Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը
 |hetq.am|
13:25 - 01 հունիսի, 2023

Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը |hetq.am|

hetq.am: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մոտակայքում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը։ Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին հայտնել էր Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի 47 երկրների առաջնորդները կքննարկեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի հարցեր։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։

Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն է։ Գագաթնաժողովն ընթանալու է Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղի Mimi գինեգործական համալիրում։ Ինչպես հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրությունը (Մոլդովան-խմբ.) հստակ ազդակ է Մոսկվային այն մասին, որ Եվրոպան աջակցում է այդ երկրին։

Ռուսական կողմն այն կարծիքին է, որ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը կդառնա Բրյուսելի նոր փորձը՝ ձևավորելու հակառուսական կոալիցիա և համոզելու մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներին։

Գագաթնաժողովի մասնակիցները

Եթե Եվրոպական քաղաքական համայնքի I՝ պրահյան գագաթնաժողովին մասնակցում էր 44 երկիր, այս անգամ մասնակից երկրների թիվը հասել է 47-ի։ «Երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 47 պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահին (Շառլ Միշել-խմբ.), Եվրոպական հանձնաժողովի նախագահին (Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-խմբ.) և Եվրոպական խորհրդարանի նախագահին (Ռոբերտա Մեցոլա-խմբ.)»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ ընդգծելով, որ հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսվում է իսպանական Գրանադայում, մասնակիցների թիվը կարող է փոխվել։ «Հաջորդ գագաթնաժողովին, հնարավոր է, մենք այլ հյուրեր ունենանք։ Դա ֆիքսված ձևաչափ չէ»,- հավելել է նա։

Մասնակից երկրների թվում են Եվրամիության անդամ 27 երկրները, ինչպես նաև՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, ինչպես նաև՝ Կոսովոն։ Գագաթնաժողովին Ուկրաինան անձամբ ներկայացնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, չի մասնակցի գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի թեմաները

Ինչպես լրագրողներին պատմել է ԵՄ ներկայացուցիչը, անվտանգությունն ու էներգետիկան Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են: «ԵՀՔ երկրորդ գագաթնաժողովի քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ համատեղ ջանքեր հանուն խաղաղության և անվտանգության, էներգետիկ կայունություն և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներ, փոխկապակցվածություն Եվրոպայում՝ առավել լավ միավորման և ավելի կայուն մայրցամաքի համար»,- պարզաբանել է եվրոպացի դիվանագետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել