Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել․ Տոնոյանը՝ մինչեւ պատերազմը բանակի պատրաստականության աստիճանի մասին
13:52 - 01 օգոստոսի, 2023

Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել․ Տոնոյանը՝ մինչեւ պատերազմը բանակի պատրաստականության աստիճանի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։

Ինչքանո՞վ էր մեր բանակը պատրաստ հնարավոր պատերազմին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Նկարագրեք՝ պաշտոնի նշանակվելուց ի՞նչ վիճակում եք ընդունել ՀՀ ՊՆ-ն եւ Զինված ուժերը»։

Տոնոյանը նախ ասաց, որ ՊՆ-ում բավականին երկար պաշտոնավարել է որպես տեղակալ, եւ իր բացակայությունը նախարարությունից ընդամենը մեկուկես տարի է եղել՝ պայմանավորված այլ պաշտոնավարմամբ։ Նրա խոսքով՝ իրեն վերաբերելի մասով ԶՈՒ վիճակը գնահատվել է բավարար՝ ՀՀ դեմ ուղղված [սպառնալիքին դիմակայելու] եւ ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության ապահովման առումով․ «Այդ ապահովման խնդիրը դրված էր ԶՈՒ վրա։ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը՝ որում մեր ԶՈՒ-ն գտնվում էր։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշարկված, փաստարկված տեղեկություն է՝ երկու-երեք անգամ [գերազանցող ուժին]։ Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցված ունենալու առումով ԶՈՒ պատրաստությունը բավարար էր»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուժերի հարաբերակցությունը մեկը երկուսի կամ մեկը երեքի էր․ «Վերջերս էլ, օրինակ, բաց աղբյուրներում արդեն կա նույն «Սմերչ» կայանքների հարաբերակցությունը ենթադրական, որոնք վեցն ընդդեմ քառասունի է, մեկը երկուսի կամ երեքի չէ։ Տեխնիկական հագեցվածության առումով, առնվազն, արդյոք ըստ Ձեզ այդպես է եղել հարաբերակցությունը՝ նույնիսկ մինչեւ Թուրքիայի ակտիվորեն ներգրավումը»։

Տոնոյանն ասաց, որ իր ասածը վերաբերում է պատրաստականության աստիճանին, ոչ թե իրական վիճակին․ «Նորից ես անդրադառնամ ՍՈՒ-30-ներին, որոնք բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են․ կործանիչների կամ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը մեր կողմից եղել է զրո, այսինքն՝ մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել եւ հիմնվում ենք միայն նախկին ԽՍՀՄ սահմանից բխող սպառնալիքների, ՌԴ հետ համագործակցության եւ ՌԴ ռազմօդուժի կործանիչների հագեցվածության, կիրառմաբ վրա»,- ասաց Տոնոյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատեց՝ փաստորեն Տոնոյանը, այն վիճակում, որում ստանձնել է բանակի ղեկավարումը, գոհ է եղել բանակի հագեցվածությունից, ղեկավար կազմից․ «Օրինակ՝ անգամ Ձեր կառավարման տարիներին եւ պատերազմի ժամանակ մեր բանակի վիճակը տարբեր առումներով իմ գնահատմամբ, եւ նաեւ փաստերն են դա ասում, եղել է ոչ լավ վիճակում։ Օրինակ՝ մոբ ռեսուրսի կառավարման ձեւը, մոբ ռեսուրսի տեղեկատվության շտեմարանները, որ մենք մոբ ռեսուրսը չէինք կարողանում նորմալ հավաքագրել, չունեինք էլեկտրոնային շտեմարաններ, որ տեղեկություն կտար մոբ ռեսուրսի մասին, ինչը խնդիրներ էր առաջացրել ու մինչեւ պատերազմի վերջը մենք չկարողացանք լուծել։ Սա կառավարչական ձեւի մասին եւ մեր ունեցած տեղեկատվության մասին։ Հաշվապահության մասին, որ մենք բանակում չենք ունեցել թե քանի սաղավարտ եւ անձնական պաշտպանության միջոցներ ենք ունեցել, եւ ունեցել ենք լուրջ խնդիր՝ բազմաթիվ զոհեր ենք ունեցել թեթեւ վնասվածքներից, ինչը հնարավոր կլիներ կանխել, եթե զինծառայողներն ունենային անձնական պաշտպանության միջոցներ, էլ չեմ ասում հրթիռների մասին, նաեւ վարչապետն է ասել, որ մեր հրթիռները քանակային առումով եղել են վատ վիճակում»,- ասաց Սարգսյանը՝ հարցնելով՝ ինչպե՞ս է Տոնոյանն այս իրավիճակը գնահատել բավարար։

Տոնոյանը նորից կրկնեց, որ ինքը չասաց՝ սա բավարար է եղել․ «Իմ՝ որպես նախարար զինված ուժերի զարգացմանը միտված մոտեցումները ես ձեւակերպել եմ երկու տեսլականներով։ Զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, մենք 1994-ին կամ 92-ին, երբ ստեղծվեցին Զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020-ին, եւ եթե ունենայինք 2020-ի պատրաստության եւ հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ Զինված ուժերը Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պայմաններում հայտնվեին Կասպից ծովի ափերին։ Խոսքը տարբերության մասին է, թե ինչպիսին են եղել 2020-ին [Զինված ուժերը]։ Նորից եմ կրկնում, 2018-ի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է, որ մենք կարող ենք դիմակայել (հաշվի առնելով նաեւ երկրի տնտեսական եւ ժողովրդագրական վիճակը) Ադրբեջանի ագրեսիան ՀՀ սահմաններին եւ ապահովեին Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ իրենց ինքնորոշման իրավունքը։ Կարող էինք անել»,- ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է զորահավաքային ռեսուրսների վերաբերյալ հարցին՝ Տոնոյանն ասաց, 1946-ից 60-ականների սկզբին տոտալ պատերազմ վարելու ձեւավորված մոտեցում կար, ամբողջ ներուժն օգտագործելու, օպերատիվ եւ ռազմավարական մեծ խորություններով պետություն ունենալու հնարավորություններով, մեծ ժողովրդագրություն ունենալու հնարավորություններով մոբիլիզացիոն հայեցակարգ էր գործում, որը, նախկին նախարարի խոսքով, ավտոմատ կերպով ներդրվել էր ՀՀ ԶՈՒ-ն համալրելու եւ լրահամալրելու հարցում։ Սա, Տոնոյանի գնահատմամբ, իրատեսական չէր, եւ, նրա խոսքով, ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէ անելու․ «Այդ իսկ պատճառով նախապատրաստական կամ նախորդող փուլում մենք վերանայում էինք եւ ակտիվ պահեստազորի գաղափարն էինք ներդնում։ Մոբիլիզացիոն եւ ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական եւ անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձեւավորում են պրոֆեսիոնալ բանակ, արհեստավարժ բանակի համալրման սկզբունքն են ընտրել, եւ համալրվում են ռեզերվիստների միջոցով։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թիվ էր։ ՀՀ ժողովրդագրական եւ տնտեսական հնարավորություններն իրականում թույլ չէին տալիս առկա զորահավաքի շրջանակում իրապես ներդաշնակված, մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Դա կարող էր լինել սահմանափակ քանակությամբ, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորացրված զինծառայողների, այլ հատուկ ծառայությունների միջոցով, բայց հետեւակի առումով ներգրավումն, առանց ներդաշնակելու, ես կարծում եմ՝ հինգերորդ, անգամ չորրորդ սերնդի պատերազմի պայմաններում թերի էր այդ համակարգը»։

Հագեցվածության մասին Տոնոյանն ասաց, որ, մենք երբեւէ չենք ունեցել ոչ ՍՌՏ-ի [սպառազինություն եւ ռազմական տեխնիկա], ոչ հանձերձավորման ամբողջական պաշար։ Նա նշեց, որ միջոցառումների ծրագրում երկու անգամ՝ 2018, 2019 թվականներին ներկայացրել են դրանց համալրման անհրաժեշտությունը։

Տոնոյանն ասաց, որ փակ նիստում կանդրադառնա այն հարցին, թե արդյոք ըստ դիրեկտիվների ինքն իրավասու եւ պարտավոր եղել է ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն բերել մարտական պատրաստականության բարձր կամ լրիվ աստիճանների։

Քոչարյանը հարցրեց՝ ինչո՞ւ պատերազմը սկսվելու նախօրեին ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն չեն բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տոնոյանը նշեց միայն այն, որ պատերազմի նախօրեին կարգադրական կարգով ԳՇ-ն որոշ գործողություններ իրականացրել է։ Այդ գործողությունները բավարար եղե՞լ են՝ ճշտեց Քոչարյանը, ինչին Տոնոյանը պատասխանեց․ «Այն գնահատականի համար, որը մենք ունեցել ենք՝ սպառնալիք գնահատականի, այլ տարբերակ առկա չի եղել։ Որոշ գործողություններ իրականացվել են «Շանթ» զորավարժության շրջանակներում՝ զորահավքային ռեսուրսների հաշվարկման, վերահաշվարկման, ակտիվացման առումով»,- նշեց Դավիթ Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել