Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում
13:14 - 27 մայիսի, 2023

Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում

Մայիսի 24-ին, համաձայն ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանի, Տավուշի մարզպետարանում անց կացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Ուսումնավարժությունը ղեկավարել է մարզպետ Հայկ Ղալումյանը, շտաբի պետն էր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը։
 
Ուսումնավարժությանը մասնակցել են ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության, մարզի այլ ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, Իջևան համայնքի ղեկավարը, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի վարչական ղեկավարները։
 
Շտաբային ուսումնավարժության նպատակն էր գործարկել «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ով նախատեսված միջոցառումները, ստուգել դրանց իրատեսական լինելը, կատարելագործել ղեկավար մարմինների կարողություններն՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։
 
Մեկնարկին փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, այնուհետև ուսումնավարժության մասնակիցները միջանակյալների միջոցով ստացել են կոնկրետ հանձնարարականներ։
 
Ներկա մասնակիցները իրենց գերատեսչությունների իրականացրած գործառույթների մասով կատարած աշխատանքների և ծագած խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Տավուշի մարզպետին։
Ուսումնավարժության ղեկավար Հայկ Ղալումյանը ամփոփել է կատարած աշխատանքները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել