Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին
12:09 - 12 հուլիսի, 2023

Կողբ-ՎարդաՎԱՌ․ փառատոն՝ մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին

Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։

Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն:

ՎարդաՎԱՌյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ «Կանաչ» գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։

Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։

Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից․ արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։

Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ:

Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենաՎԱՌ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև DJ Dario և DJ Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։

Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ,  և, իհարկե, ջրոցի` DJ Dario-ի և DJ Guevo-ի թեժ բիթերի ներքո:

Միջոցառման կազմակերպիչ Կողբ հիմնադրամը նշում է՝ այս ամենը անվճար է։ 

Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։

Լուսանկարը՝ Ինֆոքոմի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել