Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման համար ԱՍՀ նախարարությունն ու «Մանթաշյանց» միությունը հուշագիր ստորագրեցին
14:27 - 04 օգոստոսի, 2023

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման համար ԱՍՀ նախարարությունն ու «Մանթաշյանց» միությունը հուշագիր ստորագրեցին

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև համագործակցության հուշագիր  ստորագրվեց։    

«Սա մեր հերթական համագործակցությունն է մասնավոր ոլորտի հետ: «Մանթաշյանց» գործարարների միությունը բավականին ակտիվ է ոլորտում, և ուրախ ենք, որ համագործակցության շրջանակ ենք ստեղծում հենց նրանց հետ: Այն համագործակցությունները, որոնք ունենք մասնավոր ընկերությունների հետ, ըստ էության, միտված են աշխատաշուկայում առկա խնդիրների լուծմանն ու մեղմմանը: Համագործակցության շրջանակում կկարողանանք ապահովել կապը գործազուրկի և գործատուի միջև, ինչպես նաև նպաստել նրանց բարձր արտադրողականությանը, նոր հմտություններ ձեռք բերելու կարողությանը»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: 

Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու նրանց աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարարն ընդգծեց միության հետ նախատեսվող աշխատանքների նշանակությունը։ 

«Հույս ունենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի կամ միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ այդ գործընթացներում ապահովելով միության գործատուների ակտիվ մասնակցությունը»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ապահովելու է միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրելու զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։  

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ չնայած երկրում առկա բազմաթիվ թափուր հաստիքներին՝ կան մարդիկ, ովքեր չունեն աշխատանք:

«Հուսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք արդյունավետ հարթակ լինել երկու կողմերի միջև։ Վստահ ենք նաև, որ աշխատանք փնտրող անձինք նախարարության միջոցով կգտնեն այն, իսկ մենք կգտնենք այն մարդկանց, ովքեր փնտրում են աշխատակիցներ։ Սա արդյունավետ կլինի և՛ բիզնեսի, և՛ տնտեսության, և՛ աշխատակիցների համար»,- նշեց Վահրամ Միրաքյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել