Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Բաքուն փակում է ԿԽՄԿ-ի գրասենյակը. ինչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը գերիների հետ կապը պահպանելու համար |armenpress.am|

Բաքուն փակում է ԿԽՄԿ-ի գրասենյակը. ինչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը գերիների հետ կապը պահպանելու համար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը այն հիմնական կառույցն էր, որի միջոցով հնարավոր էր լինում կապ պահել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ և տեղեկություններ իմանալ նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ապահովվելու կապը հայ գերիների հետ և ի՞նչ եղանակով են տեղեկություններ ստացվելու նրանց վիճակի մասին։   «Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ, մեկնաբանություններ է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։   Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության փակման պարագայում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ կոմունիկացիայի այդ խողովակն ամբողջովին դադարելու է, այն մեծացնելու է հոգեբանական տառապանքները և ստեղծելու է մեծ անորոշություն։ «Սա նշանակում է, որ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը մնում է բացառապես ադրբեջանական իշխանությունների քմահաճույքների տիրույթում, ինչը կարող է հավելյալ քաղաքական լծակ դառնալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»,- նշել է Սահակյանը։  Սահակյանը նկատեց, որ այս պահին միակ կառույցը, որը հնարավորություն ունի անմիջականորեն տեսակցել ռազմագերիներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը, չունենալով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, բոլոր դեպքերում մարդասիրական առաքելություն է իրականացնում, իսկ տեսակցությունները դրական ազդեցություն են թողնում այնտեղ պահվող հայ գերիների վրա։  Ըստ նրա՝ տրամաբանական է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ժողովրդավարացման անկման տենդենցներին զուգահեռ հատուկ միջոցներ են ձեռնարկվում այդ վիճակն արձանագրող կառույցների գործունեությունը սահմանափակելու մասով, այսինքն, եթե կա վիճակի վատթարացում, պետք է կանխել այդ վիճակի վատթարացումն արձանագրող կառույցների ներկայությունը և նաև այդ վիճակի արձանագրումն ու փաստագրումը։   «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում ակնհայտ է դառնում ադրբեջանական կողմի թիրախավորված գործելակերպը, քանի որ գրասենյակի հիմնական գործունեությունը կապված է հակամարտության մարդասիրական հետևանքները մեղմելու հետ, և այստեղ հիմնական շահառուն հայերն են` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ Կարմիր խաչն, ըստ էության, ներպետական մարդու իրավունքների հարցերով ներգրավվածություն չունի»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը։   Խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր կարող է անել հայկական կողմը Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրավիճակը մեղմող միջոցառում կարող է լինել խոշտանգումների հարցերով զբաղվող այլ կառույցների ներգրավվածությունը մեծացնելը, օրինակ` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, որը գործում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում կամ խոշտանգման հարցերով ՄԱԿ-ի հատուկ մանդատագիրը։ Նրա խոսքով՝ վերջիններս որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն, և չափազանց կարևոր է նաև այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերելը դիվանագիտական, հյուպատոսական հասանելիություն ապահովելու նպատակով։   Սահակյանը շեշտեց՝ Վիեննայի կոնվենցիան նախատեսում է, որ այլ երկրներում պահվող օտարերկրյա քաղաքացիները դիվանագիտական հյուպատոսական այցելությունների իրավունք ունեն։ «Սա բացարձակ իրավունք է և կարևոր է արդար դատաքննության համար։ Պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ՝ այդ հյուպատոսական այցելությունը չեն կարող իրականացնել մեր հյուպատոսական աշխատակիցները, բայց հնարավորություն կա պատվիրակել իրավունքի իրականացումը 3-րդ չեզոք երկրների, և սա էր պատճառը, որ նաև հասարակական կազմակերպությունները համախմբվեցին ու հատուկ կոչ ներկայացրին նաև Շվեյցարիայի իշխանություններին` իրենց միջոցով ապահովելու հյուպատոսական տեսակցության իրավունքի ապահովումը»,-նշել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ սա որոշակի հակակշիռ կարող է լինել, բայց այն իրագործելու համար դիվանագիտական ջանքերը պետք է մեծանան, որպեսզի այս պայմանավորվածությունը ձեռք բերվի և  իրացվի։ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում հայկական կողմից դիվանագիտական ջանքերն ավելացնելու և դիվանագիտական այլ խողովակներ օգտագործելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հիշեցրել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունը, որում նախարարը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Ադրբեջանում կամայականորեն պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի շուրջ, մատնանշել էր վերջին օրերին այդ ուղղությամբ ԱԳ նախարարության իրականացրած ակտիվ աշխատանքները։  «Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց»,-իր խոսքում նշել էր ՀՀ ԱԳ նախարարը։ Միջազգային իրավական հարցերով  ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նշել են՝ թեև  Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների հետ կապը, ինչպես նաև նրանց մասին մշտական տեղեկություններն ապահովում է ԿԽՄԿ-ն, այդուհանդերձ, դա կապի միակ միջոցը չէ։   «Անազատության մեջ պահվող անձանց մասին որոշակի տեղեկություններ ստացվում են նաև Եվրոպական դատարանի միջոցով։ Քանի որ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն միջազգային իրավական գործընթացներ, քանի որ կա որոշակի պահանջ, և նախկինում դատարանի կողմից եղել են որոշումներ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դրանց շրջանակներում պատասխանող կողմը (խմբ․ Ադրբեջանը) պարտավորություն ունի որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել այդ անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,-նշել են գրասենյակից՝ ընդգծելով, որ, բնականաբար, սա չի կարող նույնականացվել ԿԽՄԿ-ի գործունեության և նրանց կողմից ստացվող պարբերական տեղեկությունների հետ։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մասին։ Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է փակել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
16:02 - 06 մարտի, 2025
Բողոքի ակցիա ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ գերիների
 |azatutyun.am|

Բողոքի ակցիա ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ գերիների |azatutyun.am|

azatutyun.am: Բողոքի ակցիա Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ՝ հաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանի իշխանություններից գործողություններ են պահանջում։ «Այսօր Կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, որ իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշում զգան», - ասաց Բեգլարյանը՝ նկատելով․ - «Քանի դեռ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները երևացող և չերևացող բոլոր գործիքակազմերով ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա ուղղակիորեն, թե միջազգային կառույցների, պետությունների վրա որպեսզի իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ճնշեն, մենք արդյունք չենք ստանալու», - ասաց Բեգլարյանը։ Ակցիայի մասնակիցները նամակ փոխացեցին կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունուն: Վերջինս լրագրողների հետ զրույցու ասաց, որ Ռուբեն Վարդանյանին այցելել են, երբ նա արդեն հացադուլի մեջ էր, բայց իրենց մանդատը թույլ չի տալիս հրապարակայնացնել՝ թե՛ այցի մանրամասները, թե՛ առհասարակ միջազգային կազմակերպության արձանագրած դիտարկումները: Ամատունին ընդգծեց, որ Կարմիր խաչը հետևողական է, պաբերաբար այցելում է բոլոր ռազմագերիներին, և իրենց մանդատի շրջանակում տեղեկություններ փոխանցում այդ երկրի իշխանություններին: Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին Բավքի բանտում հացադուլ հայտարարեց: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»: Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց․ - «Որպեսզի բոլոր գերիները ազատվեն ու գան Հայաստան, ամենօրյա, աշխատանք է տարվում»։
15:14 - 03 մարտի, 2025
Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին. 25-ից ավելի ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին. 25-ից ավելի ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Քսանհինգից ավելի հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ կոչ անելով անհապաղ միջամտել Ադրբեջանում հացադուլի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և քաղաքական դրդապատճառներով անօրինական կերպով դատվող մյուս հայ գերիների հետ կապված իրավիճակին: Ինչպես տեղեկացրին «Մենք ենք մեր սարերը»  զարգացման գործակալությունից, բաց նամակում նշված է. «Հարգելի նախագահ Սպոլյարիչ Էգեր, Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր: Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։ Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք  անում Ձեզ՝ Անհապաղ այցելություն իրականացնել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։ Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտման վրա, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն: Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի: Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների  պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։ Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները»։  
00:41 - 28 փետրվարի, 2025
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
 |civilnet.am|

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին |civilnet.am|

civilnet.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Ամատունին։ ՍիվիլՆեթը հետաքրքրվեց, թե արդյոք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում տեղյա՞կ են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին, հաշվի առնելով, որ նա արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, Ամատունին նշեց, որ նման հարցերը կոնֆիդենցիալ երկխոսության մաս են և քննարկվում են պահվող անձանց ներկայացուցիչների հետ։ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով երեկ նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում: Զառա Ամատունին նաև չհստակեցրեց, թե Բաքվում պահվող քանի անձի է ԿԽՄԿ-ն տեսակցել։ Նա նշեց, որ այցելել են բոլոր հայ պահվող անձնաց, որոնց անունները ԿԽՄԿ-ին հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ հետախուզական տվյալներ կան, որ Բաքվի հայ պատանդներից հոգեներգործության արգելված միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ են կորզում։ Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։ Փետրվարի 24-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ: 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
13:09 - 26 փետրվարի, 2025
2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում
 |civilnet.am|

2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում |civilnet.am|

civilnet.am: 2020-2023 թվականների հակամարտության սրացումների հետևանքով 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից, ընդգծելով, որ այս թիվն ընտանիքների կողմից ստացված դիմումների հիման վրա է կազմվել։ Կոմիտեից նշում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են կատարել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ «62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։ Կոմիտեից նաև հայտնում են, որ 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
13:45 - 24 փետրվարի, 2025
ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին, վերջիններիս փոխանցել հարազատների պատրաստած ծանրոցները |armenpress.am|

ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին, վերջիններիս փոխանցել հարազատների պատրաստած ծանրոցները |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել  կապ հաստատել իրենց հարազատների հետ։ ‹‹Բացի այդ, ինչպես ժամանակ առ ժամանակ է տեղի ունենում, այնպես էլ այս անգամ, Բաքվում անազատության մեջ պահվող անձանց հարազատներին հնարավորություն է ընձեռնվել անձնական պարագաներ պարունակող ծանրոցներ պատարաստել, որոնք ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ՝ ԿԽՄԿ-ի այցի ընթացքում փոխանցվել են անազատության մեջ գտնվող անձանց››,-նշեց Զառա Ամատունին: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։  
16:58 - 06 դեկտեմբերի, 2024
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Դաֆնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելությունների, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու և մարդասիրական բնույթի այլ հարցեր։ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել իր լիազորությունների շրջանակում հայաստանյան կողմի հետ սերտ համագործակցության շարունակականության ապահովման հարցում:
12:29 - 21 նոյեմբերի, 2024
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|

panorama.am: Այս տարվա հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Ադջբերջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։ Նախորդ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են հայ բանտարկյալներին սեպտեմբերին: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանում գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
14:12 - 04 նոյեմբերի, 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին
 |azatutyun.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուվիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրեց, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Նրանց գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։ Բաքուն այսօր հաղորդեց, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում հոդվածով։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
16:05 - 01 հոկտեմբերի, 2024
Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ

Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ

2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:   «61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։   275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։   Ավելին՝ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
19:25 - 17 սեպտեմբերի, 2024