Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն |armenpress.am|
18:10 - 23 ապրիլի, 2023

Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն |armenpress.am|

armenpress.am: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցելույթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Մարզահամալիրում մրցաշարին հետևում էր ռեկորդային 4418 հանդիսական:

Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր:

Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում  վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը:  Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել