Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ
14:03 - 30 մայիսի, 2023

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը վերջին շաբաթվա ընթացքում բացահայտել է թմրամիջոցի և ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։

«Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS»  ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։ 

Երեք դեպքերով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  1310 տուփ «Marlboro» և «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ:

Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես  նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։ 

Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։  

Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ  հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են  ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել