Շարունակելու ենք հիմնավորել Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը. Դավթյան |armenpress.am|
11:44 - 29 նոյեմբերի, 2019

Շարունակելու ենք հիմնավորել Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը. Դավթյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ դատախազությունը Ռուսաստանի հետ շարունակում է քննարկել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը:

Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանը նշեց, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ակտիվ փուլում է և չի բացառում, որ նոր հանգամանքներ ի հայտ կգան:

«Բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված, հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները իրավական և արդարացի որոշում կկայացնեն»,- ասաց Գլխավոր դատախազը:

Դավթյանը շեշտեց, որ Ռուսաստանի գործընկերներին շարունակելու են հիմնավորել Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ վնաս կարող էր Ռուսաստանի Դաշնությանը պատճառել Միհրան Պողոսյանի արտահանձնումը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց, որ նույն հարցերն ինքը ևս ունի և այդ հարցերի պատասխանները փորձում են ստանալ Ռուսաստանից: 

«Սակայն, կան որոշակի գործընթացներ, որոնք պետությունները հրապարակելու արգելք ունեն: Խոսքը վերաբերում է ապաստանին: Միջազգային համապատասխան կոնվենցիաները արգելում են ապաստան տված երկրին (կամ երբ անձը դիմում է ապաստանի համար) հրապարակել փաստը: Արդյոք դա՞ է պատճառը: Մենք փորձում ենք հասկանալ»,- նշեց Դավթյանը:

Հարցին` թե կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ դատախազության համար ընդունելի չէ Ռուսաստանի հիմնավորումը, Դավթյանը պատասխանեց, որ եթե ընդունելի լիներ, իրենք չէին շարունակի բանակցությունները:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է:

Ռուսաստանը մերժել էր Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը` հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: 

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն 2019 թվականի ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել էր ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել