«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ» |aravot.am|
14:59 - 03 հուլիսի, 2023

«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ» |aravot.am|

aravot.am: «Այս բոլոր գործերը չեն միավորվել, այսինքն՝ այս գործերի վարույթը տեղի չի ունենալու մեկ գործի շրջանակում, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խմբավորել է գործերը եւ կարծիք արտահայտել, որ դրանք բոլորն էլ առնչվում են ԲԴԽ-ի գործունեությանը եւ ինստիտուցիոնալ  խնդիրներին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն հիշեցմանը՝ տեղեկություններ կան այն մասին, որ լիազորությունները դադարեցրած 7 դատավորներ՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, եւ այն դատավորների գանգատը ընդունել է վարույթ։

Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ այդ գործերն ունեն մեկ ընդհանրություն. բացահայտ կերպով ցուցադրել են ԲԴԽ-ի ինստիտուցիոնալ կախվածությունը գործադիր  իշխանությունից, գործունեության ընթացքում անաչառության բացակայություն, արդար դատաքննության իրավունքի խախտումներ, որոնք կապված են պրոցեսի վարման հետ, կամ, օրինակ՝ պաշտպանության իրավունքի էական սահմանափակումներ նախանշված ծավալից դուրս արարքի որակում եւ դրա արդյունքում լիազորությունների դադարեցում եւ համանման այլ խնդիրներ. «Քանի որ այդ գործերը բացահայտում են համակարգային խնդիր, իսկ ՄԻԵԴ-ի առաջնահերթության քաղաքականության հիման վրա համակարգային խնդիրներ բացահայտող գործերը պետք է առաջնահերթություն եւ հրատապ կերպով լուծում ստանան։ Դատարանն այս դասակարգիչն է տվել, եւ բոլոր գործերի նկատմամբ կիրառել դատարանի կանոնագրքի 40-րդ եւ 41-րդ կանոնները, ինչը նշանակում է, որ այդ գործերը ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով»։

Սիրանուշ Սահակյանը նաեւ հավելեց՝ միջազգային կառույցների շրջանում լուրջ մտահոգություններ կան ԲԴԽ-ում տիրող իրավիճակի հետ կապված եւ այստեղ միտումներն էլ խիստ բացասական են. «Հարկադիր հրաժարականները տիպական են այս կառույցին, թափուր տեղերը համալրվում են քաղաքական լոյալության սկզբունքով, եւ Դատավորների եվրոպական միությունը վերջերս խնդիրը քննարկել եւ արձանագրել է, որ ԲԴԽ-ում հիմնական անդամները նշանակվում են քաղաքական դրդապատճառներով։ Դա բավականին կոշտ ու լուրջ ձեւակերպում է, ինչը նշանակում է, որ միջազգային գործընկերները տեսնում են ԲԴԽ-ի քաղաքականացված գործունեությունը, նաեւ իշխանության քաղաքական թիմի անդամ, գաղափարակիր Կարեն Անդրեասյանին։ Սա խախտում է ԲԴԽ-ի անկախության, ապաքաղաքականացվածության, չեզոքության սկզբունքը եւ նշանակում է, որ այդ մարմինը վերածվել է քաղաքական գործիքակազմի։ Այս խնդիրների լրջությունը հասկանալով՝  գործերը հրատապ կերպով պետք է քննվեն, որ Եվրոպական դատարանը կարողանա ազդեցություն ունենալ Հայաստանի իրավական համակարգի վրա»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ձեւով կարող է ազդեցություն լինել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Վճիռները երբ կայացվեն, այստեղ արձանագրումներ են լինելու։ Դա կարող է լինել ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը, որը պետք է հանգեցնի նշանակման ընթացակարգերի վերանայման, անձերի փոփոխության եւ անհատական պատասխանատվության։ Ինքներդ էլ տեսնում եք, որ Եվրոպական դատարանի վճիռների հիմքով կարգապահական վարույթներ են իրականացվում դատավորների նկատմամբ, իսկ ԲԴԽ-ի անդամները՝ որպես դատարան՝ գործունեություն իրականացնելիս կարգապահական վարույթներով հանդես են գալիս՝ որպես դատավորներ, ուստի կարգապահական վարույթները եւս կիրառելի են լինելու ԲԴԽ-ի անդամների նկատմամբ։ Բայց նշեմ, որ կարգապահական խախտումներից վեր եւ ծանր խախտումներ կան, որոնք բացահայտում են կազմակերպության հատկանիշներ, օրինակ՝ կեղծվում են քվեարկության արդյունքները, դատական ակտը չի պարունակում գործին մասնակցած բոլոր դատավորների ստորագրությունները, որոնք, կարծում ենք, նաեւ արդարադատության շահերի դեմ ուղղված արարքներ են։ Այս մասով ապագայում, ինչու ոչ, հաղորդում կներկայացնենք իրավապահ մարմիններին, որ նաեւ քրեաիրավական գնահատական կտան ԲԴԽ-ի անդամների գործունեությանը, որը ոչ միայն վեր է օրենքից, այլեւ խախտում ու ոտնձգում է քրեական օրենսդրությամբ պաշտպանվող արժեքների իրացումը»։

Հարցին՝ ի՞նչ ընթացակարգեր են գործում եւ ի՞նչ ժամկետներում կարող ենք որոշում տեսնել ՄԻԵԴ-ի կողմից, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դժվար է հստակ կանխատեսումներ կատարելը, բայց նշեմ, որ ունենք գործ, որը արագ է կոմունիկացվել, եւ կարող եմ ասել, որ նաեւ գրավոր հուշագրերի փոխանակման փուլն էլ շուտով կեզրափակվի, եւ դրանից հետո ողջամտորեն կարելի է կանխատեսել, որ վեցամսյա ժամկետում ՄԻԵԴ-ը կարող է վճիռ հրապարակել։ Այսինքն՝ կոմունիկացիան հրապարակելուց հետո վեցամսյա ժամկետում։ Իմ կանխատեսմամբ՝ 1-1,5 տարվա կտրվածքով այս գործերով մենք արդեն կարող ենք ունենալ վճիռներ»։

Սիրանուշ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ իրավական զարգացումներ կան հայ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով, նա պատասխանեց. «Իրավական գործընթացում մենք արդեն իսկ ունենք կոմունիկացված գործեր։ Նաեւ ունենք դեպքեր, երբ ադրբեջանական կառավարությունը փորձում է անհատական գործը միացնել միջպետական գործերին։ Կարծում եմ՝ դա ժամանակ շահելու նկատառումներից ելնելով։ Դատարանը նոր դիքորոշում չի ձեւավորել, որտեղ ունենա առաջնահերթություն։ Մյուս կողմից՝ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում խնդրի վրա եւ փորձում հասնել նրան, որ ավելի ինտենսիվացվեն եւ համատեղվեն ջանքերը, որպեսզի մի կողմից այդ հարցում պայմանավորվածություններ արագ ձեռք բերվեն, մյուս կողմից՝ միջազգային կառույցները, հասկանալով հարցի կարեւորությունը, նաեւ արագացնեն դատական գործընթացները։ Ադրբեջանը փորձում է անհատական գործը միացնել միջպետականին, որպեսզի մենք անհատական գործերով լուծումներ հնարավորինս սեղմ ժամկետներում չունենանք. օրինակ՝ Ադամյանը եւ Հակոբյանն՝ ընդդեմ  Ադրբեջանի գործով, որը Հադրութի գնդակահարությանն է վերաբերում։ Այս պահին դատարանը մերժել է եւ միացում չի իրականացրել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել