RElection [#22] Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը. Հովսեփ Խուրշուդյան
17:30 - 14 նոյեմբերի, 2019

RElection [#22] Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը. Հովսեփ Խուրշուդյան

RElection ծրագրի շրջանակներում  «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:

- Պարո՛ն Խուրշուդյան, նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիյանի հետ: Նա Ձեզ այսպիսի հարց է ուղղել.



«Հիմա Հայաստանում կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ վերահսկողությունը շատ ցածր է, ընդ որում՝ թե՛ նախահեղափոխական, թե՛ հեղափոխական Հայաստանում: Ի՞նչ անել, որ մարդկանց վստահությունը կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ աճի»:

 - Քանի դեռ կուսակցությունների դերը մեր հասարակության գիտակցության մեջ թերարժևորված է, որն ունի օբյեկտիվ պատճառներ, իհարկե, նաև կուսակցությունների գործունեության հանդեպ վերահսկողությունը այդքան իմաստալից չի դիտվում հասարակության կողմից: Օբյեկտիվ պատճառները որո՞նք են. նախ, սկսենք նրանից, որ կուսակցությունները կայացած չեն Հայաստանում, ցավոք սրտի, ժողովրդավարական պատմություն մենք գրեթե չունենք: Այս մեկ ու կես տարին է, որ մենք կարող ենք ասել, որ ունենք ժողովրդավարական զարգացման պատմություն, և ունեցել ենք մոտ երկու-երեք տարի՝ 1991 թվականից հետո, երբ անկախությունը հռչակվեց, այն էլ էլի լիարժեք չենք կարող անվանել դա ժողովրդավարական պետության պատմություն, որովհետև նոր-նոր ստեղծվում էր ժողովրդավարությունը:

Պատահական չէ, որ այն ժամանակ չկար քաղհասարակություն, չկային հասարակական կազմակերպություններ, որովհետև Խորհրդային միության տոտալիտար համակարգը չուներ այդ ինստիտուտների ո՛չ պահանջը, ո՛չ էլ տեղն ընդհանրապես: Ուրիշ ինստիտուտներ էին գործում՝ ավելի ձևական բնույթ ունեցող պարտկոմները, կոմսոմոլի բջիջները, պիոներական կազմակերպությունները, որոնք չունեին առանձնապես վերահոսկողական ֆունկցիա և քաղաքացիական հասարակության դերակատարություն այն իմաստով, ինչ իմաստով դա ընդունված է զարգացած աշխարհում, հիմնականում արևմտյան աշխարհում:

Քանի դեռ չեն զարգացել կուսակցությունները, նաև իրենց տեղը չեն գտել պետական համակարգում, բնականաբար, իշխանությունը ոչ թե կենտրոնացած է կուսակցությունների ձեռքում փաստացի, այլ կենտրոնացած է պետական մարմինների ձեռքում, որոնք ձավորվել են մինչև հիմա ոչ թե միջկուսակցական արդյունավետ և մրցակցային պայքարի արդյունքում, այլ կա՛մ բռնազավթվել են ինչ-որ կրիմինալ խմբավորումների կողմից, կա՛մ էլ հեղափոխության ճանապարհով են ձևավորվել, որը էլի կուսակցական ճանապարհ անվանել չի կարելի;

Մենք ունենք պառլամենտական երկիր այսօրվա սահմանադրությամբ, որի հիքմերի հիմքը պետք է լինեն կուսակցությունները, որոնք ձևավորում են պառլամենտը: Կուսակցություններն, ընդհանրապես, ցանկացած ժողովրդավարական ժամանակակից պետության հիմքերի հիմքն են, նրանք ամենակարևոր ինստիտուտներից են՝ բանակի հետ, կրթական համակարգի հետ հավասարազոր:

Ես մի առիթով՝ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ , արտահայտվեցի, որ համազոր են կուսակցությունները բանակին, բայց կան ժամանակակից ժողովրդավարական երկրներ, որտեղ նույնիսկ բանակը բացակայում է: Նշանակում է՝ առանց բանակի հնարավոր է, որ գոյություն ունենա այս կամ այն պայմաններում ժամանակակից ժողովրդավարությունը, բայց առանց կուսակցության չի կարող գոյություն ունենալ: Պարզ է, դա Հայաստանի մասին չէր, եվրոպական որոշ երկրների մասին էր, բայց մի կին հետո մոտեցավ ինձ կուլիսներում, ասաց՝ ես զարմացած եմ, որ այդպիսի բան ասացիք, դա վտանգավոր է Հայաստանի համար, ո՞նց կարելի է նման բան ենթադրել: Ես հասկացա, որ չընկալվեց իմ խոսքը, բայց, մյուս կողմից, չզարմացա, որ չընկալվեց, որովհետև կուսակցությունների հանդեպ վերաբերմունքն այնքան բացասական է շատ դեպքերում հասարակության մեջ, այնքան թերարժևորված են կուսակցությունները, որ համեմատելը կուսակցությունը բանակի հետ սրբապղծության պես մի բան է դիտվում:

Կուսակցությունը դեռ հին ժամանակներում կատարել է կարևորագույն գաղափարաստեղծ գործառույթ հասարակաության մեջ, և պատահական չէ, որ գաղափարախոսությունները ձևավորվել են հենց կուսակցությունների հիմքում և կուսակցությունների միջև պայքարի արդյունքում շատ դեպքերում հղկվել են, կայացել են: Իսկ ի՞նչ է պետությունը. պետությունը գաղափար է, պետությունն իր ամբողջ կառուցվածքով հենված է գաղափարի վրա: Տարբեր պետություններ տարբեր գաղափարների վրա են հենված. տոտալիտար կոմունիստական հասարակարգը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի վրա (ճիշտ է, դրա աղավաղված տարբրակի), ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունները հիմնված են լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության վրա, որոշ եվրոպական երկրներ, լինելով շուկայական, լիբերալ տնտեսության ջատագով, այնտեղ իշխում են սոցիալ-դեմոկրատական, նույնսիկ երբեմն սոցիալիստական կուսակցություններ: Այսինքն՝ կան ունիվերսալ գաղափարախոսություններ, և այստեղ շատ դեպքերում հակասություն է առաջանում ազգային գաղափարախոսություն եզրի հետ:

Ժամանակին, երբ փոքր թվաքանակով զորքը կարողանում էր հաղթել մեծ բանակներին, դրա հիմքում ընկած էին գաղափարախոսությունը և գաղափարները, արժեքային համակարգը, որը ձևավորել են կուսակցությունները:

- Այսինքն՝ կուսակցությունները պետք է այնքան գաղափարապես կայանան, որ հանրության շրջանում նրանց նկատմամբ վստահությունը մեծանա՞:

- Միանշանակ: Եվ կուսակցությունները նաև պետք է ստանան համապատասխան լիազորությունները, այսինքն՝ նաև գաղափարապես կայանալու համար պետությունը, որ ձևավորվել է հեղափոխության արդյունքում, այլ ոչ թե կուսակցությունների կողմից, պետք է սկսի զարգացնել կուսակցություններին, ստեղծի այնպիսի դաշտ, որ կուսակցությունները կայանան, զարգանան: Այնպես չէ, որ գոյություն չեն ունեցել կուսակցություններ Հայաստանում: Եղել են կուսակցություններ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններ, բավականին ուժեղ կուսակցություններ, բայց անվանել դրանց կայացած, ժողովրդավարական կուսակցություններ հնարավոր չէ, որովհետև նաև զարգացման բնականոն ճանապարհ չեն անցել այդ կուսակցությունները:

Կուսակցություններ են եղել, որոնք նախագահական ընտրություններում հասել են հաջողության, հաղթանակի բառիս բուն իմաստով, ժողովրդի կողմից այդ վստահությունը ստացել են, իրենց թեկածուն հաղթել է, բայց ընտրությունների կեղծվելու արդյունքում այդ կուսակցությունների հանդեպ (չնայած իրենց մեղքը չի եղել, որ իրենց քվեն կեղծել են այն ժամանակվա իշխանությունները) հասարակության հիասթափություն է տեղի ունեցել, և ինչքան ուզում է, գաղափարական լիներ այդ կուսակցությունը, ինչքան ուզում է, պատրաստ լիներ պետական կառավարմանը, կորցրել է հասարակության վստահությունը զուտ այն պատճառով, որ չի կարողացել պահել իր ձայները, որն իր ֆունկցիան չէ, իրավապահ մարմինների ֆունկցիան է, պետությունը պիտի անի: Բայց քանի որ պետությունն էլ բռնազավթված է եղել կրիմինալ խմբավորումների կողմից առնվազն վերջին 20 տարվա ընթացքում, հետևաբար կուսակցություններն էլ հնարավորություն չեն ունեցել բնականոն զարգացում ապրելու:

Մյուս պատճառը կուսակցությունների ֆինանսավորման անբավարար մակարդակն է: Աշխարհում գոյություն ունի կուսակցությունների ֆինանսավորման երկու մոդել՝ ամերիկյան կամ լիբերտարիան, որը ենթադրում է, որ պետությունը չի ֆինանսավորում կուսակցություններին, այլ տարբեր սոցիալական խմբեր, շահագրգիռ խմբեր, ֆինանսական կառույցներ, ամեն մեկն իր շահերն առաջ մղելու նպատակով ֆինանսավորում է այս կամ այն կուսակցությանը կամ ներկայացուցչին նախագահական ընտրություններին առաջադրվելիս: Դրա համար էլ, իմ կարծիքով, ոչ այդքան արդյունավետ կառավարում է իրականանում հատկապես ճիշտ թեկնածուին կամ ճիշտ կուսակցությանն ընտրելու տեսակետից:

- Դուք մտածում եք, որ պետք է կուսակցությունների պետական ֆինանսավորումը բարձրացվի՞:

- Գալիս ենք եվրոպական մոդելին, որ հիմնականում գերմանական է, որը տարածվել է հետագայում այլ երկրներում, հատկապես արևելաեվրապական երկրներում, օրինակ՝ Լեհաստանում: Եվ Հայաստանի համար մենք հիմա փորձում ենք վերցնել գերմանականի մոդիֆիկացված տարբերակը՝ լեհականը, որը ենթադրում է, որ պետությունը ապահովում է կուսակցությունների ֆինանսավորումը, որպեսզի կուսակցությունները կախված չլինեն որևէ ֆինանսական խմբից կամ անհատից: Ի՞նչ է դա նշանակում է. պետությունն ասում է՝ եթե իմ հիմքը կուսակցություններն են, ուրեմն ես պետք է ապահովեմ իրենց բնականոն գործունեությունը, և ինչքան հզոր լինեն կուսակցությունները, այնքան հզոր կլինեմ ես, և այնքան անկաշկանդ կլինեմ ես, ինքնիշխան կլինեմ ես: Եթե կուսակցությունները ֆինանսների կարիք ունեն և սկսում են հայցել, օրինակ, օլիգարխների, այսինքն՝ խոշոր բիզնեսմենների աջակցությունը, միանգամից կախվածության մեջ են ընկնում այդ օլիգարխներից:

- Պետությունը կար՞ղ է այնքան մեծացնել կուսակցությունների ֆինանսավորումը, որ նրանք ո՛չ բիզնեսից, ո՛չ այլ շրջանակներից կախում չունենան:

- Այո՛, Գերմանիայում հենց այդպես է:

- Հայաստանում Դուք դա հանարավո՞ր եք համարում:

- Միանշանակ: Մենք նույնիսկ հաշվել ենք: Հատուկ ուսումնական այցով մեկնեցինք Լեհաստան 2008 կամ 2010 թվականին: Այն ժամանակ պատվիրակության մեջ տարբեր կուսակցությունների՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշնականան, նաև հանրապետական կուսակցության առաջին դեմքերից կային, և երբ անցանք այդ ամբողջ ուսումնական այցը, ծանոթացանք կուսակցությունների ֆինանսավորման բոլոր պայմաններին, նստեցինք, միասին հաշվեցինք, թե ինչքան ֆինանսական միջոցներ են պետք Հայաստանի ամբողջ կուսակցական համակարգին արդյունավետ գործունեության համար: Այն ժամանակվա գներով երկու-երեք միլիոն եվրոյի մասին էր խոսքը:

Այն ժամանակ նույնիսկ մետրոյի ժետոնների սարքերը որ փոխեցին, մեկ ու կես միլիոն եվրո տրամադրեցին. ամբողջ կուսակցական համակարգին պետք էր այնքան գումար՝ արդյունավետ գործելու համար և պետությունը շեշտակիորեն հզորացնելու համար, ինչքան այդ ժետոնների սարքը փոխելու համար: Բայց այն ժամանակվա իշխանությունները շահագրգռված չէին, որ քաղաքական համակարգը զարգանա, որովհետև քաղաքական բնույթ չունեին, վարչական ռեսուրսի և կրմինինալի սերտաճման հետևանքով ձևավորված ուժ էին:

- Ո՞րն է այն շեմը, որից բարձր տոկոսով ձայն հավաքած կուսակցությունները պետք է պետական ֆինանսավորում ստանան:

- Հանձնաժողովը, որ զբաղվում է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով, բավականին թափանցիկ է գործում, Համազասպ Դանիելյանն է զբաղվում ԱԺ-ից այդ հարցերով, և նաև խորհրդարանական լսումներ կազմակերպեցին, մինչև այդ փորձագետների հետ հանդիպումներ պարբերաբար լինում էին: Ես բոլորին մասնակցել եմ և նաև իմ առաջարկությունները ներկայացրել եմ, և էապես դրանք հաշվի էին առնվել, և ես դրա համար շատ ուրախ եմ:

Ի՞նչն էր հիմնական սկզբունքը, որ ընդունվել էր. պետությունը պետք է լինի հիմնական պատվիրատուն, և միակ կախվածությունը կուսակցությունները պետք է ունենան պետությունից, իսկ պետություն ասելով՝ մենք նկատի չունենք իշխանություններին, նկատի ունենք պետական ինստիտուտները, այդ թվում՝ օրենքները: Այսինքն՝ եթե օրենքով սահմանված են որոշակի շեմ ևֆինանսավորման որոշակի սկզբունքներ և չափորոշիչներ, ապա վերջ, ցանկացած կուսակցութուն կարող է ֆինանսավորում ստանալ, եթե համապատասխանում է այդ չափորոշիչներին կամ որոշակի շեմ է ապահովում:

«Կուսակցությունների մասին» օրենքը սերտորեն կապված է Ընտրական օրենսգրքին, և ես կապեցի նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի հետ: Նախ, Ընտրական օրենսգրքի մեջ, իմ կարծիքվ, պետք է ընդհանրապես շեմը հանվի, այսինքն՝ եթե ընտրողների ձայների թիվը բավարարում է թեկուզ մեկ պատգամավոր ընտրվելու համար, ուրեմն այդ մեկ պատգամավորին այդ կուսացությունը պետք է ունենա: Այդ սահմանափակումներն արհեստական են: Կուսակցությունը, եթե հավաքում է, ասենք, տասնհինգ-քսան հազար ձայն, որը բավական է մեկ տեղ ստանալու համար խորհրդարանում, դրանք չպետք է փոշիանան և միանան ուրիշ կուսակցությանը, որ ավելի շատ ձայն է հավաքել: Դա սխալ է:

- Հինգ տոկոս՝ կուսակցությունների և յոթ տոկոս՝ դաշինքների համար սահմանված անցողիկ շեմերը ևս պե՞տք է վերացվեն:

- Հիմա որոշված է, որ այդ շեմը պետք է նվազեցվի: Խոսք է գնում երկու կամ երեք տոկոսի մասին: Երբ կուսակցությունը չորս տոկոս հավաքում է, դա բավականին հզոր ուժ է, պարտադիր չէ՝ կուսակցությունը տասը-քսան տոկոս հավաքի, որ անվանենք դա կուսակցություն: Եվրոպական երկրներ կան, որտեղ խորհրդարանում տասնյակից ավել կուսակցություններ են, և դա շատ լավ է, դա ապահովում է բազմազանություն, ապահովում է տարբեր խմբերի շահերի մաքսիմալ ներգրավվածություն խորհրդարանում: Այնպես որ, այդ սահմանափակումը եթե ընդհանրապես վերացվի, ավելի լավ: Բայց եթե, ենթադրենք, երկու տոկոս է ընդունվում շեմը, ֆինանսավորման շեմը կարող է լինել մեկ տոկոսը հաղթահարածների համար:

Ինչի՞ համար է դա արվում, որ փակ ակումբ չդառնա խորհրդարանը, այսինքն՝ ով մի անգամ հաղթահարեց, հետո անընդհատ ֆինանսավորում ստանա, անընդհատ միայն ինքը հնարավորություն ունենա, պոտենցիալ ունենա խորհրդարանում վերընտրվելու, որովհետև ֆինանսավումը մեծ դեր ունի ընտրությունների ժամանակ, այլ նույնիսկ փոքր կուսակցություններին, մեկ տոկոսը հաղթահարած կուսակցություններին այդ հնարավորությունը տրվի, որ իրենք այն ֆինանսներն ունենան, որ շարունակեն իրենց կենսագործունեությունը: Կուսակցության գործունեությունը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. շատ լուրջ վերահսկողական գործառույթներ ունի կուսակցությունը՝ նաև հասարակության խնդիրները գտնելու, վերհանելու և բարձրաձայնելու: Եվ ամենակաևորը ֆինանսավորման մեջ ռեգրեսիվ սանդղակն է, որը գործում է Լեհաստանում, որի իմաստը հեևյալն է. որքան շատ ձայն է հավաքում կուսակցությունը, այնքան իրեն ձայն տված մեկ ընտրողի հաշվով ավելի քիչ գումար է ստանում:

- Հիմա օրենքով սահմանվում է, որ ֆինանսավորումը կուսակցություններին տրվում է նրանց հավաքած ձայներին համամասնորեն: Սա պե՞տք է փոխվի:

 - Այո՛, միանշանակ պետք է փոխվի, որովհետև, ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունները, որպես կանոն, ձևավորում են իշխանություն: Դա արդեն հսկայական ռեսուրս է՝ անկախ ֆինանսավորումից, այն էլ Հայաստանի նման ավանդույթներ ունեցող երկրում, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամ մեծ դեր են դեռ խաղում, և որտեղ իշխանություն ունենալու հանգամանքը որոշակի կախվածության զգացողություն է շատ դեպքերում նույնիսկ ակամայից առաջացնում ենթակա մարդկանց մոտ, շարքային քաղաքացիների մոտ, որոնք, օրինակ, պետական համակարգում, համայնքապետարաններում են աշխատում: Այդ վարչական ռեսուրսն ինքնին անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համեմատ:

Միանշանակ, բոլորի ֆինանսավորումը պետք է ավելացվի: Ի դեպ, ռեգրեսիվ սանդղակը չի նշանակում, որ գումարային առումով, օրինակ, յոթանասուն տոկոս հավաքած ուժը պետք է ավելի քիչ ստանա, քան վաթսուն տոկոս կամ հիսուն տոկոս հավաքածը: Ո՛չ, այնպիսին է սանդղակը, որ ամեն դեպքում ինքը բացարձակ թվերով ավելի շատ գումար է ստանալու, բայց ռեգրեսիվ սանդղակը գործելու է: Ամեն դեպքում, պետք է ավելանա կուսակցությունների ֆինանսավորումը: Տասը տարի առաջվա գներով կարող էր երկու-երեք միլիոնը բավարար լինել, հիմա առնվազն տասը միլիոն պետք է տրամադրվի, որը էլի մեծ գումար չէ:

Ինչի՞ն են ուղղվելու այդ գումարները: Միայն գումար տրամադրելով չէ. պետք է լինեն չափորոշիչներ և վերահսկողություն, պետք է լինի հստակ, թե ինչի վրա իրավունք ունի կուսակցությունը ծախսելու հանրային միջոցները, որովհետև այդտեղ էլ կան ռիսկեր: Նախ, պետք է հստակեցվեն կուսակցական գործառույթները. օրինակ, կուսակցությունը պետք է ունենա բոլոր մարզերում գրասենյակներ և  պետք է ունենա միջոցներ՝ վարձակալելու այդ գրասենյակները և առնվազն այնտեղ մի հոգի աշխատող պահելու: Եվ, բնականաբար, մարդ չի կարող պարտադրված լինել ամբողջ աշխատանքային օրն այնտեղ նստել կամավորական հիմունքներով, եթե ինքն ընտանիք պահելու խնդիր ունի:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է, որ խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին օրենքով պարտադրավի մարզերում գրասենյակներ ունենալ: Դուք համաձա՞յն եք ու մտածում եք, որ մյուս կուսակցություննե՞րն էլ պետք է ունենան գրասնեյակներ:

- Եթե այդիպսի բան են ասել, շատ ճիշտ են ասել, միանշանակ համաձայն եմ և, բացի խորհրդարան անցած կուսակցություններից, այո՛, պետք է նաև խորհրդարան չանցած, որոշակի շեմ հաղթահարած, օրինակ՝ մեկ տոկոս հավաքած ամենախոշոր կուսակցություննեը ունենան ֆինանսավորում այդպիսի բան անելու համար: Եվ, այո՛, այդպիսի բան պարտավոր են լինելու անել և հաշվետվություն են հետո ներկայացնելու հատուկ մարմնին: Դա կմնա արդյոք ԿԸՀ-ի կազմում գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողո՞վը, թե՞ նոր մարմին կձևավորվի` օրենքով կկարգավորվի, ամեն դեպքում այդ վերստուգող-վերահսկող մարմինը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսների տիրապետի, որպեսզի լիակատար վերահսկողություն կարողանա իրականացնել կուսակցությունների ֆինանսավորման հանդեպ:

Կուսակցությունները նաև պետք է ունենան որոշակի գաղափարահեն մշակույթ ձևավորելու պոտենցիալ գոնե առնվազն որոշակի խավերում, այսինքն՝ իրենց գաղափարները հասցնեն մարդկանց և նաև քննարկումներ կամակերպեն այդ գաղափարների շուրջ, որովհետև գաղափարները չեն կարող կարծրացած մնալ, կուսակցական գաղափարախոսությունները պետք է ևս զարգանան քննարկումների միջոցով: Դա կլինի հատուկ դպրոց, համալսարան կամ հետազոտական կենտրոն: Բոլոր կուսակցությունները պետք է գոնե փոքր նման մի կենտորն ունենալու հնարավորություն ունենան: Եվ հետո այդ կենտրոնների միջև գաղափարական վեճը, քննարկումը կբերեն զարգացմանը: Իսկ գաղափարների զարգացումը պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն է նպաստելու, վերահսկողական գործառույթների կատարելագործմանն է նպաստելու և ամենակարևորը՝ քաղաքացիների խնդիրների վերհանմանը և իշխանություններին հասցնելուն, որը, եթե կուսակցությունները չունենան ներկայություն տեղերում և չունենան համապատասխան գաղափարախոսական հենք դրա համար, չեն կարողանա իրականացնել: Վերջիվերջո, բյուջեի քննարկումների ժամանակ ի՞նչ սկզբունքով պետք է կուսակցությունն ասի, որ պետք է, օրինակ, ավելացնել սոցիալական ծախսերը և նվազեցնել բիզնես կլիմային նպաստող պետական ներդրումների ծախսերը: Դա կարող է ասել միայն սոցիալիստական կուսակցությունը:

- Այսինքն՝ կուսակցությունները պետք է կոնկրետ գաղափարախոսական ուղղվածություննե՞ր ունենան:

Այո՛, գաղափարական հիմք ունենան, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ ում ձայն տան, ինչ հենքով ձայն տան:

- Այս կարծիքին հակառակ եղողներն ասում են՝ թող կուսակցություններում տարբեր գաղափարախոսություններ կրող մարդիկ լինեն, որ այնտեղ նաև բազմակարծություն լինի:

- Կուսակցության մեջ բազմակարծությունը շատ լավ բան է, բայց որոշակի գաղափարախոսության շրջանակներում դա պետք է տեղի ունենա: Չի կարող ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողը նույն կուսակցության մեջ լինել, ինչ ազատական-լիբերալ գաղափարախոսություն ունեցողը: Դրանք անտագոնիստական ուժեր կլինեն, դա ոչ թե համագործակցության, քննարման և բանավեճի, այլ ներքին պառակտումների, ներքին բախումների պատճառ կարող է դառնալ: Անիմաստ է:

Եթե մի գաղափարախոսության շրջանակներում է այդ բանավեճը, կարող է բերել ներքին ժողովրդավարության զարգացմանը կուսակցության ներսում, ֆրակցիոնիզմի գաղափարը կլինի, որովհետև անպայման կուսակցություններում պետք է լինեն ֆրակցիաներ, որպեսզի ամեն անգամ ինչ-որ մարդիկ, հայտնվելով կուսակցության փոքրամասնության մեջ, չթողնեն հեռանան կուսակցությունից, ասեն՝ դե եթե մեր խոսքը չանցավ, ուրեմն մենք էլ կգնանք, ուրիշ կուսակցություն կստեղծենք: Դա աբսուրդ է. այսօր ձեր խոսքը չանցավ, վաղը ուրիշի խոսքը չի անցնի, ձերը կանցնի: Եթե դուք ընդհանուր գաղափարահեն դաշտում եք գործում և չեք գտնում, որ կուսակցությունը հակասում է իր գործունեության մեջ ձեր առանցքային գաղափարախոսությանը, այլ ինչ-որ տակտիկական հարցերում տարաձայնություններ կան, դա երբեք հիմք չպետք է դառնա որ մարդիկ դուրս գան կուսակցությունից, և կուսակցությունները թուլանան դրա արդյունքում: Շատ կարևոր է ֆրակցիոնիզմի գաղափարի զարգացումը, կուսակցության վերնախավի փոփոխելիության գաղափարի զարգացումը:

Ես «ժառանգություն» կուսակցության անդամ եմ, և «ժառանգություն» կուսակցությունը յոթ-ութ ղեկավար է փոխել իր ընդամենը տասնյոթ տարվա պատմության մեջ, այսինքն՝ համարյա երկու տարին մեկ ղեկավար է փոխել, չնայած թվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է միշտ ղեկավարել: Ո՛չ, այդպես չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հաճախ հայտնվել է փոքրամասնության մեջ, բայց չի հեռացել կուսակցությունից այսինքն՝ իր ցանկությունը չի կատարվել, իր ուզած ճանապարհը չի ընտրվել տարբեր առանցքային հարցերում: Դա ներքին ժողովրդավարության կուլտուրան է, որը նաև ինքն է ներդրել՝ որպես արևմտյան մշակույթի կրող մարդ, ժողովրդավարության ավանդույթների կրող մարդ, և լավ կլինի, որ բոլոր կուսակցություններում դա զարգանա: Ցավոք սրտի, «ժառանգություն»-ից էլ շատերը հեռացան հենց նույն պատճառով: Երբ իրենք էին փոքրամասնության մեջ հայտնվում, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննսիյանի, իրենք թողնում, գնում էին կուսակցությունից, ասում էին՝ ո՞նց կլինի, մեր ասածը չանցավ, մենք կգնանք, ուրիշ կուսակցություն կստեղծենք: Դա սխալ է: Ֆինանսավորումը շատ կարևոր է նաև այդ ուղղությունն ապահովելու համար:

Գերմանիայում նույնիսկ պետությունը ֆինանսավորում է կուսակցությունների հետ փոխկապակցված հիմնադրամներ, որպեսզի ամեն կուսակցություն իր հիմնադրամի միջոցով հնրարավորություն ունենա տարածելու իր գաղափարախոսությունը, նաև զարգացնի իր գաղափարախոսությունը: Եվ այդ հիմնադրամներն ընդհուպ ամբողջ աշխարհով են սկսում տարածել գաղափարախոսությունները: Հայաստանում նույնիսկ գործում են մի քանի գերմանական հիմնադրամներ, որոնցից յուրաքանչյուրը գերմանական այս կամ այն կուսակցությանը փոխկապակցված կառույց է: Դա է հենց պետության հիմքը, դրա համար էլ Գերմանիան ամենահզոր պետությունն է այսօր Եվրոպայում թե՛ տնտեսապես և թե՛ գաղափարական առումով:

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը ևս պետք է փոխկապակցված լինի Ընտրական օրենսգրքին և «Կուսակցությունների մասին» օրենքին: Մենք այսօր ունենք ՏԻՄ-երի թերզարգացածություն, որը բերում է մի քանի հսկայական խնդիրների. նախ արտագաղթը, Հայաստանում արտագաղթը հիմնականում տեղի է ունենում մարզերից, փոքր գյուղերից: Երկրորդ խնդիրը. չեն ձևավորվում տեղական էլիտաները, չկա քննարկման թեմա տեղերում: Եթե բյուջեն այնքան չնչին է, որ հազիվ հերիքում է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի և մի քանի փոքր ծրագրեր իրականացնելու համար, ուրեմն ի՞նչ պետք է քննարկեն կուսակցական ներկայացուցիչները այնտեղ ինչ-որ բանավեճի ժամանակ:

- Այսինքն` պետք է ՏԻՄ-երի ֆինանսավորումն ավելացնել, որ այնտեղ նաև կուսակցական գաղափարները կարողանան տարածվե՞լ:

- Միանշանակ: ՏԻՄ-երի բյուջեն պիտի լինի այնքան մեծ, որ այդ բյուջեի ծախսելը արդեն դառնա քննարկումների առարկա ոչ միայն համայնքի մեջ առկա կուսակցությունների և կուսակցական վերնախավերի միջև, էլիտաների, այլ նաև պարզ քաղաքացիների, որոնք արդեն ավելի մեծ շահագրգռությամբ կսկսեն ներգրավվել համայնքային կյանքում՝ վերահսկելու համար նաև այդ ֆինանսական հոսքերը:

- Դա կնպաստի՞, որ համայնքներում ավելի քաղաքական և ավելի կուսակցականացված լինեն ընտրությունները:

- Միանշանակ: Դա շատ առողջարար և օգտակար կլինի արդեն տեղերում զարգանալու համար: Քաղաքական քննարկումը կբերի իր հետ նաև բիզնես կլիմայի զարգացմանը: Փոխկապակցվածությունը պետք է ապահովել այս երեք օրենքների, և այս երեք մեծ ուղղություններով գործելով՝ մենք կկարողանանք հասնել կուսակցական համակարգի և ընդհանրապես, արդեն գկոբալ իմաստով, քաղաքական համակարգի զարգացմանը և կայունացմանը Հայաստանում

 

Ծրագրի ձևաչափով յուրաքանչյուր բանախոս հարց է ուղղում հաջորդ բանախոսին:

Հովսեփ Խուրշուդյանի հարցը.

«Թող հաջորդ բանախոսը հնչեցնի գաղափարներ, թե ինչպես է տեսնում կուսակցական համակարգի զարգացումը Հայաստանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել