«Մերո՞նք են», թե՞ «Հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը |civilnet.am|
09:24 - 12 հունիսի, 2025

«Մերո՞նք են», թե՞ «Հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հարցաքննության ընթացքում քննության առարկա դարձավ նրբագիծ հարցը՝ արդյոք նա արտաբերել է «մերոնք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են» բառերը, երբ 2020-ի հոկտեմբերի 12-ին իրազեկվել է դիվիզիոնի ուղղությամբ առաջխաղացող զինված խմբի վերաբերյալ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման։

Հունիսի 11-ի նիստին դատավորներից Լուսինե Աբգարյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանին՝ խնդրելով պարզաբանել պաշտպանի վերաքննիչ բողոքի այն հատվածը, ըստ որի՝ Հարությունյանին սխալ են փոխանցել դիվիզիոնի վրա եկողների տվյալները։ Ապրեսյանը ասաց, որ իր պնդումները հիմնավորող ցուցմունքներ կան։

«Ջալալ Հարությունյանի խոսքը փոխանցվել է Գենադի Բաղդասարյանին (ՊԲ հրետանու պետ – Հ․Ղ․), նրանից էլ շտաբի պետին, շտաբի պետից՝ կապի հանգույցի պետին, որից հետո միայն տեղեկությունը հաղորդվել է կապավորին։ Տվյալ դեպքում մենք չենք կարող ասել, թե այս օղակում որտեղ՝ ինչ կատարվեց կամ չկատարվեց: Եթե Ջալալ Հարությունյանի խոսքը եղել է ոչ միանշանակ, այլ հավանականության տեսանկյունից և հասել է դիվիզիոնի կրակային դիրք «միանշանակ» փոխանցված, ուրեմն ինչ-որ օղակում Ջալալ Հարությունյանի «հնարավոր է» բառակապակցությունը հանվել է և փոխանցվել է, որ «մերոնք են»,- ասաց փաստաբանը։

Ըստ պաշտպանի՝ «եթե Ջալալ Հարությունյանը հստակ ասած լիներ, որ դիվիզիոնին մոտեցողները հայկական ուժեր են, երկրորդ անգամ ճշտելու անհրաժեշտություն չէր առաջանա»։

Բաղդասարյանը չէր կարող խեղաթյուրել հրամանատարի խոսքը․ զոհվածի ծնող

Փաստաբանի հայտարարության վերաբերյալ առարկություն ուներ զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։ Նա 14 տարի ծառայել է պաշտպանության բանակի շտաբում։ Նա համոզմունք հայտնեց, որ պաշտպանը որոշ տվյալներ խեղաթյուրում է ու ոչ ճշգրիտ ներկայացնում։

«Պաշտպանի ասելով այն ձևի տպավորություն է ստեղծում, որ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը մի 10 խողովակով անցել է: Մինչդեռ խորացված հրամանատարական կետի մարտական կառավարման կետում այլ տրամաբանություն է գործում, հրամանը կամ տեղեկատվությունը բանակի հրամանատարից անցնում է հրետանու պետին, այնուհետև աշխատակիցներ, հետո հրետանու կառավարման կետ»,- նշեց նա`հավելելով, որ այս օղակում զինվոր չկա, որ բառերը խեղաթյուրվի։

«Ես անձամբ բոլորին լավ ճանաչելով, խորացված հրամանատարական կետում հազար անգամ եղել եմ։ Իմանալով Գենադի Բաղդասարյանին և բանակի հրամանատարին, հաստատ կարող եմ ասել՝ Գենադի Բաղդասարյանը չունի այն քաջությունը, որ մի բառ անգամ խեղաթյուրի բանակի հրամանատարի խոսքը»,- ասաց Ասրյանը։

Հարությունյանը պնդում է, որ տվյալները միանշանակ էին․ դիմացը հակառակորդն էր

Այսօրվա նիստին Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրներով պայմանավորված, խնդրեց նստած ելույթ ունենալ։

ՊԲ նախկին հրամանատարը մեջբերեց հակառակորդին ավելի վաղ նկատած մեկ այլ վկայից ցուցմունքից հատված։ Այդ վկան «ՑՕՐ»-ի հրետանու պետին հարցրել է․ «Ի՞նչ ես ճշտում, մենք քեզ ասում ենք թուրքեր են, դու ճշտո՞ւմ ես»։

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հետաքրքրվեց, թե այդ տվյալները փոխանցվում են հրամանատարական կետ։ Հարությունյանը դրական պատասխան տվեց։ Դատավորը նաև հետաքրքրվեց՝ հայտնել են, թե՝ ոչ։ ՊԲ նախկին հրամանատարը այս հարցին միանշանակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հստակ կարող է ասել Գենադի Բաղդասարյանը։

«Չեմ կարող ասել, այդ հարցին կպատասխանի Գենադի Բաղդասարյանը, բայց Դավիթ Ավետիսյանը նշում է, որ ինքը դիվիզիայի հրամանատարին զեկուցել է»,- ասաց Հարությունյանը։

«Այսինքն դուրս է գալիս, որ օպերատիվ տվյալները հստա՞կ են եղել, որ դիմացը հակառակորդներ են»,- հետաքրքրվեց Պապոյանը, ինչին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց․ «Այո, տվյալները միանշանակ են եղել։ Կոնկրետ այդ պահի տվյալները հրետանու պետը ինձ չի փոխանցել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել