news.am: Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում։ Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հարցի շուրջ բանակցություններ չկան։ Մենք ոչ մի թաքնված օրակարգ չունենք: Աբխազական երկաթուղու վերականգնումը հնարավոր է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գործադրում են բոլոր ջանքերը՝ Աբխազիայի միջով ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար։
«Այդ ճանապարհային քարտեզը, եթե դա կարելի է այդպես անվանել, ներառում է պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր և համապատասխան հանձնաժողովներ՝ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենն իրականացվի»,- ասել էր Զախարովան։
comment.count (0)