Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն
11:20 - 26 հուլիսի, 2023

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։

Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է փրկարար դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», - նշված է կազմակերպության թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել