Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը
16:09 - 19 հուլիսի, 2023

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, վերջիններս վարչապետին են ներկայացրել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները: Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի հիմնումը վարչապետը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից:

Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել