Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան
17:45 - 11 մայիսի, 2023

Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանում 2019 թվականին  առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի) շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել համալսարանի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, համալսարանի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն և քարտուղար Ե.Ս.-ն:

Բաց ընթացակարգով էլեկտրական սարքավորումների ձեռքբերման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերն ուղարկվել են շրջանակային համաձայնագիր կնքած անձանց էլեկտրոնային հասցեներին և սահմանվել հայտերի ընդունման վերջնաժամկետ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն Երևանի պետական համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, և «Մարինե-90» ՍՊ ընկերությունը։

2016 թվականի մայիսի 31-ին հանձնաժողովի անդամները նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Է.Մ.-ից պահանջել են ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսին Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու և համալսարանի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին:

Հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, հօգուտ Է.Մ.-ի, որոշել են չմերժել Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը, որից հետո Է.Մ.-ն 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ), որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ:

Հրավերի տեխնիկական բնութագրից տարբերվող նշված ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ Է.Մ.-ի Ա/Ձ-ի և ԵՊՀ-ի հիմնադրամի միջև՝ ի դեմս ռեկտորի, կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որից հետո Է.Մ.-ի կողմից ՀՀ-ում գործող այլ մատակարարից ձեռք բերված և հենց նրա կողմից անմիջապես Հիմնադրամին մատակարարված 7 մլն 155 հազար 967 դրամի ապրանքների դիմաց ԵՊՀ-ն բանկային փոխանցմամբ Է.Մ.-ի Ա/Ձ-ին վճարել է 12 մլն 830 հազար դրամ. արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար:

2023 թվականի ապրիլի 28-ին նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի դրույթների կիրառմամբ:

2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի և Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում:

Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել