«Տիրինկատարի» վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար հայտ կպատրաստվի
19:50 - 22 հունիսի, 2023

«Տիրինկատարի» վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար հայտ կպատրաստվի

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում «Տիրինկատարի» վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման նպատակով: Արդյունքում կապահովվի «Տիրինկատար» տարածքի վիշապաքարերի խմբի ընդգրկման հայտի բովանդակային մասի պատրաստումը, տարածքի վերաբերյալ կպատրաստվի նաև եռաչափ մոդելավորմամբ հոլովակ։ Ըստ հիմնավորման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ՀՀ-ից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000թթ, որից հետո ՀՀ-ի կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգերի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտը ընդգրկված լինի նախնական ցանկում։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում, սկսած 2024 թվականից, նախատեսել է առանձին միջոցառում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այն կնպաստի երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցությունը զարգացնելուն, երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Համաձայնագրի ստորագրման արդյունքում երկու պետությունների համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների միջև կհաստատվեն անմիջական կապեր: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարեկան մինչև 4 կրթաթոշակի տրամադրում մշակույթի, արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մշակույթի բնագավառում հնարավորություն կընձեռվի իրականացնել ցուցահանդեսների փոխանակում, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից աշխատանքների ներկայացում: Այն կխթանի նաև մշակութային նորարարության, նոր գաղափարների և նախաձեռնությունների համագործակցության ընդլայնմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել