Մինչեւ պատերազմի սկիզբը եղել եմ օդանավում, վայրէջքի պահին ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․ Տոնոյան
13:02 - 01 օգոստոսի, 2023

Մինչեւ պատերազմի սկիզբը եղել եմ օդանավում, վայրէջքի պահին ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։

Նիստի սկզբում Տոնոյանը ներկայացրեց, որ 2020թ․ սեպտեմբերին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը եւ իրականացրել նախարարի գործառույթները՝ օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում։ Նա խնդրեց ուշադրություն դարձնել, որ հոկտեմբերի 21-29-ին՝ ռազմական գործողությունների շրջանում, վարչապետի հանձնարարությամբ, գտնվել է Մեղրիում։

Տոնոյանը պատերազմից առաջ տեղյակ է եղել սպառնալի իրավիճակի մասին՝ իր խոսքով՝ պարբերաբար ստացվող պաշտոնական տեղեկատվության, իր փորձի, ամփոփման հիման վրա։ Նախկին նախարարը նշեց, որ ռազմական գործողությունների սկսման օրը որեւիցե մեկին հայտնի չի եղել։

Հարցին՝ որպես կառավարության անդամ՝ ինչ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար, Տոնոյանը պատասխանեց՝ ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում իրականացրել է պաշտպանական քաղաքականության իրականացումը․ «Պաշտպանական քաղաքականության իրականացումը փաստաթղթային կամ բովանդակային ձեւակերպվում է մի քանի փաստաթղթերով։ Այդ փաստաթղթերից են իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումները՝ 2018 եւ 2019 թվականներին»,- ասաց Տոնոյանը՝ հիշատակելով նաեւ, որ կա 2019թ․ կառավարության ծրագրի մասին, որն ունի միջոցառումների ցանկ։ Նախկին նախարարը հետաքրքրվեց՝ արդյոք այդ փաստաթուղթն ուսումնասիրե՞լ է հանձնաժողովը․

«Սա ՀՀ կառավարության 2019-2023թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2019թ․ մայիսի 16-ի որոշումն է։ Ընդ որում՝ այն ունի ՊՆ-ին վերաբերող մաս, որը սկսվում է 190-րդ կետից։ Առաջին իսկ կետով ՊՆ-ի առջեւ դրված էր «զսպման ուժերի եւ միջոցաների զարգացում, զորքերի մարտական կարողությունների զարգացում» խնդիրը, որը ներառում է «ավելացնել հրթիռային զորքերի եւ հրետանու կրակային եւ հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործառական ավիացիոն համալիրներով (դա ՍՈՒ-30-ների վերաբերյալ է), ԱԹՍ-ներով, բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը եւ կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»։ Սա բաց փաստաթուղթ է, սա այն ոլորտն է, որի գործունեության համար ես անմիջական պատասխանատվություն եմ ունեցել»,- ասաց Տոնոյանը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս փաստաթուղթն ուսումնասիրված է։

Տոնոյանը հիշեցրեց նաեւ Սպառազինության եւ զարգացման տեխնիկայի զարգացման ծրագրի, ԶՈՒ զարգացման ծրագրի, ԶՈՒ կիրառման պլանի եւ այլ փաստաթղթերի մասին՝ նշելով, որ դրանք եղել են իր՝ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, եւ վստահեցրեց՝ իր լիազորությունների շրջանակում դրանք իրականացրել է։

Դավիթ Տոնոյանը 2020թ․ սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել ՌԴ՝ զորավարժությունների։ Նա ասաց, որ սեպտեմբերի 25-ից 26-ի երեկոն եղել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Նա ասաց, որ եթե կարիք լինի, փակ նիստի ժամանակ կմանրամասնի։ Ամսի 26-ի երեկոյից մինչեւ պատերազմի սկիզբը, Տոնոյանի խոսքով, եղել է օդանավում․ «Շարունակում էի իմ գործողումը՝ դեպի կենտրոնասիական երկիր՝ վայրէջքով, որտեղից պիտի վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցությունների էին մասնակցելու, ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ երկրում՝ էլի գործուղման շրջանակում, որտեղ պիտի շարունակվեին բանակցությունները՝ նորից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ վայրէջքի պահին, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու, ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․․․»։

Անդրանիկ Քոչարյանը ճշտեց՝ Ղազախստանո՞վ էին վերադառնում, Տոնոյանը հաստատեց՝ շարունակելով, որ հետո խոսակցություն է ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ․ «Հաշվի առնելով «կովիդային թռիչքային իրավիճակները», երեք ժամվա ընթացքում անմիջապես տեղեկացվելուց հետո հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթելու, որպեսզի կարողանամ վերադառնալ Հայաստան»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ իր վերադարձը բավականին խոչընդոտներով է եղել, որովհետեւ ստիպված էր մի բան անել, որի մասին կարող է խոսել փակ նիստի ժամանակ։ Տոնոյանը վերադարձել է Հայաստան Վրաստանով։

Նախկին նախարարն ասաց, որ սեպտեմբերի 28-ին, առավոտյան՝ ժամը 4-ին, եղել է Երեւանում, որից որոշ ժամանակ անց վարչապետից թույլտվություն է ստացել եւ մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր։ Մինչ ՀՀ վերադառնալը՝ Տոնոյանը քողարկված կապով է խոսել վարչապետի հետ։ Նա ասաց, որ եթե հեռախոսներն իր մոտ լինեին, կարող էր հստակ ժամերն ասել, սակայն դրանք առգրավված են։

«Ես ձեզ կոնկրետ ժամերը կասեի, բայց դա եղել է անընդհատ։ Եւ ԳՇ պետի հետ, եւ վարչապետի հետ խոսակցությունները եղել են անդընդատ, երբ կապի հնարավորություն է եղել։ Վերադառնալուց անմիջապես հետո, երբ ԳՇ սկսել էր իր աշխատանքը համպատասխան հրամանտարական կետում, անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարություններ, լսել եմ զեկույցներ, որից հետո անցել եմ իմ պարտականությունների կատարմանը՝ ըստ ՀՀ վարչապետի հանձնարարության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել