ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
16:21 - 01 հունիսի, 2023

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը:

ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: 

Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել