«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան
 |aravot.am|
13:49 - 05 հուլիսի, 2023

«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան |aravot.am|

aravot.am: «Մենք քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»,- ձերբակալվածների պահման վայրից ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի ազատ արձակվելուց հետո տեղեկացրեց Դավիթ Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ Դավիթն արդեն մեղադրյալ է․ «Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Դավիթի նկատմամբ ընտրվեց նաև չբացակայելու մասին խափանման միջոց։ Եվ միաժամանակ նաև որոշում կայացվեց ձերբակալումից ազատելու մասին»։

Արայիկ Պապիկյանի համար սա սպասելի էր․ «Արտառոց բան չկար։ Դավիթի հնչեցրած արտահայտությունների մասին մենք երեք դատավարական փաստաթուղթ ենք ստացել՝ ձերբակալման մասին որոշում, քրեական հետապնդման մասին որոշում և խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այդ երեք փաստաթղթերի մեջ Դավիթին վերագրվող արտահայտություններն ու խոսքերը, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին, յուրաքանչյուր տեղ տարբեր կերպ է գրված։ Այնպիսի զգացողություն է, որ այդ միակ անձը՝ ոստիկանության օպերլիազորը, որը վկայել է Դավիթի դեմ, անընդհատ տարբեր բան է ասել, հավանաբար չեն կողմնորոշվում՝ ինչ ձևակերպում գրել, որը կարող է բնորոշ լինել հայհոյանքին, առնվազն երեքի մեջ էլ տարբեր բաների մասին է խոսքը։ Դավիթը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, երբ մոտեցել է Փաշինյանին և այդ բառերը ասել, դա գնահատում են՝ որպես հայհոյանք»։

Հարցին՝ ի՞նչ պետք է լինի հետագա ընթացքը, փաստաբանը պատասխանեց․ «Հավանաբար կարճ ժամանակ հետո նախնական քննությունը կավարտվի, քանի որ, ըստ էության, այստեղ քննելու ոչինչ չկա։ Կա ոստիկանի մեկ ցուցմունք, կան այլ փաստաթղթեր, որոնցից մենք տեղեկություն չունենք։ Գործը կուղարկվի դատարան, որը պիտի կայացնի վճիռ Դավիթի կողմից խուլիգանություն կատարելու կամ չկատարելու մասին։ Եթե դատարանը ևս կմտածի, որ դավաճան կամ վիժվածք բառերը հայհոյանքներ են և, օրինակ, դրանք, որոնք ասվել են Նիկոլ Փաշինյանին, ուղղված են եղել հանրությանը, այսինքն՝ եթե կգտնեն, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը հանրություն է եղել, ապա Դավիթին կարող են մեղադրել նաև Տիտանիկի խորտակման մեջ։ Եթե դատարանը նման կարծիք չի ունենա, Դավիթը պետք է արդարացվի օբյեկտիվորեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել