Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են
17:34 - 15 հունիսի, 2023

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Աննա Վարդապետյանը կարևորել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել