Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան
19:59 - 24 մայիսի, 2023

Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան

Հասկանալիորեն խաղաղության պայմանագրի նախագծում չկան անկարևոր հոդվածներ, բայց շատ պայմանական եթե խմբավորենք և բաժանենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող է, կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ երկրորդ խմբի հոդվածների մասով ավելի հեշտ է փոխհամաձայնության և փոխըմբռնման գալ: «Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր մինչ վաշինգտոնյան բանակցություններում համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Մի շատ կարևոր բան ասեմ. մեծ հաշվով, վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Կա հոդվածների մի խումբ ևս, որտեղ, մեծ հաշվով, տեսանելի են այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը, և կա մի երրորդ խումբը, և, ցավոք, սրտի, այս երրորդ խումբը ամենակենսական խնդիրներին է վերաբերում, այստեղ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Իհարկե, ես կարող եմ անել շատ սուբյեկտիվ այս պնդումը, իմ ընկալմամբ կիսվել այն վերապահումով, որ երկրորդ կողմը ևս պետք է իր համաձայնությունը տա, որ ըմբռնումը դառնա փոխըմբռնում:

Այո՛, Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում վերջին հանդիպումները, հուսամ նաև՝ հետագայում կշարունակվեն Մոսկվայում, Քիշնևում, նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խոր, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ՝ ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց ԱԳ նախարարը:

Անդրադառնալով կարմիր գծերին՝ Միրզոյանը նշեց, որ ՀՀ սահմանների և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը կարմիր գիծ է: «Իհարկե մենք չենք պատկերացնում, որ ՀՀ-ը պետք է և հնարավոր է, դա իրատեսական է, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն անվտանգության, նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները: Այս և այլ կարմիր գծեր կան, և այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են»,- նշեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել