Առաջարկվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները |hetq.am|
09:55 - 18 հունիսի, 2019

Առաջարկվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին հատկացվող ամսական դրամական միջոցներն ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:

Նման նախագիծ է ՊՆ-ն քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Գործող կարգի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները բաշխվում են հետևյալ կերպ. շարքայիններին՝ 3400 դրամ, եֆրեյտորներին՝ 3600, կրտսեր սերժանտներին՝ 4000, սերժանտներին՝ 4500, ավագ սերժանտներին 5000, իսկ ավագներին՝ 5300 դրամ:

Այսպիսով՝ նախագծի ընդունման դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինծառայողների համար նշված գումարները կավելանան 2000, իսկ մյուս զորամասերի դեպքում՝ 1000 դրամով:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զինված ուժերի գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխության չեն ենթարկվել, այնինչ հաջորդող տարիներին արձանագրվել է շարունակական գնաճ և հատկացվող գումարը չի բավարարում զինծառայողի անձնական հիգիենայի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների գնմանը: Արդյունքում՝ սա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Նախարարությունը, որպես օրինակ, նշել է անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը, որը կազմել է շուրջ 33 %:

Նախարարությունը ակնկալում է այս նախագծով, հնարավորության սահմաններում, բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթան հանդիսանալ ծառայողական պարտականությունների կատարմանը:

Պաշտպանության նախարարության հաշվարկներով՝ նախագծի ընդունմամբ այս տարվա 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն մոտ 229 միլիոն դրամ: ՊՆ-ն նախատեսում է դրա ֆինանսավորումը իրականացնել այս տարվա պետական բյուջեով նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել