Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար
 |armenpress.am|
15:30 - 20 հուլիսի, 2023

Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ:

Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել՝ և ներքին, և արտաքին շուկայի համար»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում այդ մեքենաները ոչ թե արտադրվում են զրոյից, այլ հավաքվում են՝ նախարարն ասաց, որ ցանկացած արտադրություն սկսվում է հավաքումից, հետզհետե տեղի է ունենում լոկալացում:

«Մեզ համար սա շատ կարևոր է: Եվ մենք այս ջանքերը շարունակելու ենք՝ այդ թվում նաև էլեկտրական մեքենաների արտադրության մասով»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս այցելել է Չինաստանում ավտոմեքենաներ արտադրող խոշոր ընկերություն: «Եվ մեր թեման եղել է Հայաստանում արտադրություն հիմնելը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց՝ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավականին բարձր է, կազմում է 20 տարուց ավել: Կառավարությունը շահագրգռված է, որ երկրի ավտոպարկը թարմացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել