Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ 78 մարդ է ձերբակալվել
 |factor.am|
12:39 - 03 հուլիսի, 2023

Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ 78 մարդ է ձերբակալվել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը Ներքին գործերի և Արդարադատության նախարարություններին հանձնարարել է երկրում կարգուկանոն հաստատել և պարզել տեղի ունեցածի պատճառները, գրում է Euronews-ը։

Նախօրեին Մակրոնն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել կառավարության անդամների հետ, իսկ վաղը կհանդիպի տուժած համայնքների ղեկավարների հետ։

Ավելի վաղ հանդարտության կոչ էր արել ոստիկանի կողմից սպանված դեռահասի տատիկը, որի մահից հետո էլ սկսվել էին անկարգությունները։ Արդյունքում անկարգությունների վեցերորդ գիշերն ավելի հանգիստ է անցել, ձերբակալվել է 78 մարդ։ Նախորդող գիշերը, հիշեցնենք, 700 մարդ էր ձերբակալվել։ Մեծ վրդովմունք է առաջացրել Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տան վրա հարձակումը, որի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխան վիրավորվել են։ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները տագնապ են առաջացրել արտերկրում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գերմանիա այցը հետաձգելուց հետո։

«Մենք Ֆրանսիայի հետ լավ բարեկամներ ենք, աշխատում ենք միասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր ընդհանուր ապագային՝ Եվրամիությանը: Այդ պատճառով մենք մտահոգությամբ ենք հետևում, թե ինչ է կատարվում: Հույս ունեմ, և ես, անշուշտ, համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահն արագ լուծումներ կգտնի իրավիճակը կարգավորելու համար»,-հայտարարել է Շոլցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել