Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին
17:04 - 27 մայիսի, 2023

Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Արցախի շրջանավարտներին:

Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի շրջանավարտներ,
 
Սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր կյանքի առաջին կարևոր շրջափուլի ավարտի առիթով: Մեր հոգին լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի լուսավոր երտասարդներ են մեծանում Արցախում: Արցախի արհեստական շրջափակման պայմաններում, երբ միասին կրում ենք բազմաթիվ զրկանքներ, երբ մեր վաղվա օրը շատ անորոշ է թվում, Ձեր երիտասարդական եռանդն ու կյանքի հանդեպ սերը գալիս են գոտեպնդելու և զորացնելու մեր սրտերը:
 
Դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, ուսուցիչների խրատներն ու փոխանցած փորձառությունը կօգնեն ձեզ կյանքում գտնելու Ձեր ճիշտ տեղն ու կոչումը։ Մեր մաղթանքն է, որ դուք կյանքում ինչ դիրքի և աստիճանի էլ հասնեք, չմոռանաք ձեր ամենամեծ կոչումը. արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է և մեր նահատակների, ովքեր Ձեզ նման պայծառ երիտասարդներ էին, արյամբ սրբացած այս հողին տեր կանգնելը։ Չկտրվեք ձեր արմատներից, որովհետև ծառի նման իր արմատից կտրված յուրաքանչյուր մարդ բարոյապես ենթակա է չորացման և անհետացման։
 
Աղոթում ենք, որ Աստված մշտապես ուղեկից լինի Ձեր կյանքի հետագա տարիներին, իսկ դուք Ձեր բոլոր քայլերը փորձեք կատարել Աստծո կամքի համաձայն, փնտրեք իմաստություն և ճշմարտություն, որպեսզի գտնեք կատարյալ խաղաղություն և ազատություն: Անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում:
 
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել