Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին
 |armenpress.am|
16:08 - 04 մայիսի, 2023

Չեխիայի վարչապետը խոսեց Հայաստանում փոքր օդանավերի արտադրության հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք պետք է ավելի խորացնել։

Այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Շատ ուրախ եմ կրկին ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին այստեղ՝ Պրահայում։ Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ մենք համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները։ Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքների կրողն ենք։ Հիմա, ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը, երկու կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում։

Երբ ասացի, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում, ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա։ Մենք պետք է գնահատենք ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում։ Պետք է գնահատենք նաև այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել։ Պետք է անպայման սատարենք և աջակցենք այդ դիրքորոշմանը և աջակցենք երկրին»,- ընդգծեց Ֆիալան։

Չեխիայի վարչապետը համոզված է, որ դա կարտացոլվի երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում։

«Հայաստանը այս կերպ ավելի առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է բարձրանում և սա շահագրգռող հնարավորություն է հետագա լրացուցիչ բարեփոխումների համար»,- հավելեց Ֆիալան։

Չեխիայի կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին, որի ընթացքում խոսել են բազմաթիվ գլոբալ հարցերի և մարտահրավերների մասին։

«Կարողացանք նաև կազմակերպել վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ իմաստով Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել քայլ առաջ կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- նշեց Չեխիայի վարչապետը։

Ֆիալայի խոսքով՝  Հայաստանն առաջնահերթ երկրների շարքում է Չեխիայի վերափոխման համագործակցության ծրագրում, որն ուղղված է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելուն։ Չեխիայի կառավարության ղեկավարը նաև ներկայացրեց, թե Հայաստանի ինչ համատեղ ծրագրեր են նախատեսվում իրականացնել։

«Հայաստանի և Չեխիայի միջև բարիդրացիական և հաջող հարաբերություններ են, որոնք ուզում ենք էլ ավելի խորացնել։ Տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի ոլորտներում։ Օրինակ՝ էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար։

Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներում։ Մեր փորձագետները ընթացիկ նորոգումներին մասնակցում են, և դա հաջողված համագործակցության օրինակ է։

Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ՝ խելացի քաղաքների բնագավառում։ Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել էինք Արևելյան գործընկերության պետությունների համար։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ավիացիայի բնագավառում շարունակվում է խորանալ։ Կա ծրագիր նաև, որի շրջանակներում հնարավոր է արտադրվեն փոքր օդանավեր Հայաստանի Ստեփանավան քաղաքում․ այնտեղ օդանավակայան է կառուցվել երկրաշարժից հետո։

Նաև չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու Պրահայում, որը տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով է զբաղվում։ Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն»,- եզրափակեց Ֆիալան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել