Դատարանի որոշմամբ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց
15:18 - 20 մայիսի, 2023

Դատարանի որոշմամբ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

 «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր բողոքը մերժվեց, եւ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց»,- ասաց նա՝ նշելով, որ պատրաստվում են բողոքարկել:

Միեւնույն ժամանակ Գայանե Հակոբյանի աջակիցները Արշակունյաց պողոտայից քայլերթով շարժվում են Հանրապետության Հրապարակ

Նրանք իրենց բողոքն են հայտնում դատարանի կայացրած որոշմանը՝ պահանջելով ազատության զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին։

2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի:

Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել