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված և երեկ ընդունված բանաձևը: «Այդ բանաձևը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում և պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին այցելել Բաքվում գտնվող գերիների  դատավարությանը: Այս ամենը հանրության պահանջատիրության և պայքարի արդյունքում է, և սա շատ կարևոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը, և այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով՝ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին և այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին»,- նշեց նա: Առաքելյանն ընդգծեց, որ պետք է հայ գերիների առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատականներ տրվեն և գործողություններ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով՝ չունենալով որևիցե այլ տեղեկատվություն, թե մեր գերիներն ու վկաները ինչ ցուցմունքներ են տալիս: «Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաև ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարևոր է միջազգային հանրության ներկայությունն այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաև առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- ընդգծեց նա։
14:28 - 14 մարտի, 2025
Մանե Թանդիլյանը և մյուս երկու քաղաքացիները հացադուլը դադարեցնում են

Մանե Թանդիլյանը և մյուս երկու քաղաքացիները հացադուլը դադարեցնում են

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը։ Թանդիլյանը նշեց՝ խոսել են Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, նրանք հորդորել են դադարեցնել հացադուլը։ «Մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, խնդրել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի մեր քայլով նա հանկարծ իրեն վատ չզգա այնտեղ, այնտեղ ամուր-ուժեղ լինի նաև մեզանով», - նշեց Թանդիլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում։ Հացադուլը դադարեցնում են նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։ Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ անցնում են գործողությունների ակտիվ փուլի։ Նրա խոսքով՝ նախանշել են իրականացնել 2 ծրագիր՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրով նախատեսվում է անել գործողություններ, որոնք թույլ կտան Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Այդ նպատակով մարտի 14-ին ժամը 13։00-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա տեղի կունենա․ պահանջը դատերին միջազգային ներկայության ապահովումն է։  Երկարաժամկետ ծրագիրը բոլոր 23 գերիների տուն վերադարձի մասին է։ Թանդիլյանը նշեց՝ այս իշխանությունները գերիների հարցով կզբաղվեն միայն մի դեպքում․ երբ զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և դա իրենց համար իշխանական աթոռ է արժենալու․ «Այս կառավարությունը պետք է իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց, քանի դեռ մեր որդիներին ետ չեն բերել»։ Մանե Թանդլիյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել Ազատության հրապարակում` հաջակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի: Նա հույս էր հայտնել, որ իր այս ծայրահեղ քայլով կստիպի Վարդանյանին դադարեցնել հացադուլը:Այս օրերի ընթացքում Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, ապա վերադարձել է հացադուլի վայր: 
17:19 - 12 մարտի, 2025
Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը

Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը

Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Թանդիլյանը։ «Սա խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, և բոլոր հանրային գործիչներին, բժիշկներին պիտի խնդրեմ՝ դուք էլ խոսեք, դուք էլ եք չէ քաղաքացի այս երկրի, հրապարակեք սոցիալական կայքերում գոնե մեկ հայտարարություն, ստատուս, որտեղ բողոքի ակցիա կա, գնացեք, թույլ մի տվեք, որ մոռացության մատնվեն այդ մարդիկ։ Հավատացնում եմ ձեզ՝ ես այդքան կարեւոր չեմ հայ ժողովրդի համար, որքան Ռուբեն Վարդանյանը, եկեք պայքարենք, որ այդ մարդիկ հետ գան»։ Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներ իրեն այցելե՞լ են, Թանդիլյանը պատասխանեց․ «Ես շատ հույս ունեմ, որ չեն էլ համարձակվի այս տարածքով անցնել նույնիսկ, նրանք շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը այն ամենին, ինչ նրանք անում են, ամենեւին մտքներով չանցնի, քանի որ այս ամեն մեղսակից են իրենք, գիտեմ՝ չեն էլ գա․․․ »։ Անդրադառնալով ՄԻՊ-ի այցելությանը, Թանդիլյանը նշեց՝ նա նույնպես իր համար ՔՊ-ի ներկայացուցիչ է և վատագույն ՄԻՊ-ը Հայաստանի․ «Քննարկելիք, խոսելիք չունեմ նրա հետ, թող գերիների հարցով զբաղվի»։ Թանդիլյանը նշեց՝ ՄԻՊ-ը եկել է, ինքը, սակայն, չի հանդիպել նրա հետ։
16:43 - 07 մարտի, 2025
Մանե Թանդիլյանի համար շտապօգնություն են կանչել. նրա մոտ արտահայտված հաճախասրտություն է
 |arm.sputniknews.ru|

Մանե Թանդիլյանի համար շտապօգնություն են կանչել. նրա մոտ արտահայտված հաճախասրտություն է |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի մոտ, որն արդեն 3-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում, արտահայտված հաճախասրտություն է՝ սրտխփոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մաին ասաց նրա ընկերն ու բժիշկը` Կարեն Մաթևոսյանը։ Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի, իր այդ քայլով կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ «Հաճախասրտությունը պարբերաբար կրկնվում է բարձր թվերի վրա։ Առավոտյան ինքներս կառավարեցինք, բայց քիչ առաջ ստիպված եղանք շտապօգնություն հրավիրել, սիրտը հետազոտեցինք»,- նշեց Մաթևոսյանը։ Այս պահին Թանդիլյանի վիճակը կարգավորված է, սակայն ընկերներն անհանգստացած են նրա առողջական վիճակով։ Մաթևոսյանի խոսքով՝ արդեն հացադուլի օրերի ազդեցությունն է արտահայտվում, սակայն Թանդիլյանն այս պահին չի դիտարկում հացադուլը դադարեցնելու հարցը։ Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19-ից հացադուլ է սկսել։
17:06 - 03 մարտի, 2025
«Ապրելու երկիրը» մասնակցում է Գյումրիի ընտրություններին. քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է

«Ապրելու երկիրը» մասնակցում է Գյումրիի ընտրություններին. քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Այս մասին հայարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։ 2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։ Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։ Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։ Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:
14:54 - 03 մարտի, 2025
Դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և պահանջել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների անհապաղ ազատ արձակում. ակցիա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց

Դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և պահանջել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների անհապաղ ազատ արձակում. ակցիա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց

Քաղաքացիները հավաքվում են ՀՀ ԱԳ նախարարության դիմաց պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձավ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: «ՀՀ ԱԳՆ-ի՝ րոպեներ առաջ արված հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը: Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործողություններ իրականացնի: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել, սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը:  Մասնավորապես առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հրավիրվեն ՀՀ ԱԳՆ և ՀՀ կողմից հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, որոնք բացառապես գերի են, անկախ նրանից, թե նրանց նկատմամաբ ինչ դատավարություն ոն անցկացվում, պետք է օր առաջ ազատ արձակվեն: Միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի, քանի որ դա միջազգային իրավունքների, նորմերի խախտում է, սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս չի կազմում, ինչպես սահմանազատումն է և այլ հարցեր»,- նշեց նա: Առաքելյանն ընդգծեց, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը չի իրականացվում:  «Եթե Ռուբեն Վարդանյանը և մնացած հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մնացած ՔՊ-ականները Բաքվի ստրուկներ են: Եվ ստրուկի հոգեբանությամբ նրանք չեն պատրաստվում որևէ բան անել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ օր ու գիշեր աշխատում են այս ուղղությամբ, բայց չեն բարձրաձայնում չվնասելու համար, Առաքելյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ իրենց ասածը ամբողջովին ճիշտ է, չկա արդյունք: Այո, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ կառավարության պարտականությունն է, և նրանց օր ու գիշեր աշխատանքը եթե արդյունք չի տալիս, ապա այս մարդիկ պետք է հեռանան: Այսինքն՝ իրենց գլխավոր պարտականություններից մեկը չեն կատարում»:
12:29 - 28 փետրվարի, 2025
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  «Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ 2023 թվականի դեկտեմբերին ՔՊ խմբակցությունը նախաձեռնեց «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
15:38 - 04 հունվարի, 2024
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը. Թամազյան

Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ալավերդունախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։ Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։ Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։ Կարևորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ և միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։ Անկախ ամենից բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռքբերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, և, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։ Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է Թամազյանը։
20:50 - 15 դեկտեմբերի, 2023
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։  Արկադի Թամազյանը դիմել է Ալավերդու բնակիչներին.  «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։ Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է, այլ սեփական խղճուկ ամբիցիաներն ու շահերն ամեն գնով բավարարելը։ Այս մեկ տարվա ընթացքում ես և իմ թիմն ապացուցեցինք, որ համայնքը կառավարվում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ, և չնայած երկրի կենտրոնական իշխանությունների հաճախակի ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ իրականացված աշխատանքները տեսանելի են և ծանրակշիռ։Սիրելինե՛րս, այս օրերին ձեր կողմից ուղարկված նամակները, հեռախոսազանգերը, համացանցային հրապարակումներն իրապես ոգևորիչ են, որի համար շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ ձևավորված կայուն փոխվստահության մթնոլորտում մենք միասին վերադառնալու ենք Ալավերդին զարգացնելու մեր ընդհանուր գործին։ Հավելեմ նաև, որ մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։ Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը։Ես ձեզ հետ կշարունակեմ լինել ամենօրյա կապի մեջ՝ քննարկելու համար մեր հետագա ծրագրերը և անելիքները։ Վաղը համայնքային իշխանությունը զավթածները նախատեսել են համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, որը ևս համարում եմ հերթական հակաօրինական քայլը։Շնորհակալ եմ»։ 
09:46 - 08 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023
Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը
 |news.am|

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը |news.am|

news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ 
13:09 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։
11:05 - 05 դեկտեմբերի, 2023