Ակնհայտ է՝ Ադրբեջանի նպատակն է խոչընդոտել Երասխում գործարանի կառուցումը. Արարատի մարզպետը՝ դիվանագետներին
 |news.am|
13:08 - 15 հունիսի, 2023

Ակնհայտ է՝ Ադրբեջանի նպատակն է խոչընդոտել Երասխում գործարանի կառուցումը. Արարատի մարզպետը՝ դիվանագետներին |news.am|

news.am: Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ գյուղում Հայաստանում հավատարմագրված դեսպնատների ներկայացուցիչներին հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը՝ անդրադառնալով հունիսի 13-ին տեղի ունեցած դեպքին, երբ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ եւ վիրավորել երկու հնդիկ աշխատակիցների:

«Իրենց պնդումները, թե ինչ-որ բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որեւէ խնդիր չունենք: Սա միտում է, որ մեր սահմանամերձ բնակավայրերն ուղղակի չզարգանան: Ակնհայտ է, որ նրանց նպատակն այն է, որ գործարանը չկառուցվի: Դուք բոլորդ դա տեսնում եք: Միջազգային գործընկերներին հրավիրել ենք, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս հարցի լուծման գործում: Գործարանում դեռ կառուցման աշխատանքներ են գնում, հետեւաբար, չեն կարող բնապահպանական խնդիրներ լինել առնվազն այս պահին: Ընդ որում, գործարանի կառուցման ներդրումները գալիս են ԱՄՆ-ից: Խոսքը 70 եւ ավելի մլն դոլարի ներդրման մասին է:

Այս պահին գործարանում 200 մարդ է աշխատում, բայց այն շահագործման հանձնվելուց հետո մոտ հազար մարդ կաշխատի»,- ընդգծեց մարզպետը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ի հաղոդրմամաբ՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ, ինչի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

Հունիսի 14-ին, ՊՆ-ից կրկին հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել