Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|
13:59 - 22 հունիսի, 2023

Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով այն, նշեց՝ դրանով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվների գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները և մասնավորապես սահմանել. «Առաջին՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով, և երկրորդը՝ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով»:

Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ նախագծի ընդունումը նախ և առաջ միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը. «Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ, հնարավորություն չեն ունենա մասնակցել շահումով խաղերին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա նույնպես սկզբունքային բարեփոխումներից է, որը իր համար ունի շատ երկար պատմություն՝ սկսվում է 2015-16 թվականներից Կապանում ունեցած հանդիպումներից. «Կապանում ունեցած հանդիպման ժամանակ շենքի բնակիչները, հիմնականում՝ կանայք, իմ ուշադրությունը հրավիրեցին փաստի վրա, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ, երբեմն նույնիսկ շքամուտքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում դրա միայն մի մասը, քանի որ նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո՝ նոր գալիս տուն»:

Կառավարության ղեկավարի խոսքով առաջին փուլով մեծ դժվարությամբ լուծել են բոլոր գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեության հարցը և արգելել այն:

«Երբ մենք այդ խողովակը փակեցինք, մարդիկ սկսեցին մտածել ավելի քաղաքակիրթ բիզնեսի մասին, և գազալցակայաններում հայտնվեցին ամենատարբեր ծառայություններ»,- նշեց նա:

Վերջինս նշեց, որ հաջորդ փուլով, ըստ էության, փակել կամ էականորեն սահմանափակել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. «Ընդ որում՝ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով»:

Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրն այն էր, որ մարդիկ գնում, տերմինալներով կանխիկ միջոցներ էին ներդնում էլեկտրոնային դրամապանակներ և այնտեղից խաղադրույքներ կատարում. «Ժամանակի ընթացքում փոխեցինք այդ կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում էլեկտրոնային դրամապանակը»:

Որից հետո, ըստ Փաշինյանի, ի հայտ է եկել այլ խնդիր. «Երբ մարդիկ, օրինակ, բրոկերներ են ի հայտ գալիս, որոնք իրենց դրամապանակներով 100 միլիոնների շրջանառություն են անում, որը, ըստ էության, ապօրինի գործունեություն է: Գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում շատ մոդայիկ են այդ ծառայությունները:

Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել կանխիկ, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք, որը շատ կարևոր է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել