ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին
10:27 - 10 մայիսի, 2023

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 9-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։

Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, որն իրականացրել է ցուցահանդեսի բացումը։

Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, ԳՇ ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։

Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել