Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը
 |aravot.am|
16:26 - 26 հունիսի, 2023

Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը |aravot.am|

aravot.am: Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանի պաշտպանը՝ Վրեժ Ներկարարյանը պնդում է, որ ամենեւին էլ հյուրանոցային համարի համար նախատեսված վճարներն անելու հարցի պատճառով չէ, որ իր պաշտպանյալը հյուրանոցի անչափահաս աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառել: 

«Այլ շարժառիթներ են եղել, բացի այդ` այդտեղ ոչ մեկը չի իմացել, որ անչափահաս երեխա է, որովհետեւ աշխատանքային օրենսգրքով էլ է արգելված անչափահասին աշխատանքի ներգրավել: Իմ պաշտպանյալը չէր էլ կարող գիտակցել, որ անչափահասի հետ կապված կարող է խնդիր առաջանալ: Բացի այդ՝ Արսեն Ղայթմազյանը հանդես չի եկել որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, այլ որպես քաղաքացի ու քաղաքացու նկատմամբ է սխալ վերաբերմունք եղել: Արսեն Ղայթմազյանն էլ է իր ցուցմունքում նշել, որ սենյակի համարի վճարը չի եղել: Երիտասարդը իր գործառույթների մեջ չմտնող վարքագիծ է դրսեւորել, մտել է մարդու անձնական տիրույթ, փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ, դրանից է առաջացել վիճաբանությունը: Մարդը, որ գնում է հյուրանոց, սովորաբար դիմավորում են, սենյակը ցույց են տալիս ու վերջ: Թե ում հետ է գնացել ու ինչ նպատակով, կարծում եմ՝ ոչ մեկիս նման հարց չեն տալիս հյուրանոցներում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ներկարարյանը:

«Ես չգիտեմ՝ իր փաստաբանն ինչ է ասում, բայց ախր գործում կա Արսեն Ղայթմազյանի ցուցմունքը: Էդ մարդը մանրամասն ցուցմունք է տվել, թե ինչն է վիճաբանության հանգամանքը եղել: Ընդունել է, որ ընդամենը իր գիշերակացի գումարն է ուզել, դրանից է ինքը բռնկվել, վիճաբանել: Հո ասելով չի ախր: Ասում ենք՝ լավ, մարդ է, ոստիկան է, շատ շուխուր չանենք, բայց ինչ են ուզում: Սուտ է ասում, որ իմ վստահորդը անձնական տվյալներ է փորձել ճշտել, էդպես էլ արձանագրեք, որ եթե նման բան է ասում, սուտ է ասում»,- փաստաբան Ներկարարյանին այսպես է արձագանքում Ղայթմազյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանը:

Նա պնդում է, որ իր վստահորդի դեմքից էլ էր նրա տարիքը երեւում, Ղայթմազյանը չէր կարող դա չնկատել. «Եթե ինքը քրեականի պետ է, 20 տարվա ստաժ ունի ու նայում է մարդու դեմքին, որի վրա թրաշ էլ չկա, աղվամազիկներ են, ֆիզիանոմիայով փոքր-մոքր, ու ինքը չի ենթադրում, որ կարող է անչափահաս լինել, դա մեր ոստիկանության ողբերգությունն է, որ այդքան ստաժով մարդը չի կարողանում գոնե դրանից ենթադրություններ անել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել